2017թ.-ի մարտի 22-ին՝ Միջինքի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նշվեց արդեն ավանդական դարձած գաթայի փառատոնը, ինչի կապակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Ջավախք շուրջ 50 երիտասարդների համար` Երևանից և Գյումրիից:
Ուխտագնացների թվում էին լրագրողներ, հյուրեր ՀՀ սփյուռքի նախարարությունից, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եվ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, «Խնուս» մշակութային հիմնադրամից, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոսական կազմից:
Ուխտագնացները նախ այցելեցին Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդարան, որտեղ հյուրերին ընդունեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Վերջինս ողջունեց ներկաներին, նշեց, որ փառատոնն արդեն 6-րդ անգամ է նշվում, սակայն ուխտավորներ ունեն առաջին անգամ, ինչի կապակցությամբ հայտնեց իր ուրախությունը:
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը ևս ողջույնի խոսքով հանդես եկավ, կարևորեց հիմնադրամի համագործակցությունը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հետ՝ Վիրահայոց թեմի առաջնորդ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ, և Վիրահայոց թեմի փոխառաջնորդարանի հետ՝ ի դեմս Հայր Բաբգէն Սալբիյանի, իր շնորհակալական խոսքն ուղղեց նման կարևոր միջոցառում նախաձեռնելու համար և պատրաստակամություն հայտնեց հնարավորինս հաճախ դարձնել Հայաստանից այցերը դեպի Ջավախք:
Սուրբ Խաչ եկեղեցում գաթայի փառատոնը մեկնարկեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և Ախալքալաքի ու հարակից գյուղերի հոգևոր հովիվների մասնակցությամբ հանդիսավոր ժամերգությամբ: Ջավախքի տանտիրուհիների կողմից պատրաստված գաթաները հիացնում էին իրենց գլխապտույտ բազմազանությամբ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից փառատոնի մասնակիցները ստացան հատուկ միջոցառման համար մշակված տարբերանշանով գոգնոցներ, իսկ Հայրապետական թեմի Ծախկազարդ համախմբի կատարումները միջոցառումը դարձրին էլ ավելի հիշարժան: Համերգային մասի ավարտից հետո կատարվեց գաթաների օրհնություն և համտես: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիարկությունը մասնակցեց գաթայի փառատոնին նաև ք. Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Միջոցառումներ էին նախատեսված Նինոծմինդայի Սուրբ Սարգիս և Խանդոյի Սուրբ Խաչ եկեղեցիներում ևս։
Ուխտագնացների համար օրը եզրափակցվեց գյուղ Կարծախում գտնվող մեծն աշուղ Ջիվանու տուն-թանգարան այցելությամբ: Հյուրերը ծանոթացան Ջիվանու մշակութային ժառանգությանն ու կենսագրությանը: Շիրակի պետական մանկավարժական համալսարանի ուսանող Հրայր Հակոբյանի խոսքով՝ մայրամուտը Ջիվանու հայրենի գյուղում դիմավորելը ամենատպավորիչ և հիշարժան պահերից էր: Նա նաև նշեց, որ Ջավախքում առաջին անգամ էր և այս ուխտագնացությունը դեպի պատմական Ախալքալաք իր կյանքում մեծ հետք կթողնի:
Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Գոհար Բոյաջյանի խոսքով նա նույնպես առաջին անգամ էր Ջավախք մեկնում, թիմում նորեկ էր, սակայն մթնոլորտն այնքան ջերմ էր, որ միանգամից ինտեգրվեց: Տպավորված էր նաև Ախալքալաքի ջերմ մթնոլորտով և բնակչության բարձր ոգով:
«Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանն էլ նշեց. «Մեծապես տպավորված եմ երիտասարդների համախմբածությամբ, ջերմ ու հոգատար մթնոլորտով, ամեն ինչ շատ գրագետ ու լավ էր կազմակերպված»:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը մեծ կարևորություն է տալիս Ջավախքում հոգևոր-մշակութային կյանքի ակտիվացմանը, այս համատեքստում մեծապես ողջունում նման նախաձեռնությունները և աջակցում փառատոնների և մշակութային միջոցառումների կազմակերպմանը: