Չինական հայտնի ֆիլմերի անվճար ցուցադրություն «Մոսկվա» կինոթատրոնում` նվիրված հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին (Տեսանյութ)
16-03-2017 20:47:24 | Հայաստան | Հասարակություն
Հայ-չինական դիավանագիտական փոխահարաբերություններն ունեն 25 տարվա պատմություն: Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ` Երևանում մեկնարկեց Չինական ֆիլմերի փառատոնը, որի շրջանակներում հայ հանդիսատեսը «Մոսկվա» կինոթատրոնում հնարավորություն կունենա դիտել հինգ չինական գեղարվեստական ֆիլմեր:
Ինչպես փառատոնի մեկնարկն ազդարարող միջոցառման ընթացքում նշեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, ցուցադրվող ֆիլմերն արտացոլում են չինական մաշկույթը, փիլիսոփայությունը, ժամանակակից Չինաստանի զարգացումը` միաժամանակ ներկայացնելով որոշակի խնդիրներ:
Նրա փոխանցմամբ` Չինական կինոարվեստը կամ կինեմատոգրաֆիան սկիզբ է առել նախորդ դարի առաջին տասնամյակում` հիմնվելով չինական մշակութային և պատմական ավանդույթների վրա:
Դեսպանի համոզմամբ` հայ հանդիստատեսը չինական ֆիլմերի միջոցով կկարողանա ավելի խորությամբ ծանոթանալ Չինաստանին ու չինական մշակույթին` այդպիսվ նպաստելով Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը և մշակութային փոխառություններին:
Իր հերթին կարևորելով երկու ժողովուրդների միջև մշակութային փոխհարաբերությունները` Հայաստանի Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ երկկողմ ակտիվ համագործակցությունն արդեն իսկ ցանկալի պտուղներ է տալիս:
«Նախորդ տարվանից Չինաստանի դեսպանատան օժանադակությամբ մենք ստեղծեցինք և այս ամիս շահագործման ենք հանձնում Հայաստանի թանգարանների համար աուդիո վիզուալ, վիրտուալ գիդեր. սրանք բջջային հավելվածի տեսքով թարգմանիչներ են, որոնք աշխատելու են մեր բոլոր թանգարաններում` 10 լեզուներով ցուցադրելու, լսելու, տեսնելու հնարավորություններով»,- ասաց Ա. Ամիրյանը` հավելելով, որ դա շատ մեծ մշակութային աջակցություն է Հայաստանին:
Նրա փոխանցմամբ` մեկ շաբաթ առաջ դեսպան Թիան Էրլունիի հետ ստորագրել են համաձայնագիր, որով Չինաստանի դեսպանատունը ՀՀ մշակույթի նախարարությանն է նվիրելու 4 շարժական կինոթատրոն, որոնք տարվա ընթացքում շրջելու են հանրապետության ողջ տարածքով:
Չինական ֆիլմերի անվճար ցուցադրությունը ռուսերեն և անգլերեն թարգմանություններով կշարունակվի մինչև մարտի 20-ը: