Եվրոպայի լավ ապագան նշանակում է ավելի լավ ապագա Հայաստանի համար. Պյոտր Սվիտալսկի


Եվրոպայի լավ ապագան նշանակում է ավելի լավ ապագա Հայաստանի համար. Պյոտր Սվիտալսկի

  • 27-03-2017 17:46:23   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Եվրոպայի լավ ապագան նշանակում է ավելի լավ ապագա Հայաստանի համար»,- նման համոզմունք ունի Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին: 
Վերջինս  Եվրոպական միության ստեղծման 60-ամյա հոբելյանին նվիրված լուսանկարների երևանյան ցուցահանդեսի բացման ժամանակ փաստեց, որ 1957 թվականին Հռոմում ստորագրված համաձայնագրերը լիովին փոխել են պատմության ողջ ընթացքը: 
Հռոմի համաձայնագրերով ստեղծվել է միասնական շուկա, որն ապահովում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը, ինչպես նաև ստեղծվել են եվրոպայի քաղաքացիների բարեկեցության և կայունության համար անհրաժեշտ պայմաններ: 
Ըստ Պ. Սվիտալսկու` շուրջ 60 տարի ԵՄ-ը եվրոպական ազգերի ու ժողովուրդների շրջանում խթանում է խաղաղ համագործակցությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, համերաշխությունը, ազատությունը և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը: 
«Այն օգնեց փոխել և վերաիմաստավորել եվրոպական պատմության ողջ ընթացքն ու հայեցակարգը, որը նախկինում պատերազմների, վրիժառության, բռնությամբ լի գործողությունների փակ շրջան էր»,- ասաց նա` ընդգծելով, որ Եվրոպական ինտեգրումը որպես ծրագիր` ունի պայծառ և լավ ապագա: 
ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպանի փոխանցմամբ` հայերն ի թիվս այլ ժողովուրդների, մեծ շահագրգռություն ունեն եվրոպական նախագծի և ինտգերման կենսունակության հարցում, հետևաբար ուժեղ և կայուն Եվրոպայի դեպքում ավելի մեծ աջակցություն կտրամադրվի Հայաստանում արդիականացման և ժողովրդավարացման գործընթացներն իրականացնելու համար: 
 «Էլ ավելի սերտ Միություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսում ներկայացված էին  արխիվային փաստաթղթեր և պատկերներ: Հիմնական նպատակն է հանրությանը համակողմանի ցույց տալ միասնական Եվրոպայի անցյալը` Եվրոպական համայնքների ստեղծումը, ներկան` ԵՄ-ն այսօր և ԵՄ ապագա մարտահրավերները: 
Ցուցահանդեսի մեկ այլ կազմակերպիչ, Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովանի Ռիչուլին իր հերթին ընդգծեց, որ Եվրոպական միության ստեղծման ողջ պատմությունը եղել է մարտահրավերները դիմագրավելու նպատակով միավորվելը, ինչը մինչ օրս հաջողվել է: 
Նրա կարծիքով` «Էլ ավելի սերտ Միություն» խորագրով ցուցահանդեսն ընդգծում է այն մեծ հաջողությունը, որին իրենք հասել են այս կարևոր ճանապարհորդության ընթացքում: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն