Երևանում մեկնարկեց «Պատասխանատու գործարարություն» ծրագիրը (տեսանյութ)


Երևանում մեկնարկեց «Պատասխանատու գործարարություն» ծրագիրը (տեսանյութ)

  • 28-11-2016 21:34:12   | Հայաստան  |  Հասարակություն



Երևանում օրերս կայացավ «Պատասխանատու Գործարարություն» ծրագրի բացումը, որին ներկա էր նաև ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախաձեռնությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և «ԿՍՊ Հայաստան» կազմակերպություններին էր, իսկ ծրագրի նպատակն է ստեղծել 
միասնական ընկերությունների խումբ, որը կիրականացնի համատեղ ծրագրեր՝ յուրաքանչյուր ընկերության հետապնդած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղվածությամբ: 
 
Ամերիկայի առևտրի պալատի նորընտիր նախագահ Արա Հովսեփյանը փաստում է. «Հայաստանում մասնավոր սեկտրորի ներգրավվածությունը կորպորատիվ սոցիալական փաթեթում բավականին քիչ է»:  
Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարը` Բնապահպանության նախարարն ընդգծեց, որ այս ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանում ձևավորել մի մշակույթ, երբ մի կողմից բիզնեսը, մյուս կողմից պետությունը և հանրությունը կարող են ունենալ համագործակցության և արդյունքներ ստանալու մի հրաշալի հարթակ: 
Ա. Մինասյանի խոսքերով` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տարածմանն ու ամրապնդմանն ուղղված այս նախաձեռնության թիրախում են այն բոլոր սուբյեկտները, որոնք իրենց պատասխանատու են զգում թե բիզնես գործընթացի կազմակերպման, թե այդ բիզնեսի արդյունքները ստանալու և դրանք վերաբախշելու հարցում: 
«Եթե կարողանանք այս գաղափարը քարոզել, տարածել, ապա այն կընդլայնվի: Հանրային պատասխանատվության ներքո բիզնեսն արդյունավետ զարգացում կունենա` մասնակցելով նաև բնապահպանական ծրագրերի իրականացմանը»,- ասում է նախարարը`  իր ղեկավարած գերատեսչության անունից պատրաստակամություն հայտնելով մասնակից դառնալ նման կարևոր նախաձեռնության զարգացմանը: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը՝  «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Հասարակություն