Իտալիայի վարչապետն առաջարկում է Եվրամիության ապագայի վերաբերյալ հայտարարագիր ստորագրել
08-03-2017 15:10:17 | Իտալիա | Միջազգային
Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին առաջարկում է Հռոմեական համաձայնագրի հոբելյանական 60-րդ տարելիցի կապակցությամբ մարտի 25-ին Հռոմում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում միության ապագայի վերաբերյալ հայտարարագիր ստորագրել:
tass-ի փոխանցմամբ` իտալական կառավարության ղեկավարն այդ մասին հայտարարել է ազգային խորհրդարանում ելույթով հանդես գալու ժամանակ:
«Իմ սերնդի մարդկանց համար ակնհայտ է Եվրոպայի երջանկությունը, որի ընթացքում այսքան երկար պահպանվում է խաղաղությունը: Միացյալ Եվրոպայի ձևավորման մեկ այլ կարևոր արդյունքը նրանում է, որ այն թույլ է տվել շատ երկրների` Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա, ավարտել բռնապետության շրջանները»,- ասել է նա` հավելելով, որ Եվրամիությունը հանդիսանում է խաղաղության և ժողովրդավարության հրաշալի միջոց:
Նրա խոսքերով` ԵՄ բոլոր ձեռբերումներն այժմ վտանգված են, ուստի անհրաժեշտ է Հռոմում ստորագրել ԵՄ ապագային վերաբերող հայտարարագիր, որի հիմքում երեք կարևոր սկզբունք կլինի, մասնավորապես, անվտանգություն և պաշտպանություն, սոցիալական պաշտպանություն և մարդկանց ազատ տեղաշարժի ապահովում: