Հայ գեղանկարիչների հավաքական ցուցահանդեսը Լիբանանի հեղինակավոր կենտրոնական ցուցասրահում


Հայ գեղանկարիչների հավաքական ցուցահանդեսը Լիբանանի հեղինակավոր կենտրոնական ցուցասրահում

  • 29-11-2016 16:00:43   | Հայաստան  |  Մշակույթ

Այս օրերին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ընթանում է ՀՀ անկախության 25-ամյակին և «Նոյյան Տապան» պատկերասրահի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Քսան տարիներ և անդին» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Բացման հանդիսությանը ելույթ ունեցավ «Նոյյան Տապան» պատկերասրահի տնօրեն Մովսես Հերգելյանը, ով ներկայացրեց իրենց 20-ամյա գործունեությունը և այդ տարիների ընթացքում Լիբանանում ՀՀ դեսպանության հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:
 
Ներկաներին իր շնորհավորական ուղերձը հղեց նաև Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, ով կարևորեց արտերկրում հայրենի մշակույթի ներկայացմանն ու տարածմանն ուղղված պատկերասրահի խրախուսելի առաքելությունը:
«Նոյյան Տապանի» քսանամյա գործունեությունը ներկայացնում ենք տնօրեն Մովսես Հերգելյանի հետ հարցազրույցում:
Պարոն Հերգելյան 20 տարի շարունակ հայ գեղանկարիչների գործերը Ձեր նախաձեռնությամբ ներկայացվում են աշխարհի հեղինակավոր փառատոներում, ցուցահանդեսներում, փորձենք ամփոփել անցնող երկու տասնամյակի գործունեությունը:
- «Նոյյան Տապան» պատկերասրահը հիմնադրվել է չորս ընկերների կողմից, ինձ հետ եղել են արվեստաբան Հենրիկ Իգիթյանը և երկու մեկենաս ընկերներ՝ Մհեր Սահակյանը, Ռուբեն Ավագյանը: Նախաձեռնությունը գալիս էր Հենրիկ Իգիթյանից և հիմնական դրդապատճառը այն էր, որ այդ տարիներին Հայաստանում կերպարվեստը ծաղկում էր ապրում և դրանց որակի ու քանակի համապատասխան շուկա գոյություն չուներ: Ցուցասրահի պաշտոնական բացումից հետո մենք որոշել էինք ցուցասրահ ունենալ ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում, սակայն որոշ պատճառներով դրանք փակվեցին և այդ ցուցասրահի գործունեությունը համաձայնաբար շարունակեցի ես: Մինչ օրս ցուցասրահը մասնակցել է 35 միջազգային փառատոների, իսկ 36-րդը պետք է լինի առաջիկա հունվարին Սինգապուրում: Մինչ օրս կազմակերպել ենք 100-ից ավելի ցուցահանդեսներ, որոնց շարքում նաև հինգ բարեգործական բնույթի:
Նոր անունների, նոր հեղինակների բացահայտումն ու հանրահռչակումը Նոյյան Տապան պատկերասրահի գործունեության կարևոր բաղադրիչն է հանդիսանում: Ովքեր են այսօր ժամանակակից հայ գեղանկարչությունը Ձեր միջոցով ներկայացնում աշխարհին:
- Ունենք հիմնականում չորս գեղանկարիչ, որոնց ներկայացնելու բացառիկ իրավունքը մեզ է պատկանում: Դրանք են Վահրամ Դավթյան, Սուրեն Ոսկանյան, Դավիթ Դավթյան և Էդիկ Բերթյան: Ունենք նաև մի շարք գեղանկարիչներ, որոնց ցուցադրելու իրավունքը մեզանից բացի վերապահված է նաև մեկ այլ ընկերության, որոնցից են Յուրոզը, Ռուբեն Աբովյանը, Վահան Ռումելյանը, Պերճ Չաքեջյանը, Մկրտիչ Մազմանյանը և ուրիշներ: Ունենք մի շատ կարևոր լիբանանահայ արվեստագետ՝ Ժան Դարբինյանը, ով մազապուրծ էր եղել եղեռնից և որի ստեղծագործությունները դեռևս հավաքում ենք, ապագայում անպայման կներկայացնենք առանձին ցուցահանդեսով և կհրատարակենք պատկերագիրքը: Նա եղել է Միշլեի աշակերտը, Հարություն Կալենցի հետ միասին: Կան նաև այլ հայտնի արվեստագետներ, որոնց հետ շարունակում ենք համագործակցել, որոնց թվում են Գառզուն, Ասատուրը, Զավեն Խտշյանը, Տիգրան Տատրյանը և այլոք: Մենք պարբերաբար ցուցադրում ենք լիբանանցի և միջազգային այլ հայտնի գեղանկարիչների աշխատանքներ: Մեր գործունեության արդյունք է նաև այն, որ ես անձնապես որպես արվեստաբան այս քսան տարվա ընթացքում աշխատակցել եմ մի շարք արվեստի հեղինակավոր պարբերականների, որոնցում ներկայացրել եմ հայ գեղանկարիչներին: Հանդես եմ եկել նաև դասախոսություններով, որնցում ներկայացրել եմ հայ ժամանակակից գեղանկարչությունը:
Արդեն քսան տարի է հայկական գեղանկարչությունը ցուցադրում եք աշխարհի տասնյակ երկրներում, սակայն հայրենիքում դեռևս առիթ չեք ունեցեք հավաքական ցուցահանդես ունենալու: Ինչու:
- Հիմնական պատճառը այն է, որ մենք այդ գեղանկարիչների գործերը ի սկզբանե խնդիր էինք դրել աշխարհում ներկայացնելու, սակայն արդեն հասունացել է պահը Հայաստանում նույնպես հավաքական ցուցահանդես ունենալու՝ ցուցասրահի 20-ամյա հոբելյանի առթիվ: Այս ամբողջ տարիների ընթացքում մենք մեծածավալ հրատարակչական աշխատանք ենք իրականացրել, սակայն այս ամենի շնորհանդեսը անելու առիթ դեռևս չենք ունեցել: Իբրև հաշվետվություն մեր 20-ամյա գործունեության՝ ուզում ենք մեր արվեստասեր հասարակությանը ներկայացնել դրանք: Մենք այն համոզմանն ենք, որ հայկական ցուցասրահները պետք է միասնաբար աշխատեն՝ ի նպաստ հայ գեղնկարիչների հանրահչակման: Այս ուղղությամբ մեզ հետ միասին մեծ աշխատանք է իրականացնում նաև Երևանի «Բարձր արվեստ» ցուցասրահը: Հայաստանի մեջ ցուցադրվելն անչափ կարևորում ենք, որպեսզի մեր ժողովուրդը իմանա նաև, որ եթե ճիշտ և տեղին աշխատանք տարվի մեր լավագույն գեղանկարիչներին կարող ենք դարձնել միջազգային հարթակներում պահանջված արվեստագետներ:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ