Սա, ըստ էության, քաղաքական կոռուպցիա է, երբ որ մարդիկ զանգվածաբար վաճառում են իրենց ձայները փողով


Սա, ըստ էության, քաղաքական կոռուպցիա է, երբ որ մարդիկ զանգվածաբար վաճառում են իրենց ձայները փողով

  • 13-03-2017 21:23:10   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, փորձագետ Ատոմ Մարգարյանը նշելով, որ քաղաքական շուկան ևս տնտեսական շուկաների կանոններով է աշխատում, ասաց.
«Կան այստեղ գնորդներ, դրանք կուսակցություններն են, դաշինքներն են, թեկնածուներն են, կան վաճառողներ, որքան էլ տարօրինակ է, մենք ենք` ընտրողներս, ապագա հարկատուներս: Գնորդները և վաճառողները, բնական է, այսպես ասած, սակարկում են այդ ապրանքների շուրջ, մենք վաճառում ենք մեր ապրանքները` մեր ձայները, դրա փոխարեն վերցնում ենք ծրագրեր, ուրիշ բան չհասկանաք… Մենք վերցնում ենք ծրագրեր, գաղափարներ, խոստումներ, և որտեղ կհավասարակշռվի շուկան, ցույց կտան, իհարկե, առաջիկա ընտրությունները»:
Տնտեսագետը միաժամանակ նշեց, որ ընտրողները տարասեռ են…
«Իհարկե, ողջամիտ, նորմալ ընտրողները,- շարունակեց Ատոմ Մարգարյանը,- առևտուր են անում, փոխանակության այս պրոցեսում ծրագրերի և խոստումների դիմաց են իրենց ձայները փոխանակում, բայց, ցավոք, մեր իրականությունն այնպիսին է, որ, այսպես կոչված, ռացիոնալ, անտարբեր ընտրազանգվածն առևտուր է անում, միջնորդավորված վաճառում է իր ձայնը փողով, չմտածելով ապագայի մասին: Նաև` պատճառներից մեկն է դա, թե ինչու է մեր երկիրը, մասնավորապես` տնտեսական համակարգը, կոռումպացված: Որովհետև քաղաքական կոռուպցիան, ըստ էության, ելակետ է հանդիսանում… Իսկ սա, ըստ էության, քաղաքական կոռուպցիա է, երբ որ մարդիկ զանգվածաբար վաճառում են իրենց ձայները փողով, ոչ` գաղափարների դիմաց, և ոչ` ծրագրերի դիմաց»:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play