Նախընտրական կրքերի քրեական դրսևորումները` փոխոստիկանապետի եղբոր ծեծից մինչև կրակոցներ ինքնաձիգից (տեսանյութ)
14-03-2017 19:55:33 | Հայաստան | Իրավունք
ՀՀ փոխոստիկանապետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի հայրենի Ջրառատ գյուղում (Արմավիրի մարզ) այսօր հնչել են կրակոցներ: Չէ՜, «հնչել են կրակոցներ»-ը շատ մեղմ է ասված կամ չի արտահայտում կատարվածի բուն էությունը…
Ի՞նչ է հայտնի դեպքի մասին պաշտոնապես: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի պաշտոնական հաղորդագրության համաձայն, այսօր Ջրառատ գյուղում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից, Ջրառատում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի երեք` 112-րդ, 258-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով, իսկ միջադեպին մասնակցած, մարմնական վնասվածքներ պատճառած անձանց, ինչպես նաև տուժածների անուններն այս պահին չի կարող հայտնել: Ըստ Սոնա Տռուզյանի, նախնական տվյալներով երեք անձ է վիրավորվել, տուժածներից մեկի վնասվածքը հրազենային է` ոտքի շրջանում, մյուսը պատճառվել է կտրող-ծակող գործիքով, իսկ երրորդի վնասվածքը, դարձյալ ըստ նախնական տվյալների, կոտրվածք է:
«Ավելի մանրամասն տեղեկություններ չեմ կարող ասել, քանի դեռ դեպքի վայրում է քննչական խումբը,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը:- Միջոցներ են ձեռնարկվում` պարզելու վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ գործով զբաղվում է քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը: Մեկ անձ արդեն բերման է ենթարկվել, ստուգվում է կատարվածին նրա առնչությունը»:
Մեր ունեցած նախնական տեղեկությունների համաձայն, Ջրառատում գործի է դրվել ինքնաձիգ, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, կրակել է բացվել գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, նրա հորեղբորն էլ դանակահարել են: Ըստ շրջանառվող տեղեկությունների, գյուղապետարանի մոտակայքում ինքնաձիգից կրակել է Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրը, որը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանի ազգականն է:
Yerkir.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօրվա կրակոցների մասին տեղեկանալուց հետո ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մորաքույրը, ով մի քանի օր է, ինչ հյուր էր եկել Ջրառատ, հանկարծամահ է եղել, նա, մինչ շտապօգնության ժամանելը, մահացել է սրտի կաթվածից:
Այժմ դեռ դժվար է ասել, թե կատարվածին ինչպես է արձագանքելու այժմ ՌԴ կատարած պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, շուտով կիմանանք…
Հիշեցնենք, որ Ջրառատում 2 օր առաջ՝ մարտի 12-ին, նույնպես հանցագործություն էր էր տեղի ունեցել, որի կապակցությամբ ՀՀ քննչական կայքում հրապարակված է հետևյալ տեղեկությունը.
«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ 2017թ. մարտի 12-ին Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ մարտի 12-ին՝ ժամը 18:25-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ այտի կոպի շրջանի սալջարդային քերծվածքներ, գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լեռնիկ Երանոսյանը, ով հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել Ջրառատ գյուղում: Նույն օրը՝ ժամը 19:40-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոպի հեմատոմա, սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են ընդունվել Միքայել Բաբոյանը և հայտարարել, որ վնասվածքն ստացել է Ջրառատ գյուղում վիճաբանության ժամանակ:
Նախնական տվյալներով՝ մարտի 12-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Լ. Երանոսյանը և Մ. Բաբոյանը ստացել են նշված մարմնական վնասվածքները։ Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն վիճաբանության ժամանակ Լ. Երանոսյանն իր ատրճանակով արձակել է մեկ կրակոց՝ օդ:
Զննվել է դեպքի վայրը, որի ժամանակ վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել «Մակարով» տեսակի ատրճանակը։
Նշված դեպքի շրջանակներում նույն օրը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 5 անձ, ևս մեկը ներկայացել է կամավոր։ Առգրավվել են վերջիններիս հագին՝ դեպքի պահին եղած հագուստները։ Բերման ենթարկված անձինք փաստաբանի ներկայությամբ հրաժարվել են կրակոցի արգասիքի նմուշ և բացատրություններ տալուց:
Ստուգվել է բերման ենթարկվածների սթափության աստիճանը և, համաձայն զննության արձանագրություն, նրանք գտնվել են սթափ վիճակում:
Դեպքի վերաբերյալ հաղորդում և բացատրություն է տվել Լեռնիկ Երանոսյանը։ Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։ Փաստական հանգամանքների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։
Նշենք, որ Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանի եղբայրն է, ով, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դեռ գտնվում է հիվանդանոցում, իսկ բերման ենթարկված վերոնշյալ անձինք, ովքեր փաստաբանի ներկայությամբ հրաժարվել են կրակոցի արգասիքի նմուշ և բացատրություններ տալ, ՕՐՕ դաշինքի համակիրներից են:
Բացառված չէ, որ այսօրվա միջադեպը մարտի 12-ին տեղի ունեցածի շարունակությունը լինի՝ իր հիմքում ունենալով Լեռնիկ Երանոսյանին պատճառված վնասվածքների համար վրեժխնդրությունը: Հնարավոր է նաև, որ Ջրառատում այսօր տեղի ունեցածը ՕՐՕ դաշինքին և, ընդհանրապես, ընդդիմությանը վախեցնելու նպատակով է կատարվել կամ իր հիմքում ունի բոլորովին այլ շարժառիթ: Ճշմարտությունը պարզելուն կոչված է նախաքննությունը, որն ունի այդ հնարավորությունները:
Ի դեպ, ՕՐՕ դաշինքը մարտի 12-ին հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր. «Այսօր կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում առավոտյան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից և գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերևս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։
Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից և վնասազերծել օրինախախտին»:
Կարծում ենք, այսօրվա, ինչպես նաև մարտի 12-ի հիշյալ դեպքերը չէին լինի, եթե ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններն իրենց դերում լինեին, Փարպի գյուղում փետրվարի 26-ին տեղի ունեցած ծեծուջարդի առնչությամբ արդեն քրեական գործ հարուցված լիներ և մեղադրանք առաջադրված լիներ որոշակի անձանց՝ ի կատարումն ՀՀ քրեական օրենսդրության պահանջների, և ի դաս բոլոր նրանց, ովքեր պատրաստ են իրենց ընտրական նկրտումների համար խառնակել մինչև իսկ հանրապետության ներքին կյանքը: Եթե այս անգամ էլ կտրուկ ու խիստ միջոցներ չձեռնարկվեցին մեղավորների նկատմամբ (անկախ նրանից, թե ովքեր կլինեն նրանք՝ ՕՐՕ դաշինքի համակիրներ, դաշինքի մաս կազմող կուսակցությունների անդամներ, ՀՀԿ անդամներ, ՀՀ փոխոստիկանապետի հարազատներ և ազգականներ), ապա առաջիկայում հնարավոր ավելի մեծ արյունահեղության պատասխանատվությունն ընկնելու է իշխանությունների վրա: