Նարեկ Դուրյանը փոքրիկների համար պատրաստել է նոր մանկական երաժշտական կատակերգություն` «Տիկնիկների խանութ» խորագրով


Նարեկ Դուրյանը փոքրիկների համար պատրաստել է նոր մանկական երաժշտական կատակերգություն` «Տիկնիկների խանութ» խորագրով

  • 02-03-2017 14:58:56   | Հայաստան  |  Հասարակություն

Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը մարտի 25-ին հանրության դատին կհանձնի «Տիկնիկների խանութ» նոր մանկական երաժշտական կատակերգությունը:
 
Բաղրամյան 3 հասցեում գտնվող թատրոնում վերջերս բեմադրված «Ամանորը Նազարի մոտ» ներկայացման հաջողությամբ պայմանավորված և հանդիսատեսի պահանջով` Դուրյանը սկսեց աշխատել նոր ներկայացման վրա:  
«Երեխաները շատ սիրեցին «Ամանորը Նազարի մոտ» ներկայացումը, մինչև այսօր հեռախոսազանգերը չեն դադարում, հանդիսատեսը մանկական ներկայացում է պահանջում»,- նշել է թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը` հավելելով, որ նոր ներկայացման մեջ ներառված է 5-6 մանկական երգ, որոնք հեղինակել է հենց Դուրյանը:
«Տիկնիկների խանութ»-ի հիմքում Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են, բայց կան նաև այլ հերոսներ:
Գործողությունները տեղի են ունենում տիկնիկների խանութում: Երբ բոլորը քնում են, տիկնիկներն արթնանում են ու ապրում իրենց կյանքով: Ու..հեքիաթը սկսվում է: Ուսուցողական և յուրահատուկ այս ներկայացման մեջ ներառված են նաև ինտերակտիվ հատվածներ: Ներկայացման մեջ ներգրավված են Նարեկ Դուրյանի ուսանողները, որոնց մանուկ և պատանի հանդիսատեսը հասցրել է սիրել:
«Մենք պետք է պահպանենք մեր ազգային հեքիաթները և, այնուամենայնիվ, պետք է 21-րդ դարի շունչ մտցնենք դրանց մեջ: Այսինքն` ժամանակակից դարձնենք դրանք, որ 21-րդ դարի երեխան կարողանա մեկ ժամ նստել, լարված դիտել և սիրել հերոսներին: Ի դեպ, մեծերը ևս կարող են դիտել ներկայացումը»,- հավելում է Քրիստինա Հովհաննիսյանը:
Պրեմիերայից հետո «Տիկնիկների խանութ»-ը կհամալրի «Բոհեմ»-ի խաղացանկը` ամեն շաբաթ և կիրակի ցուցադրվելով թատրոնի բեմում:
Նոյյան տապան  -   Հասարակություն