Ինչո՞ւ Էրդողանը չի խոսում իր նախընտրական խոստումների մասին


Ինչո՞ւ Էրդողանը չի խոսում իր նախընտրական խոստումների մասին

  • 16-12-2016 17:41:46   | Թուրքիա  |  Վերլուծություն

Բռնություններ. Նոյեմբերին Թուրքիայում կալանավորվեց Cumhurriyet թերթի 9 աշխատակից, այդ թվում նաև գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուն: Ընդդիմադիր պարբերականի լրագրողները կալանավորվել են «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով՝ խմբավորման անունից գործողություն ծավալելու» համար (դատախազությունը նրանց մեղադրել էր Գյուլենին աջակցելու համար): Գերմանիայից ժամանելուց հետո Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվեց Cumhuriyet-ի գործադիր տնօրեն Աքըն Աթալայը։ Cumhurriyet-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն այդ դեպքերի կապակցությամբ հայտարարեց, որ Թուրքիայում այլակարծների դեմ սկսված բռնությունների ներկայիս ալիքը թեստ է Եվրոպայի համար. «Եվրոպան պետք է որոշի, թե ում կողմն է գտնվելու՝ ժողովրդավարությա՞ն, թե՞ ճնշողների։ Արդյոք նրանք ցանկանո՞ւմ են Մերձավոր Արևելքում Թուրքիան տեսնել որպես ճնշող ռեժիմով երկիր, թե՞ ժողովրդավարական, աշխարհիկ ու ազատ երկիր։ Կարծում եմ, որ դա լակմուսի թուղթ կլինի Եվրոպայի համար»։ Դյունդարը ծիծաղելի է համարել Cumhurriyet-ի ղեկավարության ու լրագրողների հանդեպ առաջ քաշված մեղադրանքները. «Ավելի լավ կլինի, եթե իշխանությունները հայտարարեին, որ չեն ցանկանում լսել այլընտրանքային որևէ ձայն և հանդուրժել անգամ ամենափոքր ընդդիմությանը։ Չէ՞ որ Cumhurriyet-ն իր գոյության ողջ պատմության ընթացքում և հատկապես վերջին 20-30 տարում պայքարել է արմատական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի շարժման դեմ, և ոչ ոք չի կարող հավատալ, թե թերթն աջակցում է գյուլենականներին։ Ավելի լավ է՝ նրանք ասեին, թե փորձում են զավթել վերջին բաստիոնը։ Դա կլիներ ճշմարտացի»։
 
Նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ 1453թ. (Ստամբուլի նվաճում) և 1923թ. (Թուրքիայի Հանրապետության ստեղծում) իրադարձությունները թուրք ժողովրդի համար «ունեն նույն նշանակությունը», ինչ 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) տապալումը։ Փաստորեն, Էրդողանն այս կերպ իրեն առնվազն մեկ հարթության վրա է դնում Կ.Պոլիսը գրաված սուլթան Մեհմեթ 2-րդ Ֆաթիհի (Նվաճող) և ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ։ Ավելի վաղ Էրդողանը ՌՀՓ տապալումը որակել էր որպես «ազգային-ազատագրական երկրորդ պատերազմի հաղթանակ»։ Թուրքիայում «ազգային-ազատագրական պատերազմ» ասելով նկատի ունեն քեմալական շարժումը։
 
Հայտնի է դարձել, որ Թուրքիայում ՌՀՓ գործով առաջին դատալսումներն անցկացվելու են 2017թ. սկզբին։ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղըի խոսքերով՝ FETÖ-ին մասնակցելու կասկածանքով հետաքննություն է տարվում 92.607 մարդու հանդեպ, որոնցից 36.951-ը կալանավորվել է։ Նոյեմբերին աշխատանքից հեռացվեց ևս 15.000 պետծառայող, որով նրանց թիվը հասցվեց 125.000-ի (3456-ը դատավոր ու դատախազ են)։ Նոյեմբերին ձերբակալվեց Ստամբուլի Յըլդըզ համալսարանի 103 դասախոս, որոնց կասկածում են Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։
 
Այդ ֆոնին Թուրքիայում թափ է հավաքում գյուլենականների որոնման հետ կապված մատնությունների թիվը։ Իրավապաշտպանները փաստում են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, քանի որ մատնիչների ախորժակը բավարարվում է դրամական պարգևատրություններով։ Նրանց խոսքերով՝ թուրքական իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են անում մատնել մերձավորներին, ընկերներին ու գործընկերներին։ Եթե հուլիսին Ազգային հետախուզական կազմակերպությանը (MİT) ներկայացվող մատնությունների թիվը կազմում էր ամսական 2000, ապա նոյեմբերին ամսական ստացվել է 10.000 մատնություն։ Բացի այդ, ռեկորդներ է գրանցել MİT-ի կայքը. եթե մինչև ՌՀՓ-ն այն ամսական ունենում էր 90.000 այցելություն, ապա նոյեմբերին դա հասավ 250.000-ի։
 
Թուրքիայի ԱԳՆ-ն ակտիվ աշխատանք է իրականացնում ՌՀՓ-ի մասին միջազգային հանրությանն իրազեկելու համար։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն բանակցություններ է վարել տարբեր երկրների ավելի քան 120 գործընկերոջ հետ՝ անձնական հանդիպումներում և հեռախոսազրույցի ժամանակ։ Օտար ԶԼՄ-ում հրապարակվել են այդ թեմայով Չավուշօղլուի բազմաթիվ հարցազրույցներն ու հոդվածները։ ՌՀՓ տապալումից հետո Թուրքիայի իշխանություններն աջակցության ուղերձներ են ստացել աշխարհի 111 երկրից ու 6 միջազգային կազմակերպությունից։ Թուրքիայի դիվանագիտական կորպուսը ՌՀՓ թեմայով օտար երկրների ներկայացուցիչների հետ անցկացրել է մոտ 7000 հանդիպում։ Արտերկրում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները 64 հանդիպում են անցկացրել պետությունների ղեկավարների, 88 հանդիպում՝ կառավարությունների ղեկավարների, 597 հանդիպում՝ նախարարների, 6186 հանդիպում՝ օտար երկրների պաշտոնատար այլ անձանց հետ։
 
Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարեց 370 հասարակական կազմակերպության գործունեությունը կասեցնելու մասին, որոնք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի համար։ Այդ ՀԿ-ներից 153-ը կապված է FETÖ-ի, 190-ը՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK), 19-ը՝ Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն-ճակատի (DHKP-C), 8-ը՝ ԻՊ-ի հետ։
 
Ստամբուլի դատախազությունն առաջին մեղադրական եզրակացությունը կայացրեց ՌՀՓ մասնակից զինծառայողների հանդեպ։ Փաստաթղթում շրջանառվում էր 62 զինծառայողի անուն, որոնցից 28-ը սպաներ են, որոնք ՌՀՓ ժամանակ փորձել են գրավել Ստամբուլում գտնվող Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը։ Դատախազությունը նրանց համար պահանջեց եռակի ցմահ ազատազրկում։
 
Քրդեր. Նոյեմբերին Թուրքիայի Գերագույն դատարանն ուժի մեջ թողեց Ադանայի նահանգի դատարանի դատավճիռը, որով քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը մեղավոր էր ճանաչվել «ահաբեկչության օգտին քարոզչություն կատարելու» համար։ Ավելի վաղ Ադանայի դատարանը Յուքսեքդաղին դատապարտել էր 10 ամսվա ազատազրկման, որը 2012թ. փետրվարին ելույթ էր ունեցել Թուրքիայում արգելված Մարքսիստ-լենինյան կոմունիստական կուսակցության ակտիվիստուհի Յասեմին Չիֆթչիի հուղարկավորության ժամանակ, որը զոհվել էր ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի ժամանակ։
 
Թուրքիայում ձերբակալվեցին ԺԴԿ ավելի քան մեկ տասնյակ պատգամավորներ, այդ թվում նաև կուսակցության համանախագահներ Ֆիգեն Յուքսեքդաղն ու Սելահաթթին Դեմիրթաշը, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակ Փերվին Բուլդանը։ Նրանց մի մասը, այդ թվում նաև Դեմիրթաշն ու Յուքսեքդաղը, կալանավորվեց։ Ամենաշատ քրեական գործերը հարուցված են հենց Դեմիրթաշի նկատմամբ. «հանցանք գործելու նպատակով կազմակերպության հիմնում», «ահաբեկչական կազմակերպության անդամություն», «զինված ահաբեկչական կազմակերպության անդամություն», «կազմակերպության անվան տակ հանցանքի գործում»։
 
ԺԴԿ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խստորեն դատապարտեց կուսակիցների կալանավորումը՝ զուգահեռներ անցկացնելով 1915թ. ապրիլի 24-ի հետ. «Թույլ չենք տա, որ այդ ֆաշիստները ևս մեկ անգամ այրեն մեր երկիրը, մեր երիտասարդներին։ Մենք գլուխ չենք խոնարհելու՝ լինենք բանտում, թե ազատության մեջ»։
 
Բեքիր Բոզդաղի խոսքերով՝ ԺԴԿ պատգամավորների ձերբակալություններն «իրականացվել» են օրենքի շրջանակում. «Թուրքիայում բոլորը հավասար են օրենքի առաջ։ Սովորական քաղաքացիների հանդեպ ձեռնարկվող միջոցները կիրառվում են նաև պատգամավորների հանդեպ, որոնք մայիսից այլևս անձեռնմխելի չեն»։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ ԺԴԿ պատգամավորները ձերբակալվել են ցուցմունք տալուց հրաժարվելու համար։ Նա ԺԴԿ-ին մեղադրեց «ահաբեկչությունը ֆինանսավորելու» մեջ և հորդորեց շարունակել աշխատանքը խորհրդարանում՝ ընդգծելով, որ մեջլիս չվերադառնալն անարգանք է ժողովրդի նկատմամբ (Դեմիրթաշը հայտարարել էր, որ չի ցանկանում պատասխանել ներկայացված մեղադրանքների մասին հարցերին և չի դառնա անցյալի շատ բծեր ունեցող Էրդողանի հրամանով սկսած դատական թատերախաղի տիկնիկը)։
 
Նոյեմբերին ձերբակալվեց նաև Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելը: Թունջելն այն մարդկանց շարքում էր, ովքեր հավաքվել էին Դիարբեքիրի դատարանի առաջ, որտեղ տարել էին ԺԴԿ-ական ձերբակալված պատգամավորների: Դատարանի մոտ գտնվող ոստիկանները նրանցից պահանջել էին հեռանալ, սակայն Թունջելը, ինչպես նաև մի խումբ այլ անձինք հրաժարվել են կատարել դա և ձերբակալվել էին:
 
Ահաբեկչության դեմ պայքարի հետաքննության շրջանակում կալանավորվեցին Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, քաղաքապետարանի 4 աշխատակից: Ավելի վաղ ձերբակալվել, ապա կալանավորվել էին նաև Թունջելիի (Դերսիմ) քաղաքապետ Ալի Բուլը, Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը, Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը (դատախազությունը նոյեմբերին պահանջեց Քըշանաքին դատապարտել 230 տարվա ազատազրկման՝ «ահաբեկչական գործունեության» համար): Ձերբակալվածների մեջ են նաև Բիթլիսի Գուրոյմաք քաղաքի ղեկավար Մեհմեթ Էմին Օզքանը և նրա տեղակալ Սենայե Աթանը: Նրանց բոլորին մեղադրանքներ են առաջադրվել PKK-ի դեմ տարվող հետաքննության շրջանակում:
 
Կալանավորվել է Մարդինի նախկին քաղաքապետ, ազգությամբ քուրդ Ահմեթ Թուրքը, որը ժամանակին բազմիցս ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար (կարծիքներ կան, որ Ահմեթ Թուրքի պապը եղել է հայ, որը 1925թ. փոխել է անունն ու ազգանունը՝ հալածանքներից խուսափելու համար): Նոյեմբերի 17-ին Թուրքիայի ՆԳՆ-ն Ահմեթ Թուրքին հեռացրել էր Մարդինի քաղաքապետի պաշտոնից: Նրա նկատմամբ հետաքննություն էր սկսվել «պետության միությունն ու միասնականությունը խախտելու, զինված ահաբեկչական խմբավորմանը գումար տալու և անդամ լինելու, պաշտոնական դիրքի չարաշահման, թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությունը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը նվաստացնելու» մեղադրանքներով:
 
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում PKK-ի հետ կապերի համար աշխատանքից ազատվել է ավելի քան 10.500 պետծառայող։
 
Նոր Սահմանադրություն և այլն. Նոյեմբերին հաղորդվեց, որ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին բանավոր համաձայնություն է տվել նոր Սահմանադրության ընդունմանը։ Բահչելին հույս հայտնեց, որ ապագայում նոր Սահմանադրությունը, որը նախատեսում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգի, օգտակար կլինի Թուրքիայի համար։ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունները նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեից առաջ չեղյալ են հայտարարելու արտակարգ դրության ռեժիմի գործունեությունը. «Եթե նոր Սահմանադրության վերաբերյալ նշանակվի հանրաքվե, ապա մենք որևէ մեկին առիթ չենք ընձեռի ասել, որ այն անցկացվել է ճնշման ներքո։ Այդ պատճառով էլ արտակարգ դրության ռեժիմը չեղյալ է հայտարարվելու հանրաքվեից առաջ»։ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով մտցվել է ՌՀՓ-ից հետո։ Այդ ժամկետի լրանալուց առաջ այն երկարաձգվել է ևս երեք ամսով։
 
Հարկ է նշել, որ նոր Սահմանադրության նախագիծը 550 հոգանոց խորհրդարանում անցնելու համար պետք է ստանա առնվազն 367 քվե (2/3-ի աջակցությունը)։ Բայց եթե այն ստանա առնվազն 330 քվե (խորհրդարանի 3/5-ը), ապա այն կուղարկվի երկրի նախագահին, որը կարող է կամ վետո դնել դրա վրա, կամ էլ այն դնել համաժողովրդական հանրաքվեի։ Բնականաբար, Էրդողանը նախընտրելու է երկրորդ տարբերակը, եթե խորհրդարանում կայանալիք քվեարկության ժամանակ նոր Սահմանադրության նախագծին աջակցի 330-366 մարդ։ ԱԶԿ-ն ունի 317, իսկ ԱՇԿ-ն՝ 40 պատգամավորական մանդատ։ Սա նշանակում է, որ երաշխավորված կարելի է համարել, որ նոր Սահմանադրության նախագիծը կդրվի հանրաքվեի՝ հաշվի առնելով, որ այդ երկու կուսակցություններն աջակցում են նրան։ Երաշխավորված կարելի է համարել նաև Էրդողանի կողմից նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելը և դրա անցնելը՝ հաշվի առնելով նախագահական ուժեղ լիազորություններ ունենալու Էրդողանի անձնական հավակնությունները, ժողովրդի շրջանում նրա բարձր վարկանիշը, ընտրողների լայն զանգվածի անհեռատես լինելը (2015թ. նոյեմբերի 1-ի կրկնական խորհրդարանական ընտրությունների ժամանակ թուրք ընտրազանգվածի մի զգալի հատվածը կուլ տվեց «կա՛մ մենք, կա՛մ քաոս» Էրդողանի հրամցրած խայծը՝ հավատալով, որ ԱԶԿ-ի օգտին քվեարկելով և նրան հնարավորություն տալով միակուսակցական կառավարության ձևավորել՝ երկրում կհաստատվի կայունություն, սակայն տեղի ունեցավ հակառակը. երկրում էլ ավելի սրվեց անկայուն իրավիճակը)։
 
Թուրքական մամուլը գրեց, որ Թուրքիայի զինված ուժերում աշխատող 30.000 քաղաքացիական ծառայողի համար սկսվում է նոր ժամանակաշրջան։ Պաշտոնաթերթում հրապարակված որոշման համաձայն՝ փոփոխություններ են կատարվել 1982թ. ընդունված օրենքում, որով Թուրքիայի զինված ուժերում, Ժանդարմերիայում ու Առափնյա անվտանգությունում աշխատողներին թույլատրվել է կրել հիջաբ (մահմեդական գլխաշոր)։ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը խորհրդարանում հայտարարեց, որ գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում զինված ուժերից հեռացվել է 20.088 զինծառայող. ՌՀՓ-ի հետ կապված՝ զինված ուժերից հեռացվել կամ կալանավորվել են 150 գեներալ ու ծովակալ, որոնցից 87-ը բաժին է ընկել ցամաքային զորքերին, 31-ը՝ ռազմածովային ուժերին, 32-ը՝ ռազմաօդային ուժերին։
 
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) առաջարկեց փոփոխություն մտցնել քրեական օրենսգրքում, ըստ որի՝ տուժած կողմի հետ ամուսնանալու պարագայում անչափահասին սեռական բռնության ենթարկած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Դրան դեմ արտահայտվեցին ընդդիմադիր ԺՀԿ և ԱՇԿ կուսակցությունները: Սոցցանցերի օգտարերերը ևս իրենց զայրույթը հայտնեցին նոր փոփոխության առնչությամբ: Այն կանխելու նպատակով անգամ Change.org-ում ստորագրահավաք սկսվեց: Ստամբուլում շուրջ 3000 մարդ դուրս եկավ փողոց՝ բողոքելու սեռական բռնության մասին օրենքում ներկայացված փոփոխությունների դեմ։ Ցուցարարները պարզել են «Բռնաբարությունը չի կարող արդարացվել», «Ա՛ԶԿ, հեռու քաշի՛ր ձեռքերդ իմ մարմնից» և այլ պաստառներ։
 
Բինալի Յըլդըրըմը, արդարացնելով փոփոխությունը, նշել է, որ դա ամենևին էլ «փորձ չէ» արդարացնելու բռնաբարությունը. «Շատերը երիտասարդ տարիքում չգիտեն օրենքները, երեխա են ունենում, հայրը բանտարկվում է, երեխաները մոր հետ միայնակ են մնում: Պարզվել է, որ նման վիճակում գտնվող 3000 ընտանիք կա: Սա բռնաբարությունը ներելու քայլ չէ»: Ավելի ուշ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ ԱԶԿ-ն վերամշակելու նպատակով որոշել է խորհրդարանից հետ կանչել իր այդ առաջարկը։
 
Ստամբուլի Բոմոնտի թաղամասում գտնվող Մխիթարյան վարժարանի պատին հայտնվեց ռասիստական գրառում. «Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում»։ Ընդգծվեց, որ վերջին 4 ամսում դա արդեն երրորդ դեպքն է, որ Ստամբուլի հայկական դպրոցները դառնում են ռասիստական գրառումների թիրախ։ Օգոստոսին նման գրառում հայտնվել էր Ուսքյուդարի (Սկյութարի) Սուրբ Խաչ Դպրևանք վարժարանի պատին, իսկ սեպտեմբերին՝ Ուսքյուդարի Քալֆայան հայկական դպրոցի պատին։ Ռասիստական այդ գրառումների հեղինակներն անպատիժ են մնացել։ ԺՀԿ-ական պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն դպրոցների պատերին ռասիստական գրառումների հարցն ընդգրկել է խորհրդարանի օրակարգում և դեռևս սեպտեմբերին տվյալ հարցով դիմել էր Բինալի Յըլդըրըմին, բայց պատասխան չէր ստացել։
 
Ստամբուլի 62-րդ քրեական դատարանն անմեղ ճանաչեց հայկական «Ակօս» թերթի նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած անձանց: «Ազգայնական Թուրքիա» կուսակցության Ստամբուլի գրասենյակի ղեկավար Բիլալ Գյոքչեյուրթը և ազգայնական «Թուրան Օջաքլարը» («Թուրանի օջախներ») կազմակերպության նախագահ Էրջան Ուրչարը «Ակօսի» խմբագրատան դիմաց սև ծաղկեպսակներ էին թողել, այնուհետև սոցիալական ցանցի միջոցով սպառնացել էին «Մի գիշեր հանկարծակիի կարող ենք գալ» գրությամբ: Դատական նիստին ներկա «Ակօսի» խմբագիր Եդվարդ Դանզիկյանն իր ելույթում նշեց, որ Հրանտ Դինքի սպանությունից առաջ էլ ասել էին` «Մի գիշեր հանկարծակիի կարող ենք գալ»: Ամեն դեպքում դատարանը վճռեց արդարացնել Գյոքչեյուրթին և Էրջան Ուրչարին՝ «ապացույցների անբավարար լինելու» պատճառով: «Ակօս»-ի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն բողոքարկեց որոշումը` ասելով, որ դա անօրինական է: Գարո Փայլանն էլ դիմեց Յըլդըրըմին՝ հետաքրքրվելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում փոքրամասնությունների դեմ ուղղված աճող և անպատիժ մնացող ատելության հանցագործություններն արգելելու ուղղությամբ, սպառնալիքի տակ գտնվող փոքրամասնությունների կազմակերպությունների և կառույցների անվտանգությունն ապահովելու նպատակով: Նոյեմբերին հաղորդվեց, որ Վանա լճի հատակը մաքրող ընկերությունը լճի հատակից խաչքարեր է հայտնաբերել, և որ լճի հատակին կան նմանատիպ քարեր ևս:
 
Պայթյուններ, PKK. Նոյեմբերին Թուրքիայում շարունակվեցին պայթյունների շքերթը, PKK-ի զինյալների հետ բախումները։ Պայթյուններից մեկը գրանցվեց Դիարբեքիր քաղաքի կենտրոնական հատվածում։ Տեղի ոստիկանատան մոտ պայթեցվել էր ականապատ միկրոավտոբուս։ Բինալի Յըլդըրըմի խոսքերով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնցից երկուսը՝ ոստիկան։ Բացի այդ, վիրավորվել է հարյուրից ավելի մարդ: Պայթյունի ժամանակ օգտագործվել է 1 տոննա պայթուցիկ: Պայթյունի հետևանքով լուրջ վնաս են կրել հարակից շենքերը։ Թուրքական իշխանությունները պայթյունի պատասխանատու ճանաչեցին PKK-ին՝ նշելով, որ դա են վկայում PKK անդամների բանակցությունների ձայնագրությունները և հերքելով, թե ԻՊ-ը կապ ունի պայթյունի հետ։
 
Ստամբուլի Աթաթյուրքի օդանավակայանի շենքի մոտ հրաձգություն գրանցվեց, օդանավակայանի հասանելիությունն արգելափակվեց: Հրաձգությունը սկսել են ոստիկանները, երբ մոտոցիկլով անհայտ անձինք հրաժարվել են կանգ առնել: Ավելի ուշ իրավապահները ձերբակալել են ենթադրյալ հանցագործներին, որոնք հրաժարվել էին ենթարկվել իրավապահների պահանջին: Կասկածյալների մոտ զենք կամ պայթուցիկ չհայտնաբերվեց: Գրանցվեց մեկ վիրավոր: Բացի այդ, Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասի արդյունաբերական գոտում ուժգին պայթյուն որոտաց։ Պայթյունի հետևանքով վիրավորվեց առնվազն 10 մարդ։
 
Եվս մեկ պայթյուն գրանցվեց Ադանա քաղաքում՝ նահանգապետի գրասենյակի շենքի մոտ։ Տեղի ավտոկանգառում պայթեցվել էր պայթուցիկով լի ավտոմեքենա։ Պայթյունի հետևանքով զոհվեց 2, վիրավորվեց 33 մարդ։ Վնասվել են մոտակայքում կայանված բազմաթիվ մեքենաներ։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարեց, որ նահանգապետը հազիվ է փրկվել պայթյունից։ Ադանայի իշխանությունները հայտարարեցին, որ պայթյունը ենթադրաբար իրականացրել է կին, իսկ հարձակման թիրախում եղել է հենց նահանգապետը, որը պետք է աշխատավայր ժամաներ միջադեպից ընդամենը հինգ րոպե հետո։ Օրեր անց Ադանայի պայթյունի պատասխանատվությունն ստանձնեց «Քուրդիստանի ազատագրման բազեներ» (TAK) խմբավորումը: Ավելի ուշ Ադանայում կանխվեց նոր ահաբեկչություն։
 
Էրդողանը տվյալներ ներկայացրեց PKK-ի դեմ պայքարում թուրքական անվտանգության ուժերի կրած կորուստների մասին. «2015թ. հուլիսի 20-ից (Թուրքիայում PKK-ի դեմ ռազմական գործողությունների վերսկսումից) PKK-ի դեմ պայքարում սպանվել է անվտանգության ուժերի 787 աշխատակից (զինվորական, ոստիկան, գյուղական պահապան), ինչպես նաև 312 քաղաքացի, վիրավորվեցին անվտանգության ուժերի ավելի քան 4000 ներկայացուցիչ և ավելի քան 2000 քաղաքացի։ Առգրավվել են 5500 միավոր հրաձգային զենք, 650.000 փամփուշտ, 142 տոննա պայթուցիկ, մոտ 15.000 ռումբ»։ Հետաքրքիր է, թե ինչու Էրդողանը չի խոսում իր նախընտրական խոստումների մասին, որ ԱԶԿ-ին ընտրելու դեպքում երկրում կհաստատվի կայունություն, մինչդեռ Թուրքիայում ամեն ամիս գրանցվում են ահաբեկչություններ, պայթյուններ, իսկ PKK-ի դեմ պայքարը վերսկսվել է նոր ուժով։
 
Հայկ Գաբիրելյան 
Թուրքագետ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play