Թուրքիան ծանր ապտակ ստանալով, ուղղակի գազազել է. նոր զարգացումներ


Թուրքիան ծանր ապտակ ստանալով, ուղղակի գազազել է. նոր զարգացումներ

  • 14-03-2017 14:52:57   | Ավստրիա  |  Քաղաքական

 
 
Նիդերլանդները և Թուրքիան սպառնում են միմյանց, առճակատումն արդեն սկսված է… Թուրքիայի եվրոպական մղձավանջը դեռ կարող է ահագնանալ:
Աննախադեպ սրվել են Նիդերլանդների (Հոլանդիայի) և Թուրքիայի հարաբերությունները: Լարվածությունը մեղմելուն չի օգնել նույնիսկ Թուրքիայի և Նիդերլանդների վարչապետների մարտի 12-ի հեռախոսազրույցը:
Ինչպես արդեն հայտնի է, Նիդերլանդների կառավարությունը մարտի 11-ին չի թույլատրել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ինքնաթիռի վայրէջքը Նիդերլանդներում: Նախօրեին Ամստերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբն անվտանգության նկատառումներով Թուրքիայի արտգործնախարարին արգելել էր հանրահավաք անցկացնել Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ:
Ըստ արտերկրի և միջազգային ԶԼՄ-ների, Թուրքիայի արտգործնախարարը Նիդերլանդներում մտադիր էր մասնակցել Թուրքիայի Սահմանադրության բարեփոխման մասին հանրաքվեի հարցով «Արդարություն և զարգացում» կուսակցության աջակիցների և թուրք համայնքի հետ քարոզչական հանդիպում- համագումարին՝ ներկայացնելու Թուրքիայի Սահամանադրության փոփոխության դրական կողմերը:
Մինչ Թուրքիայի արտգործնախարարի ինքնաթիռի վայրէջքի արգելումը, Ռոտերդամի քաղաքապետը, «Reuters»-ի տեղեկացմամբ, հայտարարել էր, որ Մևլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ քաղաքում նախատեսված քարոզչական հանրահավաքը չի կայանա: Քաղխորհուրդ ուղարկած նամակով նա հայտնել էր, որ այն տարածքի տերը, որտեղ պլանավորված էր Չավուշօղլու մասնակցությամբ անցկացնել հանրահավաքը, հետ է կանչել այդ միջոցառման անցկացման թույլտվությունը: Հայտնվում է նաև, որ թուրք ղեկավարների մասնակցությամբ թուրքական սփյուռքի համար կազմակերպվող հանրահավաքները անհանգստություն են առաջացրել Նիդերլանդների և Գերմանիայի բնակիչների և իշխանությունների շրջանում:
Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ Գերմանիայի, Նիդերլանդների բնակիչները և իշխանությունները վերջապես արդեն սկսել են գլխի ընկնել, թե ինչ է նշանակում թուրք բնակչության ահռելի քանակության առկայությունն իրենց երկրում:
Նիդերլանդների իշխանությունները հավանաբար համարել են, որ իրենց երկիրն ինքնիշխան պետություն է, հետևաբար անպատվաբեր և անթույլատրելի է, որ մեկ այլ պետության վարչապետ, արգելքի իրենց որոշումն արհամարհելով, գա և Նիդերլանդներում հանրահավաք անցկացնի: Բայց խնդիրը միայն դա չէ… Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում նաև` Նիդերլանդները, Թուրքիայի սահմանադրական բարեփոխումները համարում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ամրապնդմանն նպատակաուղղված ոչ ժողովրդավարական քայլ:
Նիդերլանդների ոստիկանությունն, իր հերթին, արգելել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայայի մուտքը Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսություն: Ոստիկանությունը նրան արգելափակել է հյուպատոսության մոտակայքում, որտեղ հավաքված են եղել թուրքական դրոշներով ցուցարարները: «Reuters»-ի տեղեկացմամբ, Նիդերլանդների իշխանությունները որոշել են Ֆաթմա Բեթուլ Սայամ Քայաին ոստիկանության ուղեկցությամբ հետ ուղարկել Գերմանիա, որտեղից նա ավտոմեքենայով եկել էր Ռոտերդամ: Սրան հաջորդել է ոստիկանության հայտարարությունը, որ եթե նախարարն իր փորձը կրկնի, ապա նրան կձերբակալեն: Թուրք նախարարին Նիդերլանդներում արդեն հայտարարել են «Պերսոնա նոն գրատա», այսինքն` անցանկալի անձ, անցանկալի օտարերկրացի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Նիդերլանդներին դիվանագիտական պատժամիջոցներով ու հայտարարել է, որ վարչապետի և նախարարի ելույթների արգելման կապակցությամբ պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Փաստորեն, Նիդերլանդները Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ վարվեց այնպես, ինպես Գերմանիան բոլորովին վերջերս վարվեց Թուրքիայի պետական պաշտոնատարների նկատմամբ, միայն թե վարվեց շատ ավելի կոշտ կերպով` արգելելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռի վայրէջքը Ռոտերդամի օդանավակայանում, թուրք նախարարին արգելելով մուտք գործել նշված քաղաքում իր իսկ երկրի գլխավոր հյուպատոսություն, իսկ փորձը կրկնելու դեպքում սպառնալով ձերբակալությամբ: Կատարվածն այնպիսի ծանր ապտակ է Թուրքիային, որ վերջինս ուղղակի գազազել է…
Հիշենք, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Մերկելի կառավարությունը Գերմանիայի տարբեր շրջաններում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում Թուրքիայի պետական պաշտոնատարների քարոզչական ելույթները, նրանց կողմից նախատեսված հանրահավաքներն արգելեց: Էրդողանը Գերմանիայի իշխանությունների այդ վերաբերմունքը նմանեցրել է նացիստների պրակտիկային:
Նիդերլանդների և Թուրքիայի հարաբերությունների լարումը հասել է այն աստիճանի, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրջորեն անհանգստացել և ռազմաքաղաքական նույն դաշինքի անդամ այդ երկու պետություններից պահանջել է կարգավորել իրենց հարաբերությունները, վերջ տալ լարվածությանը: ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ պետության` ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Այրոն նույնպես հանդես է եկել լարվածությունը մեղմելու պահանջով և Թուրքիայի պետական այրերին կոչ արել զերծ մնալ սադրիչ քայլերից:
Թուրքիան Նիդերլանդներից պահանջել է նորողություն խնդրել, սակայն, ինչպես տեղեկացրել է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն մարտի 12-ին այդ երկրի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում հայտարարել է, որ ներողություն պետք է խնդրի ոչ թե Նիդերլանդները, այլև Թուրքիայի կառավարությունը: Նիդերլանդների վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ներողություն չի խնդրի  թուրք նախարարի մուտքը Նիդերլանդներ արգելելու համար, և Թուրքիայի նախագահ Էրդողանից պահանջել է ներողություն խնդրել վերջերս արած հայտարարությունների համար: Մարտի 11-ին Էրդողանը Նիդերլանդների իշխանություններին «ֆաշիստներ» էր անվանել, քանի որ նրանք Թուրքիայի արտգործնախարարին արգելել էին իրենց երկիր մտնել: Չավուշօղլուն, իր հերթին, Ֆրանսիայում Նիդերլանդները «ֆաշիզմի մայրաքաղաք» էր անվանել:
«Թուրքիան պետք է ներողություն խնդրի հոլանդացիներին նացիստների հետ համեմատելու համար»,- ասել է Մարկ Ռյուտեն և հավելել, որ Թուրքիայի նախագահի խոսքն անընդունելի է և չի նպաստում լարվածության թուլացմանը:
Նիդերլանդների վարչապետն ասել է  նաև, որ եթե Թուրքիան «նույն ոգով շարունակի», Նիդերլանդները ստիպված կլինի պատասխան միջոցառումների մասին մտածել: Թուրքիան էլ Նիդերլանդներին է զգուշացրել, որ ամենախիստ միջոցներով կհակադարձի վերջինիս քայլերին:
Եվ, ահա, այսօր արտերկրի և միջազգային լրատվամիջոցները տեղեկություններ հրապարակեցին այն մասին, որ Թուրքիան ամենաբարձր մակարդակում դադարեցրել է Նիդերլանդերի հետ իր հարաբերությունները:
«Ֆրանս Պրես»-ի, «Reuters»-ի և «CNN Turk»-ի տեղեկացմամբ, Անկարան Թուրքիայի պետական այրերի հանրահավաքների ծրագիրը չեղարկելու Նիդերլանդների իշխանությունների քայլերի պատճառով երեկ արդեն խզել է Նիդերլանդների հետ իր հարաբերությունները: 
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն այդ երկրի կառավարության նիստից հետո հայտարարել է, որ քանի դեռ Նիդերլանդները չի հատուցել կատարվածի համար, դադարեցվում են Անկարա-Ամեստերդամ բարձր մակարդակի հարաբերությունները, ինչպես նաև նախարարների ու ավելի բարձր մակարդակում երկու երկրի պաշտոնատարների հանդիպման ծրագրերը:
«Ֆաշիզմն ու Նացիզմը տարածվել են Եվրոպայում և այդ պատճառով Եվրոպան  առաջիկա քանի տարիների ընթացքում փլուզվելու է»,-հայտարարել է Քուրթուլմուշը:
Թուրքիայի կառավարությունը նաև հայտարարել է, որ քանի դեռ Ամեստերդամը չի ընդունել քաղաքական հանրահավաքներ անցկացնելու համար Թուրքիայի պայմանները, Անկարայում Նիդերլանդների դեսպան Քիս Քորնելիս Վան Ռիչին չի թույլատրվելու Անկարա վերադառնալ: Ավելին, Անկարան նաև արգելել է Թուրքիայի օդանավակայաններում նիդերլանդական դիվանագիտական ինքնաթիռների վայրէջքը:
Ընդգծենք, որ այն, ինչ տեղի ունեցավ Գերմանիայում, ապա և Նիդերլանդներում, առաջիկայում կարող է տեղի ունենալ նաև Ավստրիայում: Վերջինիս կանցլեր Քրիստիան Քերնը երեկ հայտարարել է, որ Վիեննայի կառավարությունը փորձելու է կանխել Ավստրիայում Թուրքիայի նախարարների քարոզարշավը: Եթե այսպես շարունակվի, Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից և հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու ցանկությունից:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play