Խորհրդի նիստում հասարակական կազմակերպությունների կողմից արվել են գործնական առաջարկներ


Խորհրդի նիստում հասարակական կազմակերպությունների կողմից արվել են գործնական առաջարկներ

  • 02-03-2017 17:59:07   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում նախարար Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ կրկին ընդգրկվել էր Գետառ և Հրազդան գետերի սելավատարների և Ավանի վարչական տարածքում գտնվող Երևանի սելավընդունիչների հարցը:
 
Ամփոփելով նախորդ նիստում գիտական հաստատությունների մասնագետների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Վեոլիա Ջուր  ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ կազմակերպված քննարկումների  արդյունքները` Խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ խնդրի բազմակողմանի դիտարկման նպատակով անհրաժեշտություն էր առաջացել ծանոթանալ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության դիրքորոշմանը: 
 Հարցի առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մոտեցումները ներկայացրել են խորհրդի նիստին հրավիրված Հիդրոմետ ծառայության  հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը և Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Դաշյանը: Ա. Միսակյանը տեղեկացնելով, որ ձմռան ամիսներին որոշ հատվածներում գրանցվել են նորմայից մի քանի անգամ ավել տեղումներ, հայտնել է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում մի շարք գետերում, այդ թվում` Հրազդան գետի մերձափնյա շրջաններում հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է անել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ տվյալներ կլինեն մոտեցող տաք օդային հոսանքների ու դրանց ուղեկցող ինտենսիվ անձրևների մասին: Ա. Դաշյանը հայտնել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել և ներկայացրել է առաջարկներ հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից ՀՀ բնակավայրերը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Բանախոսներն իրենց ելույթներում արձանագրել են հնարավոր հեղեղումների բարձր ռիսկը: 
Նախարար Արծվիկ Մինասյանը, կարևորելով խնդրին հիմնարար և համակարգային լուծում տալը, միաժամանակ օրախնդիր է համարել ներկայում ստեղծված իրավիճակին և հնարավոր ռիսկերին օպերատիվ արձագանքելու ու կանխարգելիչ գործողությունների իրականացումը: Այս նպատակով հասարակական խորհուրդը որոշել է դիմել գործադիրին` միջգերատեսչական հանձնաժողով ձևավորելու առաջարկով, որում պետական մարմիններից զատ կառաջարկվեն նաև ընդգրկել Երևանի քաղաքապետարանի մասնագետներին, ոլորտի գիտնականներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին /միջազգային փորձը ներկայացնելու նպատակով/: Խորհուրդը որոշել է դիմել նաև Երևանի քաղաքապետարանին և ՀՀ տարածքային զարգացման և կառավարաման նախարարությանը` իրականացնելու իրավիճակին համահունչ օպերատիվ միջոցառումներ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար: 
   «Շրջակա միջավայրի պահպանության իրավական կենտրոն» ՀԿ նախագահ Աիդա Իսկոյանը ներկայացրել է Էկոլոգիական օրենսդրության զարգացման առաջնահերթությունները: Բանախոսը թվարկել է էկոլոգիական օրենսդրության առանձնահատկությունները և հայտնել, որ կան բնապահպանական առանձին ոլորտներ, որոնք օրենսդրորեն կարգավորված չեն: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջարկել է մասնագետների հետ քննարկումների արդյունքում ներկայացնել անհրաժեշտ օրենքների ցանկը, ինչի ուղղությամբ հետագայում կծավալվեն հետևողական աշխատանքներ:
   Օրակարգային երրորդ հարցի շրջանակներում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է գայլերի թվաքանակի կարգավորման այլընտրանքային գիտական մոտեցում, ինչը նվազագույնի կհասցնի որսալու միջոցի կիրառումը: Նախաձեռնությունը հավանության է արժանացել բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից: ՀՀ բնապահպանության նախարարն առաջարկել է մոտեցումը գրավոր ներկայացնել, որպեսզի կազմակերպվի մասնագիտական քննարկում` նրա արդյունավետությունը գնահատման և առկա իրավիճակում մեթոդի կիրառման նպատակահարմարությունը որոշելու համար:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն