«Եթե պետք է ապրես անգամ մեկ օր, ապա՝ մինչև վերջին կաթիլը, ինչպես թիթեռը»


«Եթե պետք է ապրես անգամ մեկ օր, ապա՝ մինչև վերջին կաթիլը, ինչպես թիթեռը»

  • 14-12-2016 15:45:06   | Հայաստան  |  Գրական էջ

Օրերս Երևանում լույս է տեսել «Թիթեռը» վիպակը: Սա երիտասարդ Միքայել Նահապետյանի անդրանիկ գիրքն է, որում  20-ամյա հեղինակը մտորում է սիրո, մենակության եւ շատ ու շատ  այլ ցավոտ հարցերի մասին:  ««Թիթեռը» ընթերցելու համար պետք է լինես ոչ այնքան փոքր, որ չտեսնես շուրջդ կատարվող իրադարձությունները, և  ոչ այնքան մեծ ու կյանք տեսած, որ չհավատաս հրաշքներին»,- ասում է հեղինակը, ով սիրով համաձայնեց պատասխանել «Նոյյան Տապան»-ի հարցերին: 

- Ինչո՞ւ «Թիթեռը», ինչպե՞ս առաջացավ այս վիպակը գրելու գաղափարն ու ի՞նչը ոգեշնչեց քեզ: 

- Թիթեռը թեկուզ մեկ օր՝ որպես մեկ ամբողջ կյանք, ապրելու խորհրդանիշն է: Այսինքն, եթե նույնիսկ պետք է ապրես մեկ օր, ապա դա պետք է անել առանց հանձնվելու և մինչև վերջ՝ վերապրելով այն ամենը, ինչը կա՝ լավը լինի դա, թե՝ վատը: 

Պարզ ասեմ. «մուսա» ասվածը չեմ ընդունում: Մարդուն մտածելու կամ ստեղծագործելու համար ինչ-որ բանից ոգեշնչվել անհրաժեշտ չէ: Սա պարզապես իմ մտորումներն են,  այդ իսկ պատճառով առանձնահատուկ ինչ-որ հոգեվիճակի կարիք չեմ ունեցել: Գրականությունն ինձ համար մտքի փոխակերպում է եղել: Մինչ այդ ես բազմաթիվ տարբերակներ եմ գտել իմ ասելիքը մարդկանց հասցնելու համար՝ սկսած ուղղակի զրույցներից մինչև այս գիրքը գրելով:
 
- Ինչի՞ մասին է քո վիպակը: 
 
- Գիրքը ժամանակակից Հայաստանի հասարակության տարաբնույթ խնդիրների մասին է: Չնայած անդրադարձ է կատարվել նաև երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակին, այնուամենայնիվ այն քաղաքական վերլուծություն չի դարձել: 
Վիպակում իրադարձությունները ծավալվում են բոլորիս քաջածանոթ երեք ուղղություններով՝ սեր, պետություն և միայնություն: Սա իմ կյանքի վավերագրումը չէ, չնայած հեղինակը գլխավոր հերոսի միջոցով գրեթե միշտ ուղեկցում է ընթերցողին: Կիզակետում հերոսի՝ իր սիրած կնոջ հետ ապրած կարճ պատմությունն է. պարզագույն վեճերից մինչև անմնացորդ նվիրում: Պատմվում է նաև հերոսի զոհված ընկերոջ՝ պայմանագրային զինծառայող Արմենի ընտանիքի և նրա աղջնակի մասին, ովքեր նրա մահից հետո հայտնվել են ծանր կացության մեջ, բայց չեն կորցրել իրենց հպարտությունը: Մատնանշվում է նաև գլխավոր հերոսի մենության ընկեր թիթեռը, որը կարծես ուղեկցում է նրան բոլոր իրադարձությունների ժամանակ:
 
- Արդյո՞ք վիպակի հերոսների կերպարները և իրադարձությունները վերցված են իրական կյանքից: 
 
- Պատմությունները և իրական են, և ոչ: Վիպակում անդրադարձել եմ այն թեմաներին, որոնք ամեն օր մեր մեր շուրջը կատարվում են, սակայն դրանց հետ մենք չենք առնչվում ու սեփական մաշկի վրա չենք զգում դրա ազդեցությունը: Իսկ այն, ինչ կարող է պատահել մեզ հետ, չի բացառվում, որ կատարվի նաև մեկ այլ մարդու հետ:
 
- Կարելի՞  է ասել, որ «Թիթեռը» ինչ-որ բան է սովորեցնում ընթերցողին: 
 
- Առանձնապես գրքի միջոցով որևէ բան սովորեցնելու նպատակ չեմ ունեցել:  Ինքս դեռ կյանքում կարիք ունեմ սովորելու, և այդ պատճառով վիպակը գրելիս՝ շեշտը չեմ դրել որևէ բան ուսուցանելու վրա, քանի որ կարդացողն ինձնից շատ ավելի բանիմաց կարող է լինել: Իսկ գրքի նպատակը զգացողության ու մտածողության կիսումն է մարդկանց հետ, որի մասին բարձրաձայն չես կարողանում խոսել կամ քննարկել: Գիրքը միջոց է, որով ես կհաղորդվեմ մարդկանց հետ, իսկ թե նրանք ինչ կքաղեն այդ զրույցից, արդեն խիստ անհատական է: Մարդիկ կլինեն, ովքեր կնայեն գրքին այն ուղղությունից, որից հենց ինքս եմ նայել: Կհասկանան նաև ավելին, քան ես նկարագրել կամ նկատի եմ ունեցել: 
 
- Վիպակիդ հերոսներից  ո՞վ է քեզ նման եւ ո՞ւմ ավելի շատ սիրեցիր:
 
- Բոլոր կերպարների մեջ ինչ-որ չափով ես ինձ ներդրել եմ: Միշտ երկմտանքի մեջ ես լինում, երբ նույն հարցի շուրջ երկու տեսակետ ես ունենում: Գրքում հենց այդ երկխոսությունների միջոցով փորձել եմ հարթել իմ մեջ բորբոքված կռիվը: Իսկ ամենասիրելի կերպարը երեխայինն է, որն իմ գրքում մարմնավորում է զոհված զինծառայողի աղջնակին: Բոլոր հերոսներին կարողացա անուններ տալ, բայց նրան անուն չընտրեցի: Երեխայի մաքրությունը հենց այն է, ինչ ես փորձել եմ ներկայացնել: Երեխան ազնվությունն է, այն մաքրությունը, որը կորցնում ենք մեր կյանքում:
 
- Սա քո անդրանիկ գիրքն է, համարում ես արդյո՞ք, որ կարող ես արդեն ներկայանալ որպես գրող:
 
- Այո, քանի որ փորձում եմ ստեղծել այն, ինչ ստեղծում է յուրաքանչյուր գրող, և ոչ, քանի որ դա մասնագիտությունս չէ: Ինձ համար մարդը գրող է այն դեպքում, եթե դա իր մասնագիտությունն է, որով նա ապրում է: Ես ինձ լիարժեք գրող կհամարեմ այն ժամանակ, երբ հնարավորություն կունենամ զբաղվել միայն գրական գործունեությամբ , այլ ոչ թե  կենցաղի ապահովման խնդիրները լուծելու նհատակով ստիպված լինեմ զբաղվել որեւէ այլ գործով:
 
- Ի՞նչ նոր գիրք ես պատրաստում ընթերցողներիդ համար: 
 
- Մտքեր շատ կան: Այս պահին արդեն երկրորդ գրքի վրա եմ աշխատում, որն իմ կարծիքով ավելի շատ ժամանակ կպահանջի: 
Շնորհակալություն եմ հայտնում եւ ընկերներիս, որոնց աջակցությամբ հնարավոր դարձավ գիրքը հրատարակել, եւ ընթերցողներիս, որոնցից ստացել եմ ջերմ արձագանքներ: Իսկ նրանց, ովքեր ցանկություն են հայտնել ձեռք բերել վիպակը, ասեմ, որ գիրքը կարելի է գնել ինչպես երեւանյան, այնպես էլ մարզային գրախանութներից: 
 
Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Գրական էջ