Թող իրենց ճոխ խնջույքների և թաղումների ժամանակ հանգանակություն կազմակերպեն և փոխանցեն բանակին. քաղնախաձեռնության անդամներ (Տեսանյութ)


Թող իրենց ճոխ խնջույքների և թաղումների ժամանակ հանգանակություն կազմակերպեն և փոխանցեն բանակին. քաղնախաձեռնության անդամներ (Տեսանյութ)

  • 15-11-2016 14:40:47   | Հայաստան  |  Հասարակություն



«Զոհված հերոսների հոգիները չեն թողնում հանգիստ հանգչեն, նրանց ընտանիքները խորապես վիրավորված են պետական այրերի վերաբերմունքից, ժողովուրդը սովամահ է լինում ու նման պայմաններում «1000» դրամների մասին նախագիծ են մշակում` հաշվի չառնելով հանրության կարծիքը»,- փաստում է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը` անդրադառնալով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ապահովագրման նպատակով աշխատող անձանցից 1000-ական դրամ գանձելու նախաձեռնությանը։ 
 
Ըստ նրա` զոհված զինծառայողների ընտանիքների և զինհաշմանդամների նկատմամբ պետական մակարդակով համատարած անտարբերությանն ականատես լինելու համար, բավարար է մեկ անգամ լինել այդ մարդկանց բնակարաններում և տեսնել, թե ինչ պայմաններում են ապրում: 
Մ. Ստեփանյանի խոսքերով` բանակաշինությանը նպաստելու համար պատկան մարմինները պետք է այլ տարբերակ մշակեն:
«Հենց այսօր ապրիլյան քառօրյայում զոհված Նորիկ Գասպարյանի մոր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, կինը դիմել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն վիրահատության համար, իսկ ընդունող բաժնի պատասխանատուն կնոջը պատասխանել է. «Պետպատվերի շրջանակներում այնքան են գալիս, մեր աշխատավարձն էլ ժամանակին չեն տալիս», իսկ երբ Ն. Գասպարյանի մայրը նշել է, որ ինքը զոհված զինծառայողի մայր է, նույն կինն ասել է, որ դա իրեն չի հետաքրքրում»,- տեղեկացնում է Մ. Ստեփանյանը` կոչ անելով իշխանության ներկայացուցիչներին իրենց տաք տեղերից ամպագորգոռ չխոսել: 
Վերջինս պատկան կառույցների ներկայացուցիչներին փոխանցում է, որ պետք չէ հույսը դնել սփյուռքահայերի վրա, քանի որ վերջիններս ևս հրաժարվում են Հայաստան գումարներ ուղարկել. «Օրեր առաջ շատ մեծ բարերարի հետ էի զրուցում, և նա ասաց, որ այլևս սփյուռքահայերը չեն աջակցելու, քանի որ տեսնում են, թե ինչպես են երկրի ներսում հարուստներն էլ ավելի հարստանում, իսկ աղքատները` աղքատանում»: 
Մ. Ստեփանյանն առաջարկում է պատկան մարմիններին իրենց ճոխ խնջույքների և թաղումների ժամանակ հանագանակություն կազմակերպել և գումարները տրամադրել բանակին: Նա վստահ է, որ այդ կերպ բանակին աջակցությունն ավելի մեծ կլինի, քանի աղքատ ժողովրդից 1000 դրամներ կորզել: 
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսին է զոհված զինծառայողների ընտանիքների և զինհաշմանդամների դիրքորոշումը ՊՆ վերոնշյալ նախագծին, Մ. Ստեփանյանը նշեց. «Նրանք բոլորը դեմ են, քանի որ պետական կառույցների հայտարարությունները, թե ամեն կերպ աջակցելու են ապրիլյան քառօրյայում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին, բացարձակ սուտ է»: 
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զոհվածների ընտանիքներին» նախաձեռնության անդամ, լրագրող Հայկուհի Մինասյանն էլ ընդգծում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մի արատավոր երևույթ է ի հայտ եկել հասարակության մեջ, երբ տարբերակում է դրվում ապրիլյան քառօրյայում զոհված կամ հաշմանադամություն ձեռք բերած զինվորների և խաղաղ պայմաններում թշնամու գնդակից զոհվածների կամ զինհաշմանդամների միջև: 
«Այսօր այս արատավոր քաղաքականությունը մենք որդեգրում ենք պետական մարադակով. ես հասկանում եմ, որ պետությունը չի կարող այդքան գումարներ տրամադրել բոլոր զինհաշմանդամներին, սակայն կարելի է ամեն տարի 10 կամ 20 տոկոսով բարձրացնել զինհաշմանդամների թոշակները»,- նշեց Հայկուհի Մինասյանը:
  
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն