Արևմտյան զարգացման ուղղությունը նախընտրող քաղաքական ուժերի առաջարկները հնացած են. Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)


Արևմտյան զարգացման ուղղությունը նախընտրող քաղաքական ուժերի առաջարկները հնացած են. Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)

  • 20-03-2017 15:46:36   | Հայաստան  |  Հասարակություն



 
Արևմտյան զարգացման ուղղությունը նախընտրող քաղաքական ուժերի առաջարկները հնացած են։ Նման կարծիք մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համապետական ցուցակում ընդգրկված Հայկ Բաբուխանյանը: 
Ըստ նրա` ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի թվում բազմաթիվ են արևմտամետ լիբերալ ուղղությունը նախընտրողները, որոնց առաջարկած զարգացման մոդելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո համարվում է հնացած: 
Հ. Բաբուխանյանի խոսքերով` աշխարհում տեղի են ունենում համաշխարհային կարգերի փոփոխման գործընթաց, որն իր ազդցությունն ունի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի վրա, հետևաբար նման պայմաններում ընտրողները մեծ ուշադրություն պետք է դարձնեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ներկայացրած ծրագրերին:  
«Այսօր, երբ լիբերալիզմի և պահպանողականության բախումը հասել է կիզակետին,  կարծում եմ, որ շատ կարևոր է ուշադրություն դարձնել ազգային ինքնության, արժեքների, ընտանիքի և մշակույթի պահպանության գաղափարախոսությանը»,- ասաց նա` ընդգծելով, որ նշյալ գաղափարախոսության  մասին ծրագրային դրույթներ ունի միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ):  
ՀՀԿ պատգամավորության թեկնածուի փոխանցմամբ` իրենց 45 էջից բաղկացած ծրագիրը լուրջ փաստաթուղթ է, որտեղ բազմիցս խոսվում է ազգային ավանդական արժեքների, կրոնի, մշակույթի, լեզվի  պահպանության մասին: 
Նրա վստահեցմամբ` անգամ արտաքին խիստ ճնշումների դեպքում, իրենք չեն պատրաստվում ազգային ավանադական արժեքներն ու ինքնությունը զիջել օտար ուժերին: 
Անդրադառնալով նախընտրական այս շրջանին` ԱԺ պատգամավորը նշեց, որ ազգի թշնամիներին հավանաբար դուր չի գալիս, որ Հայաստանում խաղաղ և քաղաքակիրթ կերպով նախընտրական քարոզչություն ենք իրականացնում: 
Նա մտավախություն ունի, որ ամեն դեպքում կգտնվեն սադրիչներ` ադրբեջանցիներից սկսած մինչև Հայաստանի ներսում գտնվող մարդիկ, որոնք կսադրեն, ինչպես եղավ նախորդ նախագահական ընտրությունների ընթացքում, երբ կրակեցին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն