Երեւանում մեկնարկեց «Աջակցություն ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպանի գրասենյակին» խորագրով Թվինինգ ծրագիրը
26-10-2009 15:46:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 26-ին տեղի
ունեցավ «Աջակցություն Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի
գրասենյակին» խորագրով Թվինինգ ծրագրի մեկնարկի պաշտոնական
արարողությունը: 18-ամսյա ծրագիրն իրականացվելու է Հայաստանի
Մարդու իրավունքների պաշտպանի եւ Ֆրանսիայի ու Իսպանիայի
Օմբուդսմանների գրասենյակների միջեւ ձեռքբերված
պայամանավորվածության համաձայն:
Ինչպես հանդիսավոր արարողությանը նշեց Հայաստանի Մարդու
իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ծրագրի շրջանակներում
մշտապես Հայաստանում է գտնվելու Իսպանիայի եւ Ֆրանսիայի
օմբուդսմանների գրասենյակների փորձագետներից կազմված խումբը, որն
իր օգնությունն է ցույց տալու Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանի գրասենյակին: Այն հիմնականում ցուցաբերվելու է երեք
ուղղություններով` ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների
ուսումնասիրություն եւ իրազեկության բարձրացում:
Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար
Ռաուլ դե Լյուցենբերգերը նշեց, որ ծրագրի նպատակն է ուժեղացնել
Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ինչը այդ
ինստիտուտի եւ մարդու իրավունքների պաշտպանության բարձրացման
կարեւորության եւս մեկ օրինակ է:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ
Սմեսոֆֆը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում առաջին Թվինինգ
ծրագիրն ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:
«Հայաստանը նմանատիպ ինստիտուտ ստեղծելով բավականին հավակնոտ եւ
խիզախ ընտրություն է կատարել. բայց հաջողության գրավականը, այն
գինը, որ պետք է վճարել, անշուշտ, այդ հաստատության անկախությունն
է»,- ասաց դեսպանը: