Ընտրվելու դեպքում Անահիտ Բախշյանն ԱԺ է ներկայացնելու զինհաշմանդամների բուժմանը վերաբերող իր ծրագիրը
20-02-2017 13:46:19 | Հայաստան | Հասարակություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված Անահիտ Բախշյանն ընտրվելու դեպքում առաջնահերթ ձեռնամուխ է լինելու զինհաշմանդամների բուժման հետ կապված խնդիրների լուծմանը: Նա Ազգային ժողով է բերելու զինհաշմանդամների բուժումը կազմակերպելու գործընթացների վերաբերյալ մշակած սեփական ծրագիրը:
Ինչպես փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ա. Բախշյանը, իր ուշադրության կենտրոնում են լինելու նաև կրթական և սոցիալական ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ:
«Ապրիլյան պատերազմի ընթացքում ունեցանք զինհաշմանդամներ, որոնց բուժումը կազմակերպվեց արտերկրում. Պարզվեց, որ մեր երկրում չունենք կոմայի մեջ գտնվող զինհաշմանդամին զուգահեռ ֆիզոթերապևտիկ բուժում տրամադրելու հնարավորությունը, որը նրանց հաշմանդամության չի տանի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ վիրավոր զինվորների բուժումն այստեղ ևս կարելի է կազմակերպել:
Ա. Բախշյանի փոխանցմամբ՝ ինքն անձամբ լուրջ անելիք ունի նաև կրթության մեջ թրծված մասնագետներին դպրոցի տնօրեն դառնալու հնարավորություն տալու հարցում, քանի որ ներկայումս դպրոցի տնօրենները նշանակվում են կաշառքով, ծանոթով կամ կուսակցական պատկանելիությամբ:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությունից այսօր դուրս եկած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կայացրած որոշմանը՝ Ա. Բախշյանն ընդգծեց, որ այն ուշացած է:
Նրա խոսքերով՝ «Ժառանգության» շարքերը լքած անդամներին հաճախ մեղադրում են կուսակցության որդեգրած քաղաքական գծին և ծրագրին չհետևելու մեջ, մինչդեռ Ա. Բախշյանի պնդմամբ՝ ինքը և Զ. Փոստանջյանն այն ժառանգականներից են, ովքեր մշտապես հավատարիմ են եղել կուսակցության քաղաքական գծին:
Ա. Բախշյանն ընտրվելու դեպքում առաջնորդվելու է «Հաշվետու եմ» կարգախոսով: