Նախարարի խիստ հանձնարարականը. բնակչությանը պատճառվող անհարմարությունները հասցնել նվազագույնի (Տեսանյութ)


Նախարարի խիստ հանձնարարականը. բնակչությանը պատճառվող անհարմարությունները հասցնել նվազագույնի (Տեսանյութ)

  • 17-11-2016 18:41:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքները, որոնք մեկնարկել են  այս տարվա սեպտեմբերին, շարունակվում են:
Հիմնանորոգման ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով Լոռու մարզ այցելեց  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
 
Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի շրջանակներում: Ծրագիրը բաժանված է 2 մասի և ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերի կողմից։
Ծրագրի առաջին մասի շինարարական աշխատանքներն ընդգրկում են միջպետական ավտոճանապարհի 38 կմ հատվածը: Նախարար Մարտիրոսյանը նշեց, որ Ասիական զարգացման բանկը հաստատել է նաև ծրագրի շարունակության համար անհրաժեշտ ֆինանսավորման տրամադրումը։ Առաջիկայում հայտարարվելու է շինարարական աշխատանքների կատարման մրցույթի մասին:
Ռելիեֆային առանձնահատկություններով պայմանավորված՝ ճանապարհի տարբեր հատվածներում  լայնությունը կկազմի 6-13 մ:  Նախարարը հրահանգեց քանդման աշխատանքների ընթացքում խիստ հսկողություն իրականացնել հատկապես անվտանգության խնդրի վրա:
Հիմնանորոգման ընթացքում իրականացվում են  հողային պաստառի վերականգնման, անվտանգության էլեմենտների տեղադրման, ճանապարհային պատվածքի վերակառուցման և նորոգման աշխատանքներ։
Նախատեսվում է հիմնանորոգել նաև միջպետական ճանապարհին գտնվող 3 թունելները, որոնցից երկուսը կվերանորոգվեն, իսկ երրորդն  ամբողջությամբ կվերակառուցվի՝ ապահովելով թունելի լայնության ու բարձրության համապատասխանությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին:
Ճանապարհի 12 կամուրջներից 3-ը հիմնովին քանդվելու են և նորից կառուցվեն, մյուս 9-ը՝ կվերանորոգվեն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի խոսքով` ճանապարհաշինական աշխատանքների այս փուլը կավարտվի 18 ամսվա ընթացքում, ինչպես  նախատեսված է ծրագրով:
«Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, որակի ու ժամկետների հետ կապված թերացումներ չենք ունենա», - վստահեցրեց Էմիլ Սարգսյանը:
Նախարար Վահան Մարտիրոսյանի  խիստ հանձնարարականն է նվազագույն անհարմարություն պատճառել շրջակայքի բնակչությանը, ենթակառուցվածքների տեղափոխման ընթացքում բնակիչներին ժամանակին իրազեկել կոմունալ ծառայությունների հնարավոր ընդհատումների մասին:
«Բոլոր միջոցառումները պետք է ձեռնարկվեն, որպեսզի բնակիչները ժամանակին տեղեկանան, թե ո՞ր ճանապարհահատվածն է փակ, ե՞րբ է ընդհատվելու ջրամատակարարումը, կամ կենցաղային ի՞նչ այլ անհարմարություններ են սպասվում»,- նշեց նախարարը:
33 համայնքներ և 167.000 շահառու բնակչություն ընդգրկող 90 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման և վերակառուցման հիմնական շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել սահմանված ժամկետներում:
 
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական 
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն