Ադրբեջանական զինուժը հրթիռակոծել և արկակոծել է «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից
02-03-2017 09:20:25 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Թշնամին գործի է դրել նաև այլ զինատեսակներ: Հայկական կողմից զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացանք նաև, որ շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ձեռքի հակատանկային, հակատանկային հաստոցավոր, հաստոցավոր ավտոմատ ու ենթափողային նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 51 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: