Լոռու մարզի Քարինջ գյուղի ՍՄԱՐԹ սենյակում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա


Լոռու մարզի Քարինջ գյուղի ՍՄԱՐԹ սենյակում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

  • 23-02-2017 16:45:34   | Լոռու մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) համատեղ Լոռու մարզի Քարինջ գյուղի ՍՄԱՐԹ սենյակում բացեցին «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ 
 
«Արմաթը» դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գիտակրթական լաբորատորիա է, որտեղ կիրառվող ծրագրերը և սարքավորումները ծառայում են աշակերտների ուսուցմանը ծրագրավորման, ռոբոտատեխնիկայի և մոդելավորման ոլորտներում:
Ծրագրի ուսուցումը մեկնարկել է 2016 թ. հունիսին, երբ անհրաժեշտ տեխնոլոգիաների ձեռքբերման ու տեղադրման աշխատանքներին հաջորդել են խմբակավարի վերապատրաստումն ու դասընթացների սկիզբը։ ԻՏՁՄ մասնագետները շարունակում են ընթացիկ խորհրդատվություն տրամադրել խմբակավարին։
Քարինջի խմբակում ընդգրկված են 11-14 տարեկան 13 երեխաներ, ովքեր հանդիպում են շաբաթական 6 ժամ։ Այժմ նրանք սովորում են «Աղուես», «Կրիայ»/Kturtle ծրագրերը, որից հետո կսկեն ռոբոտներ հավաքել լաբորատորիայում առկա հավաքածուից, եռաչափ տպիչով և շաղափային հաստոցով անհրաժեշտ դետալներ պատրաստել։
«ՀիմնադրամիՍՄԱՐԹ նախաձեռնությունը նպատակ ունի գյուղաբնակ երեխաներին ապահովելու կրթական նույն հնարավորություններով, ինչ ունեն քաղաքաբնակ երեխաները։ Այստեղ է, որ Հիմնադրամի ու ԻՏՁՄ-ի ջանքերը միատեղվել են. COAF-ն տրամադրել է ենթակառուցվածքները՝ տեխնոլոգիայով հագեցած ՍՄԱՐԹ սենյակի տեսքով, ԻՏՁՄ-ն ապահովել է ծրագրային ապահովումը՝ ի շահ երեխաների ու նրանց ապագայի։ »,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։ 
Լաբում աշակերտներն աշխատում են հայաֆիկացված  «Աղուէս» և «Կրիայ» ծրագրավորման կրթական ծրագրերով, որոնք նպաստում են աշակերտների ալգորիթմական և լայնածավալ մտածելակերպի զարգացմանը և ծրագրավորման գործընթացի հեշտ յուրացմանը հետագայում։ Երեխաներն ստեղծում են սեփական նախագծերը, կատարում թիմային աշխատանք, կիրառում են հանրահաշվի և երկրաչափության, երկչափ և եռաչափ մոդելավորման գիտելիքները։ 
Քարինջի լաբորատորիայի փաթեթը ներառում է նաև 3D տպիչ սարք և CNC շաղափային հաստոց։ 3D տպիչը կարող է բաղադրիչ մասեր պատրաստել ապագա ռոբոտների համար։ Երկչափ բաղադրամասերի պատրաստման համար օգտագործվում է շաղափային հաստոցը: Աշակերտները, իրենց հերթին, կարող են 3D տպիչներով և CNC շաղափային հաստոցներով պատրաստել իրենց ապագա ռոբոտների և այլ սարքավորումների համար անհրաժեշտ դետալներն ու առարկաները։ 
Ինժեներական լաբորատորիայի համար նախատեսված սարքերն արտադրված են Հայաստանում։ Լաբորատորիայում օգտագործվում են մինի համակարգիչներ՝ «Լինուքս» օպերացիոն համակարգով և «Աղուէս» ու «Կրիայ» ծրագրավորման միջավայրերով:
«Մենք կարևորում ենք մարզերում տեխնոլոգիական ժամանակակից կրթության ապահովումը, քանի որ այն իր հետ բերելու է նաև համայնքային ձեռներեցության զարգացում: Վստահ եմ, որ այս լաբորատորիայի սաներն առաջիկայում հանդես կգան իրենց ստեղծարար և մրցունակ գաղափարներով»,- ընդգծեց ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը։
Բացման պաշտոնական արարողությունից հետո լաբորատորիա հաճախող աշակերտներին մրցութային առաջադրանք տրվեց՝ ցուցադրելու յուրացրած գիտելիքները։ Ի դեպ, արդեն 2016 թ. սեպտեմբերին խմբակի 3 մասնակիցներ՝ Տիգրան  Մխիթարյան, Աննա Եղինյան, Զինա Սարգսյան, հասցրել են մասնակցել Երևանում կայացած Դիջիթեք Էքսպո-2016 ցուցահանդեսին։
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play