Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վայոց ձորի մարզում


Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վայոց ձորի մարզում

  • 13-03-2017 12:41:47   | Վայոց ձորի մարզ  |  Քաղաքական

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մարտի 12-ին այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզ: Կարեն Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Ջերմուկ, Վայք, Մալիշկա և Եղեգնաձոր համայնքների բնակչության հետ, ներկայացրել է ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները և տարբեր ոլորտներում առաջարկվող բարեփոխումները, որոնք ուղղված են մեր երկրի հետագա առաջընթացին:
 
ՀՀԿ առաջին փոխանախագահը նախ և առաջ նշել է, որ ՀՀԿ-ն ունի իր ծրագիրը կյանքի կոչելու և իրագործելու ներուժը: «Ունենք ռեալ թիմ, որը բազմազան է, փորձված, այդ թվում՝ իր սխալների վրա փորձված, որը պատրաստ է բեռ վերցնել և խնդիրներ լուծել: Հայտարարել ենք, որ փոխվելու և փոխելու անհրաժեշտություն և հրամայական կա: Պետք է սկսենք հենց մեզնից: Շատ հստակ ֆիքսել ենք մեր վերաբերմունքն Արցախի և անվտանգության նկատմամբ: Ձևակերպել ենք տնտեսական զարգացման ծրագիր, որտեղ բոլոր ոլորտների և´ խնդիրները, և´ ախտորոշումը կան: Դա այն տեսությունն է, այն քայլերն ու գործողությունները, որով մենք առաջ ենք շարժվելու: Երբ ասում ենք, որ յուրաքանչյուր ոլորտի հետ կապված ունենք պատկերացումներ, թե ինչպես ենք անելու, ոլորտ բառի տակ նկատի ունենք նաև պետական կառավարման համակարգը: Սկզբունքորեն նոր մշակույթ ենք մտցնելու տարածքային կառավարման համակարգի մեջ: Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել համայնքապետերի հետ և ֆիքսել ենք, թե մեր եռաստիճան կառավարման մեջ ով ինչ է անելու՝ կառավարությունը, մարզպետարանը և համայնքը:Վստահ եղեք, որ մեր ծրագրի մեջ արհեստական բան չենք դրել, հաճոյանալու խնդիր չենք դրել, գրել ենք այն, ինչ կարողանալու ենք անել: Դա չի նշանակում, որ ծրագիրը հավակնոտ չէ: Ձեզ խնդրում եմ, որ այն հիասթափությունն ու նեղվածությունը, որ ունեք և որի պատճառներն օբյեկտիվ են, մի պահ կողմ քաշեք, լավատես լինենք, որովհետև նման տրամադրությամբ փոփոխություն անելը, առաջ գնալը բավական դժվար է», - ասել է Կարեն Կարապետյանը:
Վայոց ձորում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալին ուղղված հարցերը բազմազան էին՝ սկսած սոցիալական ոլորտից (կենսաթոշակներ, ավանդներ, նպաստներ, աշխատատեղեր) վերջացրած զբոսաշրջության զարգացմամբ ու կոռուպցիայի դեմ պայքարով: Կարեն Կարապետյանը հանգամանալից պատասխանել է վայոցձորցիներին հուզող հարցերին՝ ներկայացնելով այդ ուղղություններով նախատեսվող քայլերն ու փոփոխությունները:  «Ինչ էլ անենք, եթե աշխատատեղ չստեղծենք, եթե աշխատավարձ չտանք, եթե մարդուն հնարավորություն չտանք արժանավայել ապրել, որևէ առաջընթաց չենք ունենալու: Այդ պատճառով հստակ ներդրումային ծրագիր ունենք ամբողջ հանրապետության համար, որը կազմում է 3.2 մլրդ ԱՄՆ դոլար: Դրանից 830-840 մլն ԱՄՆ դոլարը կլինի այս տարի, որից 109 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը նախատեսված է Վայոց ձորում: 109 մլն ԱՄՆ դոլար ներդրման պարագայում Վայոց ձորում մենք ունենալու ենք 2450 աշխատատեղ», - տեղեկացրել է ՀՀ վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ բացի դրանից, չի բացառվում նաև մասնավոր ներդրողների ներգրավումը մարզում, իսկ կանխատեսվող ներդրումները  տարբեր ոլորտներում են: «Վայոց ձորում մենք ունենք 4 ճյուղ, որի վրա հատուկ ուշադրություն ենք դարձնելու՝ գյուղատնտեսություն՝ կաթի և պանրի արտադրությամբ համատեղ, խաղողագործություն և գինեգործություն, հանքային ջրերի բիզնես ու հարակից ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն:  Մենք ստեղծել ենք Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որի խնդիրը ոչ միայն ֆինանսական, այլև մասնագիտական աջակցությունն է ոլորտին և գյուղացիներին», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Իրանական շուկայում հայկական արտադրանքի ներկայացվածության ցածր մակարդակը հաշվի առնելով՝ ռեալ քայլեր են կատարվում նաև Իրանի հետ համագործակցությունը սերտացնելու և ընդլայնելու ուղղությամբ. ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի, հիմնվելու է համատեղ ընկերություն ՓՄՁ-ին աջակցելու և արտադրանքի իրացումը կազմակերպելու համար:
Զբոսաշրջության խթանումը ևս ՀՀԿ նախընտրական ծրագրի առաջնահերթություններից է՝ վայոցձորցիներին տեղեկացրել է ՀՀԿ առաջին փոխնախագահը: «Ստեղծել ենք Զբոսաշրջության պետական կոմիտե, որպեսզի հասկանանք, թե յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր տարածաշրջանում որն է մեր առավելությունը և ինչով կարող ենք զբոսաշրջիկին բերել այստեղ», - ասել է Կարեն Կարապետյանը:
Վայոց ձորում հարց է հնչել կենսաթոշակների բարձրացման, ավանդների վերադարձի վերաբերյալ: «Ես չափազանց շահագրգռված եմ, որ ձեր թոշակը բարձր լինի, որ ՀՀ քաղաքացին լավ ապրի: Որպեսզի մենք ձեր թոշակները բարձրացնենք, մենք պետք է տնտեսությունը զարգացնենք: Երբ տնտեսությունը զարգացնենք, հավելյալ արժեք ստեղծենք, աշխատատեղեր ստեղծենք, մարդիկ աշխատավարձ ստանան, բյուջեն լցվի, այդ գումարը հնարավորություն կտա թոշակները բարձրացնել: Դրա համար շատ համալիր, մեծ, բոլոր ոլորտներին վերաբերող տնտեսության զարգացման ծրագիր ենք տվել: Մենք անպայման  անելու ենք դա», - հարցի առնչությամբ ասել է Կարեն Կարապետյանը:
Իսկ Ջերմուկ քաղաքում ՀՀԿ առաջին փոխնախագահին հարց է ուղղվել կոռուպցիայի դեմ պայքարի, արագաչափերի նպատակահարմարության, տուգանքների համարժեքության մասին: Կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ Կարեն Կարապետյանը կարևորել է հանրային իրազեկվածության բարձրացումը և քաղաքացիների՝ իրենց իրավունքներին տեղյակ լինելը: «Մեր հակակոռուպցիոն փիլիսոփայությունն ու գործողություններն ուղղված են նրան, որպեսի կոռուպցիոն միջավայրը փոխենք, ռիսկերը նվազեցնենք: Այդ ուղղությամբ բավական քայլեր ենք ձեռնարկել՝ օրենքներ, նորմատիվներ, լիցենզիաների պարզեցում և այլն, ընդհանրապես բերել ենք նրան, որ քաղաքացին չինովնիկի հետ մինիմալ շփվի», - ասել է վարչապետը:
Ինչ վերաբերում է արագաչափերին և տուգանքներին, ՀՀԿ առաջին փոխնախագահը տեղեկացրել է, որ վերջերս որոշում է ընդունվել, որով տույժերը զրոյացվել են, և այժմ քննարկվում է տուգանքների չափը, աշխատանք է տարվում արհեստական օրենքների շտկման ուղղությամբ: «Անպայման վիճակագրությամբ հետևելու ենք, որովհետև եթե համակարգ ենք սարքում, որի նպատակն է մաքսիմալ փող, ապա այդ համակարգը  հենց սկզբից  սխալ է: Մենք, հակառակը, համակարգ ենք սարքում, որպեսզի մարդու կյանքի անվտանգությունը բարձրացնենք, այսինքն՝ արագաչափերի, տուգանքների գերխնդիրը պետք է լինի ոչ թե շատ փող բերելը և այն ինչ-որ կերպ ծախսելը, այլ ճանապարհներին մեր անվտանգությունն ավելի բարձրացնելը», - շեշտել է Կարեն Կարապետյանը: 
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն առանձնահատւկ ընդգծել է կրթության կարևորությունը՝ ներկայացնելով այդ ոլորտում նախատեսվող քայլերը: «Մենք ուղղակի պարտադրված ենք խելացի լինել, որպեսզի անվտանգ, ապահով և բարեկեցիկ ապրենք: Իսկ դրա համար պետք է կրթվել ու սովորել: Մենք ոչ թե կարող ենք, այլ պարտավոր ենք ունենալ այնպիսի երկիր, որով յուրաքանչյուրս հպարտանա: Վայոց ձորը ֆանտաստիկ տարածաշրջան է՝ իր բնակլիմայական պայմաններով, իր ժողովրդով, և ընդհանրապես մեր զարգացման ծրագրում հիմնական ներուժը մարդն է: Մենք մաքսիմալ պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի ինքը կարողանա իր ստեղծագործ կարողություններն իրագործել: Անպայման եղե´ք ակտիվ, եղե´ք հանդուրժող միմյանց նկատմամբ, բայց անհանդուրժող անտարբերության և անարդարության նկատմամբ, որը, ցավոք, մեր երկրում դեռ կա: Ակնկալում ենք ձեզնից ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, որովհետև մենք բոլորս միասին պետք է կատարենք ընտրություն: Ապրիլի 2-ին անպայման մասնակցեք ընտրությանը և ընտրեք այն ուժին, որին հավատում եք, վստահում եք, որի ծրագիրն իրագործելի է», - վայոցձորցիներին հորդորել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play