Ապրիլյան դեպքերի մեկ տարելիցը պետք է նշանավորվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում. Ռիչարդ Հոգլանդ (Տեսանյութ)


Ապրիլյան դեպքերի մեկ տարելիցը պետք է նշանավորվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում. Ռիչարդ Հոգլանդ (Տեսանյութ)

  • 27-03-2017 20:53:31   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մենք գիտենք, թե ինչ է իրականում կատարվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, սակայն որպես միջազգային միջնորդներ` պարտավոր ենք զերծ մնալ հակամարտող կողմերից որևէ մեկին նեղացնելուց, ինչը կհանգեցնի բանակցությունների խաթարմանը: 
Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: 
Ըստ նրա` համանախագահների խնդիրն է խոսել բոլոր խաղացողների հետ, լսել նրանց: 
Ի դեպ` Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը մեկնելու են Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ են ունենալու նախագահ Բակո Սահակյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: 
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ այս պահին բանակցային սեղանին դրված են ողջամիտ ծրագրեր, որոնք գուցե վերջնական չեն, բայց արդեն իսկ շրջանառվում են, ինչը նշանակում է, որ ժամանակն է բանակցել դրանց շուրջ»,- ասաց Ռ. Հոգլանդը` հավելելով, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երրորդ երկրում կհանդիպեն երկու երկրների նախագաների հանդիպումը նախապատրաստելու համար: 
Ամերիկացի համանախագահի խոսքերով` վաղուց ժամանակն է, որպեսզի բանակցությունները վերսկսվեն, իսկ դրա համար անհրաժեշտ պայման է երկու երկրների բարձրագույն իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորվումը:
«Մենք չենք կարող թույլ տալ բռնությունը որպես լուծում դիտարկել այս երկարատև հակամարտության համար, բռնությունը վնասում է երկու երկրների տնտեսությանը, ընտանիքներ է ոչնչացնում, հետևաբար մենք ամենադրական լուծումները պետք է գտնենք»,- ընդգծեց Ռ. Հոգլանդը: Վերջինիս խոսքերով` ապրիլյան դեպքերի մեկ տարելիցը պետք է նշանավորվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն