Հայաստանը մտադիր է ակտիվորեն աջակացել Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում. Սերժ Սարգսյան


Հայաստանը մտադիր է ակտիվորեն աջակացել Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում. Սերժ Սարգսյան

  • 24-03-2017 15:56:58   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ ավելի ակտիվորեն պայքարել միջազգային ահաբեկչության, այդ թվում նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին նա հայտարարել է «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում: 
«Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք ավելի ակտիվորեն աջակցել Ռուսաստանի Զինված ուժերին այդ մեծ և կարևոր խնդրի լուծման հարցում: Ռուսաստանը մեծ ներդրում ունի այդ պայքարում, և մենք պետք է կրենք այդ պատասխանատվության և ջանքերի մի մասը»,- ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանի գործադրած ջանքերը պսակվում են հաջողությամբ: 
Ս. Սարգսյանի խոսքերով` Հայաստանի կողմից հակաահաբեկչական գործունեության ակտիվացման հիմնական պատճառը տարածքային մոտիկությունն է ԻՊ գործողությունների գոտուն, որից Հայաստանը գտնվում է մոտավորապես 400 կ/մ հեռավորության վրա: 
«Եթե հաշվի առնենք, որ ԻՊ գործողություններում ներգրավված են ԱՊՀ երկրների շատ քաղաքացիներ, ապա վաղ թե ուշ մեր տարածաշրջանում կհայտնվեն մարդիկ, որոնք արդեն կունենան ռազմական փորձ, կտիրապետեն բարբարոսական մեթոդների և լրացուցիչ դժվարություններ կառաջացնեն առանց այդ էլ փխրուն կայունության մեջ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Վերջինս նաև նշել է, որ հակամարտության շփման գոտու հակառակ հատվածում արդեն իսկ լսվում են արաբերեն լեզվով խոսակցություններ և այլ ձայներ: 
ՀՀ նախագահը չի բացառել, որ Մերձավոր Արևելքից հեռացած այդ մարդիկ քիչ-քիչ կմոտենան հայկական սահմանին` ընդգրկվելով տարածաշրջանային հակամարտության մեջ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն