Կոռուպցիայի դեմ պայքարում ինչի որ հասել ենք, ես անբավարար եմ համարում. ՀՀԿ պատգամավորության թեկնածու (տեսանյութ)
20-03-2017 16:45:57 | Հայաստան | Հասարակություն
«Կոռուպցիայի դեմ պայքարում ինչի որ հասել ենք, ես անբավարար եմ համարում»,- մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համապետական ցուցակում ընդգրկված Հայկ Բաբուխանյանը:
Ըստ նրա` ամեն մարդ չէ, որ իրավունք ունի խոսել կոռուպցիայի դեմ պայքարից, քանի որ ոչ բոլորն ունեն անբասիր կենսագրություն կոռուպցիայի հետ առնչություն ունենալու տեսանկյունից:
Հ. Բաբուխանյանի խոսքերով` իրենց նախընտրական ծրագրում հատուկ բաժին կա, որը վերաբերում է վերոնշյալ խնդրին:
«Այն, թե ինչպիսի մոտեցում են դրսևորում այս հարցի շուրջ մեր նորընտիր վարչապետը կամ ՀՀԿ-ի ցուցակի առաջին դեմքերը, ես գտնում եմ, որ կա ուժ, որն ի վիճակի է և իրավունք ունի պայքարելու կոռուպցիայի դեմ»,- ասաց նա` հավելելով, որ նախընտրական փուլին ՀՀԿ-ն մասնակցում է նոր դեմքերով, ինչը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամության մասին:
Անդրադառնալով հայության առջև ծառացած մեկ այլ խնդրի` արտագաղթին, ԱԺ պատգամավորը նշեց, որ այն կարելի է կասեցնել մի քանի միջոցներով, մասնավորապես, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, արդարադատության մակարդակի բարձրացմամբ և ազագային արժեքների պրոպագանդմամբ։
Հ. Բաբուխանյան, պարզաբանելով արդարադատության մակարդակի բարձրացում կոչվածը, ընդգծեց, որ վերոնշյալ երեք բաղադրիչները փողկապակցված են, սակայն հատկապես հայաստանյան արդարադատության համակարգը բարելավվման կարիք ունի:
Այս համատեքստում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում օրերս մահացած ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ կատարված գործողությունները, քաղաքական գործիչը պատասխանեց, որ քննությունը կպարզի, թե որ դեպքում է խախտվել «Հաց բերողի» իրավունքը, իսկ մեղավորները կպատժվեն։