Տեղի է ունեցել Հայկ Բաբուխանյանի «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը 1991-2016 թթ.» գրքի շնորհանդեսը


Տեղի է ունեցել Հայկ Բաբուխանյանի «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը 1991-2016 թթ.» գրքի շնորհանդեսը

  • 08-02-2017 19:24:36   | Հայաստան  |  Նոր գրքեր

Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հեղինակած «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը 1991-2016 թթ.» գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի անդամներ, լրագրողներ:
 
ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը եւ ներկայացնելով գիրքը, նշել է, որ այն նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության քսանհինգամյակին: Նա նաեւ նշել է, որ եւ գրքում անդրադարձ է կատարվել անկախ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը: Հեղինակի խոսքով՝ հայ-թուրքական կոնֆլիկտն ունի հազարամյա պատմություն, որն ինքը բաժանել է չորս փուլի՝ ուսումնասիրելով Թուրքիայի հարաբերությունները նաեւ տարածաշրջանի երկրների հետ: Հեղինակն ուսումնասիրել է նաեւ մամուլի հրապարակումները եւ ուշադրություն դարձրել համաշխարհային մամուլի՝ հատկապես քսաներորդ դարասկզբին Հայոց ցեղասպանությանը վերաբերող արձագանքներին: Հանրության ուշադրությանը ներկայացվող գրքի մասին իրենց գնահատանքի խոսքն են ասել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը եւ արեւելագետ Ռուբեն Մելքոնյանը:
 
Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նշել է, որ հեղինակը, ուսումնասիրելով 200-ից ավելի աղբյուր, ստեղծել է հիշարժան ու մեծածավալ մի ստեղծագործություն, որն ունի կիրառական մեծ նշանակություն ընթերցողների լայն շրջանակի համար՝ թե՛ մասնագետների, թե՛ լրագրողների, թե՛ հայ-թուրքական կոնֆլիկտով հետաքրքրվող բոլոր անհատների:
 
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, գնահատելով գործընկերոջ մանրակրկիտ աշխատանքը, նշել է, որ գիրքը ներկայացնում է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող եւ մինչ այժմ հասարակությանն անհայտ դրվագներ, որոնք լույս են սփռում հազարամյա կոնֆլիկտի վրա:
 
Պատգամավորները բարձր են գնահատել գրքի ստեղծման ընթացքում կատարված հսկայական աշխատանքը եւ նշել, որ այն պետք է թարգմանվի տարբեր լեզուներով, որպեսզի հասանելի դառնա միջազգային հանրությանը եւ նպաստի Հայ դատի հաղթանակին: Նրանք նշել են, որ ընթացող տեղեկատվական պատերազմը փակ սահմաններ չի ճանաչում, եւ հարեւան երկրի վարած քաղաքականությունն ու հարաբերությունները միջազգային հանրության հետ պիտի մնան մեր ուշադրության կենտրոնում:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր