Էրդողանը աջ ձեռքով հաշտվելով Պուտինի հետ, ձախով կրակում է ՌԴ դեսպանի վրա` այս անգամ հարված հասցնելով գոտկատեղից


Էրդողանը աջ ձեռքով հաշտվելով Պուտինի հետ, ձախով կրակում է ՌԴ դեսպանի վրա` այս անգամ հարված հասցնելով գոտկատեղից

  • 20-12-2016 17:16:57   | Հայաստան  |  Վերլուծություն

Թուրքիայում դաժանաբար սպանվել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը:
 
Դեսպանին սպանել է երիտասարդ նախկին ոստիկան, բացականչելով «Ալլահ, աքբար» եւ հայտարարելով, թե դա հատուցումն է Հալեպի համար: Տեղեկություն կա, որ սպանողը Թուրքիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանման նախկին աշխատակից է: Դեսպանին սպանել են ցուցահանդեսի ժամանակ, նրա ելույթի պահին, բազմաթիվ տեսախցիկների առաջ:
Այդ հանգամանքը վկայում է, որ մարդասպանները, կամ ավելի շուտ ահաբեկիչները ունեցել են դեսպանին ոչ միայն սպանելու, այլ դա առավել հանդուգն ու ցինիկ ձեւով իրականացնելու նպատակ` ընդդեմ Ռուսաստանի, կամ ավելի շուտ այդ երկրի նախագահ Պուտինի:
Պուտինն արդեն հայտարարել է, թե այդ սպանությունն իրականացվել է ռուս-թուրքական հարաբերության կարգավորմանը հարվածելու համար: Նույնը կրկնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Թուրքիայի նախագահ Էրդողանը սպանության մասին տեղեկությունից անմիջապես հետո կապվել է Պուտինի հետ եւ ասել, թե իր համար կատարվածն անսպասելի էր: Ռուսաստանի իշխանությունն առայժմ հակված չէ պատասխանատվություն դնել Թուրքիայի իշխանության վրա: Կազմվում է հատուկ քննչական խումբ, որը մեկնելու է Թուրքիա եւ հանցագործության բացահայտման համար աշխատելու է թուրք իրավապահների հետ:
«Պետք է գտնել ձեռքը, որն ուղղորդել է մարդասպանին», արտգործնախարարի, անվտանգության դաշնային ծառայության եւ արտաքին հետախուզության ղեկավարներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:
Պուտինն այս անգամ չի խոսել թիկունքից հարվածի մասին, ինչպես բնորոշել էր մոտ մեկ տարի առաջ ռուսական օդանավին թուրքական զինուժի հասցրած հարվածը` թուրք-սիրիական սահմանին: Սպանվեց ռուս օդաչուներից մեկը: Դա բերեց ռուս-թուրքական հարաբերության լարման: Մի քանի ամիս անց` հունիսին, այդ հարաբերությունը սկսեց վերականգնվել: Տեղեկություն եղավ, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է հղել Պուտինին եւ ներողություն խնդրել կատարվածի համար, ինչը պահանջում էր Ռուսաստանն իբրեւ հաշտվելու պայման: Այդպես էլ որեւէ հստակ եւ համոզիչ փաստ չեղավ, որ Էրդողանն իսկապես ներողություն է խնդրել, եւ խնդրել է Ռուսաստանից, ոչ թե զոհված օդաչուհի ընտանիքից:
Բայց Ռուսաստանն ու Թուրքիան սկսեցին հաշտության գործընթաց, բավական դինամիկ գործընթաց, ընդհուպ ռազմական գործակցության վերականգնման մասին բանակցություն:
Այդուհանդերձ, նրանց միջեւ շարունակեց մնալ տարաձայնությունը Սիրիայի հարցում, որտեղ ՌԴ զինուժը ակտիվորեն աջակցում է Ասադի իշխանությանը եւ օգնեց Հալեպի փաստացի վերագրավմանը: Թուրքիան այդ գործընթացում ցուցաբերեց հիմնականում լռություն, շփումներ պահպանելով Ռուսաստանի իշխանության հետ: Փաստորեն, Անկարան, որ հանդես է գալիս Ասադի հեռացման դիրքորոշմամբ եւ հակամարտության ընթացքում տարբեր առիթներով անթաքույց նկրտումներ է ունեցել անգամ սիրիական տարածքների նկատմամբ, ինչ որ իմաստով զիջեց Մոսկվային: Թե ինչի դիմաց, կամ ինչ պայմանով, դժվար է ասել:
Սակայն, տեղի է ունենում դեսպանի ցինիկ սպանությունը Թուրքիայում, որն այս անգամ Մոսկվան չի գնահատել թիկունքից հարված, բայց թերեւս ոչ այնքան Թուրքիայի իշխանությանը վստահելու մասով, որքան այն, որ այս հարվածը թիկունքից չէ, այլ ավելի ցածր` գոտկատեղից ներքեւ:
Դրա մասին էր վկայում Պուտինի վիճակը ԱԳ նախարարի, ԱԴԾ պետի եւ արտաքին հետախուզության ղեկավարի հետ հանդիպմանը:
Որեւէ ակնարկ չկա անգամ, որ Թուրքիայի իշխանությունը առնչվում է տեղի ունեցածին: Բայց իրավիճակն այդուհանդերձ միարժեք չէ: Իհարկե, Թուրքիայում պարբերաբար տեղի են ունենում ահաբեկչական ակտեր, որոնցից վերջինն ընդամենը մի քանի օր առաջ էր: Միեւնույն ժամանակ, Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձից հետո ընթանում է հատուկ օպերացիա, ձերբակալվում են հազարավորներ, տասնյակ հազարներ հետապնդվում են: Անկասկած է, որ Թուրքիայի իրավապահ համակարգն ու հատուկ ծառայությունները աշխատում են հատուկ ռեժիմով: Եվ անկասկած է նաեւ, որ այդ հատուկ ռեժիմը պետք է առնչվի նաեւ այդօրինակ սադրանքներին, որոնք Անկարայի համար պետք է լինեն սպասելի, հատկապես հենց ռուս-թուրքական մասով, եւ առավել եւս օդանավի պատմության եւ դրա նկատմամաբ պաշտոնական Անկարայի դիրքորոշման պայմաններում:
Իսկ ո՞րն էր այդ դիրքորոշումը: Անկարան տեղի ունեցածն աստիճանաբար ներկայացրեց այնպես, որ դա դավադրություն էր նաեւ Թուրքիայի դեմ` կրկին Ռուսաստանի հետ գժտեցնելու համար: Ի վերջո, ռուսական օդանավը խոցած թուրք զինվորականներին ձերբակալեցին հուլիսյան հեղաշրջման շրջանակում, նրանց դասելով ապստամբների շարքը եւ այդպիսով նաեւ փորձելով օդանավի միջադեպը հետին թվով «ձեւակերպել» Թուրքիայի իշխանության դեմ դավադրության մաս:
Այդ պարագայում առավել եւս Անկարան պետք է ուշադիր լիներ այդօրինակ «դավադրությունների» կրկնության հանդեպ: Միեւնույն ժամանակ, հանգամանքը, որ սպանությունն իրականացրել է ոստիկանության հատուկ ստորաբաժանման նախկին աշխատակիցը, իրավիճակը եւս դարձնում է ոչ միարժեք, նկատի ունենալով այն, որ հազիվ թե լինում է այդպիսի ստորաբաժանումների «նախկին աշխատակից»:
Այդպիսով, ակնհայտ է, որ կամ Էրդողանը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին Թուրքիայում, ինչը կարող է մի փոքր տարօրինակ լինել, քանի որ Էրդողանը հուլիսյան հեղաշրջումից հետո Թուրքիայում փաստացի հաստատել է դիկտատուրա, կամ աջ ձեռքով հաշտվելով Պուտինի հետ, Էրդողանը ձախով կրակում է ՌԴ դեսպանի վրա` այս անգամ հարված հասցնելով ոչ թե թիկունքից, այլ գոտկատեղից:
Միարժեք է մի բան, որ պաշտոնական Անկարան անկարող է գտնվել կանխել Պուտինին հասցված այդ հարվածը: Այն դեպքում, երբ հայտարարում էր, որ հուլիսին Էրդողանին հասցվելիք հարվածը կանխել է Պուտինը: Թուրքիայում չստացված հեղաշրջումից հետո տեղեկություն եղավ, որ ռուսական հատուկ ծառայություններն էին Էրդողանին տեղեկացրել իր դեմ սպասվող գրոհի մասին, եւ դրա շնորհիվ նա կարողացել էր փրկվել: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե հյուրանոցում 15 րոպե երկար մնալու դեպքում նա կսպանվեր:
Այստեղ իհարկե առաջանում է մեկ այլ հարց: Եթե ռուսական հատուկ ծառայությունները տիրապետել էին թուրքական հեղաշրջման վերաբերյալ տեղեկությունների եւ դրանով օգնել Էրդողանին փրկվել, ինչպե՞ս չեն կարողացել այդ ծառայությունները փրկել Ռուսաստանի դեսպանին, կանխարգելելով նրա դեմ պատրաստվող մահափորձը:
Վերջապես հետաքրքրական է մեկ այլ հանգամանք` Թուրքիայում ՌԴ  դեմ ցինիկ ահաբեկությունը եւ սպանությունը համընկնում է Գերմանիայի մայրաքաղաքում կատարված ահաբեկությանը, երբ բեռնատարը մխրճվել էր Սուրբ Ծննդյան տոնավաճառի բազմության մեջ եւ սպանել ու վիրավորել մարդկանց: Դա էլ հերթական ահաբեկությունն է Եվրոպայի դեմ, այս անգամ Եվրոպայի առաջատար Գերմանիայի մայրաքաղաքում, ոչ թե ավանդական ահաբեկության «հասցեի» վերածված Ֆրանսիայում:
Հատկանշական է, որ այդ ահաբեկություններից մի քանի ժամ առաջ Եվրամիությունը հերթական անգամ երկարաձգեց ՌԴ դեմ պատժամիջոցները` մինչեւ 2017 թվականի հուլիսի 31:
Գերմանիան առանցքային դեր ունի թե Ռուսաստանի հանդեպ եվրոպական քաղաքականության մեջ, թե Թուրքիայի հետ հարաբերությունում, որը վերջին շրջանում խիստ լարված էր: Ընդ որում, հատկանշական է եւ այն, որ թե Թուրքիան, թե Ռուսաստանը Եվրոպայի հետ հարաբերությունում խաղարկում են ահաբեկության, անվտանգության հանգամանքը: Ռուսաստանի իշխանությունը պարբերաբար հայտարարում է, թե Եվրոպան անվտանգ կարող է լինել միայն Ռուսաստանի հետ գործակցության դեպքում, իսկ Թուրքիայի իշխանությունը պարբերաբար սպառնում է «բաց թողնել» Եվրոպա չթափանցած ահաբեկիչներին:
Թե որքանով են գրեթե համաժամանակ տեղի ունեցած ահաբեկությունները փոխկապակցված, բնականաբար չափազանց բարդ եւ թերեւս անհնար է ասել կամ գնահատել, սակայն զուգահեռը խիստ հատկանշական է, թեեւ միջազգային հարաբերություններում ահաբեկությունն այլեւս կարծես թե դառնում է «նորմ»: Եվ այդ «նորմում» կարծես թե առանձնահատուկ նշանակություն է ստանում Թորքիան եւ ռուս-թուրքական հարաբերությունը:
Տպավորություն է ստեղծվում, որ «կիսամյակային» գժտությունից հետո վերականգնվող ռուս-թուրքական հարաբերությունն այլեւս խնդիր է դառնում ոչ այնքան միջազգային հանրության, որքան այդ երկու երկրների համար, նրանց դարձնելով հենց իր «պատանդը»:
Սպանությանը հաջորդած խորհրդակցությանը Պուտինի պահվածքը գրեթե պատանդի կամ վանդակում հայտնված առյուծի պահվածք էր, որը իրեն ճաղից ճաղ է զարկում, չունենալով ելք: Հետաքրքիր է, թե Պուտինը Թուրքիայից կամ Թուրքիայում ո՞ր մասին պետք է ստանա երրորդ հարվածը, հասկանալու համար, որ Թուրքիան Ռուսաստանի համար չի կարող լինել կյանքի ընկեր, առավելագույնը` «մահվան», որի հետ մահը սակայն «հարսանիք» էլ չէ:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play