Հրատարակվել է «Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները» գիրքը
12-01-2017 13:59:09 | Արմավիրի մարզ | Նոր գրքեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները» աշխատությունը` հեղինակությամբ վիմագրագետ, պատմ. գիտ. թեկնածու Արսեն Հարությունյանի:
Գիրքը նվիրված է Վաղարշապատի վանքերի վիմագրական ժառանգության համակողմանի քննությանը: Այն առաջին համալիր ուսումնասիրությունն է, ուր վիմագրերի հիման վրա ընթերցողին են ներկայացվում Վաղարշապատի՝ հատկապես 17-19-րդ դարերի քաղաքական ու եկեղեցական կյանքը, հայոց հայրապետների շինարարական ու նորոգչական աշխատանքները, վանքերի ստացած նվիրատվությունները, վանական միաբանությունների կազմավորումը, ինչպես նաև միաբանական գերեզմանոցներն ու արձանագիր խաչքարերը: Նախկինում հրատարակված 188 վիմագրերին ավելացվել են ևս 520-ը, որոնք առաջին անգամ են ներկայացվում վիմագրագիտական քննության:
Վիմագրական ու մատենագրական սկզբնաղբյուրների և արխիվային նյութերի համադրմամբ ուսումնասիրվել են արձանագրություններում հիշատակված նվիրատուների, բարերարների, հաճախ նաև՝ նշանավոր հոգևոր գործիչների կյանքն ու գործունեությունը: Աշխատության վերջում զետեղված են լուսանկարները:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: