Հայաստանի «հաջողությունները» ԵԱՏՄ-ում. 2 տարվա ամփոփում. ԻՔՄ
30-12-2016 14:04:05 | Հայաստան | Քաղաքական
Լրանում է Ռուսաստանի հիմնած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության 2-րդ տարին:
Այդ միությանը անդամակցումը հիմնավորվում էր Հայաստանի տնտեսական ու քաղաքական շահերով, ինչպես նաև անվտանգությամբ: Հետևապես, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց ամփոփել, թե ինչպե՞ս փոխվեցին այդ ոլորտները երկու տարում:
Տնտեսություն
Եթե 2014 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա 2016 թվականին, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, այն կկազմի 10,7 միլիարդ:
Նվազել են նաև Հայաստանի արտաքին պահուստները: Եթե 2014 թվականին դրանք միջինում կազմում էին 1,8 միլիարդ դոլար, ապա այժմ, համաձայն Կենտրոնական բանկի, այդ թիվը պակաս է 1,7 միլիարդից:
Էլ ավելի մեծ անկում է ապրել Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը։ 2016 թվականին 2014-ի համեմատ ներմուծումը պակասել է 28 տոկոսով: Արտահանումը նույն ժամանակաշրջանում աճել է 16 տոկոսով, որը սակայն ոչ թե արդյունք է Հայաստանի առևտրային դիրքերի ուժեղացման և հայկական արտադրության զարգացման, այլ Թուրքիայից դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների պարզ վերաարտահանման։ Եվ, եթե արտահանման ծավալներից հանենք «թուրքական հոսքը», ապա կարելի է պնդել, որ արտահանումն էլ է անկում ապրել:
Փոխարենը աճել է Հայաստանի պետական պարտքը: Եթե երկու տարի առաջ պետական պարտքը 4,4 միլիարդ դոլար էր, ապա այժմ այն ավելացել է 26 տոկոսով՝ հասնելով 5,6 միլիարդի:
Անվտանգություն
2014-ի համեմատ 2015 թվականին կտրուկ աճել էր սահմանին հրադադարի խախտման դեպքերը (103 տոկոսով), 20-ամյա դադարից հետո սկսվեց կիրառվել հրետանի:
2016 թվականին Ադրբեջանը Արցախում պարզապես պատերազմ սկսվեց, որի արդյունքում հայկական կողմը շուրջ 100 զոհ տվեց՝ այդ թվում քաղաքացիական անձինք ու երեխաներ:
Եվ եթե 2014 թվականին հրադադարի խախտման պատճառով Հայաստանում 26 զինվորական է մահացել, ապա 2015-ին այդ թիվը հասավ 40-ի, իսկ 2016 թվականին անցավ 110-ից: Եթե 2014 թվականին հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում քաղաքացիական անձ չի զոհվել, ապա 2015 թվականին գրանցվեց 3 այդպիսի դեպք, իսկ 2016-ին՝ 4:
Ժողովրդավարություն
Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ Հայաստանը դանդաղ, բայց ընթանում էր ժողովրդավարեցման ուղղով: Ոստիկանությունը տարեց տարի դանդաղ բարեփոխվում էր, կոռուպցիան որոշ տեղերում նվազում էր: Անգամ ընտրությունները յուրաքանչուր անգամ նախորդից առավել խաղաղ և սակավ բռնություններով էին անցնում: Սակայն 2015 թվականին դիտվեց ճիշտ հակառակ պատկերը: Դետեմբերի 6-ին կայացած Սահմանադրական հանրաքվեի ժամանակ կիրառվեցին անգամ վերջին ընտրությունների ժամանակ մոռացված ընտրակեղծիքներ և դիտորդների ու ընդդիմադիրների նկատմամբ բռնություններ, որոնք չէին եղել 2013 թվականին:
Ավելին, օրինակ եթե 2014 թվականին ոստիկանությունը ցույցերից ու երթերից բերման է ենթարկել ընդամենը 52 քաղաքացու, ապա 2015 թվականին այդ թիվն աճել է 7 անգամ՝ հասնելով 380-ի: 2016 թվականին խաղաղ ցույցերից բերման ենթարկվեց 900-ից ավել քաղաքացի: Եվ եթե նախկինում խաղաղ ցուցարարները ժամեր անց ազատ էին արձակվում, ապա 2016 թվականին հարյուրավոր ցուցարարներ օրեր անցկացրեցին անազատության մեջ, իսկ 20-ից ավել խաղաղ ընդդիմադիր առ այսօր ճաղերի հետևում է:
Եվ եթե 2015 թվականի հունիսին ոստիկանությունը ջրանետի ու բիրտ ուժի կիրառմամբ ցրեց բացառապես խաղաղ ցույցը, ապա 2016 թվականին գործի դրվեց արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և դաժան այլ մեթոդներ, որոնց արդյունքում 100-ից ավել խաղաղ քաղաքացի հայտնվեց հիվանդանոցում (այդ թվում՝ լրագրողներ):