Դատախազության և Սամվել Բաբայանի պաշտպանի «խաղերը» Բաբայանի կամ «Իգլայի» գործով


Դատախազության և Սամվել Բաբայանի պաշտպանի «խաղերը» Բաբայանի կամ «Իգլայի» գործով

  • 25-03-2017 23:40:04   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ դատախազությունն այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդես է եկել հետևյալ հաղորդմամբ.
«ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ:
Ծանրացուցիչ հանգամանքներում  ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և  ռազմամթերքի մաքսանենգության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 2017 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ:
Նշված հանցագործության կատարմանը մասնակցելու կասկածանքով 2017 թվականի մարտի 22-ին ձերբակալվել են երեք քաղաքացիներ, այդ թվում՝ Սամվել Անդրանիկի Բաբայանը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության համար Սամվել Բաբայանին և նրա հանցակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանը, հիմնավոր համարելով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, 2017 թվականի մարտի 24-ի որոշմամբ  մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:
Ի սկզբանե նշենք, որ ՀՀ դատախազության կայքում հրապարակված այս տեղեկատվության մեջ «Սամվել Բաբայանին և նրա հանցակիցներին» ձևակերպումը անմեղության կանխավարկածի տեսանկյունից սխալ և անթույլատրելի է, քանի որ տպավորություն է առաջացնում, թե այդ մարդիկ հանցագործներ են, մինչդեռ անձի հանցագործ լինել-չլինելը վճռվում է միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը «7օր»-ի հետ զրույցում միանշանակ պնդել է, որ դատախազության տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է կամայական մեկնաբանություն:
«Ես տեղյակ եմ գործին առնչվող նյութերին և Բաբայանի ցուցմունքներին ու կարող եմ պնդել, որ նա չի ընդունել իրեն ներկայացրած մեղադրանքները և չկան հիմքեր, որոնք ապացուցում են իր առնչությունը «Իգլայի» պատմության հետ, և հետևաբար՝ նա չի կարող առնչություն ունենալ նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառության հետ: Դատախազությունը յուրովի է մեկնաբանել Բաբայանի ցուցմունքները և դրանք ներկայացրել որպես առնչություն: Բաբայանին ներկայացրած մեղադրանքները կոնկրետ հոդվածներ են և այդ հոդվածներից որևէ մեկով չկան հիմնավորումներ»:
Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ իրավապահ մարմինները քրեական գործում արդեն որպես մեղադրյալ ներգրավված անձին են մեղադրանք կամ մեղադրանքներ ներկայացնում: Այսինքն՝ կասկածյալի կարգավիճակում գտնվողին մեղադրանք չեն առաջադրում, անձին որպես մեղադրյալ ներգրավելը, դրանով նրան մեղադրյալի կարգավիճակ տալը և մեղադրանք առաջադրելը գրեթե միաժամանակ կամ միաժամանակ են կատարում:
ՀՀ դատախազության հրապարակած հիշյալ տեղեկատվության համաձայն նույնպես՝ «հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել», ինչը նշանակում է, որ նրանք մեղադրյալի կարգավիճակում տված ցուցմունքներում, այո, չեն ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները: Սակայն, դատախազությունը միաժամանակ հայտնել է, որ «կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ»:
Փաստաբանը նաև ասել է, որ ինքը տեղյակ է գործին առնչվող նյութերին և Բաբայանի ցուցմունքներին ու կարող է պնդել, որ նա չի ընդունել իրեն ներկայացրած մեղադրանքները: Այո, մեղադրանքները չի ընդունել, սակայն, ըստ ՀՀ դատախազության, Սամվել Բաբայանը որպես կասկածյալ հարցաքննվելիս, նույնպես ընդունել է իր առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ: Այսինքն՝ փաստաբանը թեև չի ստել, սակայն խոսել է բոլորովին այլ բանի մասին, իր հավաստմամբ, գործին առնչվող նյութերին և Բաբայանի ցուցմունքներին տեղյակ լինելով (այսինքն նաև՝ կասկածյալի կարգավիճակում տված ցուցմունքին) հանդերձ, իր պաշտպանյալի շահերից ելնելով, թերևս ներկայացրել է կիսաճշմարտությունը: Հավանաբար նկատի է ունեցել, որ հասարակությունը, չնչին բացառությամբ, իրավական այս նրբություններին անտեղյակ է, հետևաբար հասարակական կարծիքն իր պաշտպանյալի օգտին է լինելու: Ի դեպ, փաստաբանն իրավունք ունի նաև իր պաշտպանյալի օգտին ստելու, եթե դա կատարում է վերջինիս խնդրանքով կամ իր պաշտպանյալի հետ համաձայնեցված, դրա համար նա պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ սուտն իր մեջ չի պարունակում սուտ մատնության հատկանիշ:
Քանի որ փաստաբանն ասել է նաև, թե «Դատախազությունը յուրովի է մեկնաբանել Բաբայանի ցուցմունքները և դրանք ներկայացրել որպես առնչություն», ապա առկա իրավիճակում ԱԱԾ-ն, կարծում ենք, պետք է հրապարակի Սամվել Բաբայանի՝ դեռ կասկածյալի կարգավիճակում տված հիշյալ ցուցմունքը, եթե, իհարկե, այն չի պարունակում նախաքննությանը խոչընդոտող գաղտնիք:
Ինչ վերաբերում է նրան, որ Բաբայանին ներկայացրած մեղադրանքները որոշակի հոդվածներ են և, ըստ փաստաբանի, «այդ հոդվածներից որևէ մեկով չկան հիմնավորումներ», ապա հիշենք, որ ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակումներ են եղել այն մասին, որ ԱԱԾ տրամադրության տակ է «Իգլայի» առնչությամբ Սամվել Բաբայանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Նախաքննական գաղտնիք չպարունակելու պարագայում ճիշտ կլիներ հրապարակել նաև այդ ձայնագրությունը, հակառակ պարագայում այդ ձայնագրությունը կհրապարակվի արդեն միայն դատարանում:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք