Ահա թե ինչ է նշանակում Հայաստանի զարգացման ուղղությունը դեպի «եվրոպական մեծ ընտանիք» փոխելը (տեսանյութեր և լուսանկարներ)


Ահա թե ինչ է նշանակում Հայաստանի զարգացման ուղղությունը դեպի «եվրոպական մեծ ընտանիք» փոխելը (տեսանյութեր և լուսանկարներ)

  • 29-03-2017 22:54:03   | Հայաստան  |  Իրավունք



 
 
Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող արևմտամետ քաղաքական ուժերը, ինչպես, օրինակ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, իրենց ծրագրերում, հրապարակային ելույթներում բացեիբաց հայտարարում են Հայաստանի զարգացման ուղղությունը դեպի «եվրոպական մեծ ընտանիք» փոխելու, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմից հանելու և Եվրամիություն տանելու մտադրության մասին: Ամեն խորամանկ հնարք ու մանիպուլացիա գործադրում են Եվրամիությունը գրեթե էլդորադո, իսկ ԵԱՏՄ-ն գրեթե չարիք ներկայացնելու համար:
«Ազատության ու անկախության հայ ժողովրդի բազմադարյա գերագույն իղձով, աշխարհագրական ու քաղաքակրթական պատկանելությամբ պայմանավորված՝ Հայաստանի տեղը համաեվրոպական ընտանիքն է…»,- նշված է «Ազատ դեմոկրատներ»-ի նախընտրական ծրսգրում:
«Ազատ դեմոկրատներ»-ը Հայաստանը «համաեվրոպական ընտանիք» մտցնելն այդ ինչպե՞ս է պայմանավորում ազատության ու անկախության հայ ժողովրդի բազմադարյա գերագույն իղձով, երբ Եվրամիության կազմ մտնելու դեպքում մենք էապես կորցնելու ենք մեր ազատությունն ու անկախությունն այն առումով, որ ստիպված ենք լինելու ենթարկվել Եվրամիությունում գործող և ընդունվելիք օրենքներին, որոշումներին, բանաձևերին և մյուս իրավական ակտերին: Ավելի ճիշտ, դեռ նույնիսկ մինչև Եվրամիության շարքեր ընդունվելը, որպես ընդունման նախապայման, ինչպես նշել ենք այս թեմայով նախորդ հրապարակման մեջ, ստիպված ենք լինելու ընդունել այնպիսի օրենսդրություն, որը լայն իրավունքներ և ազատություններ է տալիս միասեռականներին, այլասերվածներին: Ավելին` ստիպված ենք լինելու ընդունել նաև յուվենալ արդարադատությունը, որի վտանգավոր, նույնիսկ աղետալի հետևանքների մասին արդեն նշել ենք:
Ավելին. Եվրամիությունը նույնիսկ իրեն անդամակցելու համար առաջադրած վերոնշյալ ստորացուցիչ, հակաբարոյական, մեր ազգային արժեհամակարգին բացարձակապես անհարիր պայմանների կամ պահանջների կատարումից հետո էլ Հայաստանին այժմ ու տեսանելի ապագայում չի ընդունելու իր շարքերը: Պատճառը շատ պարզ է. մեր երկիրը չի բավարարում և, եթե հրաշք չլինի, մոտ ապագայում չի բավարարելու այն տնտեսական և այլ պահանջներին ու պայմաններին, այն բազմաթիվ ցուցանիշներին, որոնց բավարարումն անհրաժեշտ է Եվրամիությանն անդամակցելու համար:
Օրինակ, Հայաստանն այժմ և տեսանելի ապագայում չի կարող Եվրամիության անդամ լինել նաև իր ունեցած գործազրկության մեծ ցուցանիշի պատճառով. Եվրամիությունը գործազուրկների մեծ բանակ ունեցող երկրներին իր կազմում չի ընդգրկում: Տնտեսագետները գործազրկությունը նորմալ կամ բնական մակարդակի վրա են համարում, եթե այն մեր կարգի երկրներում 7 տոկոսը չի գերազանցում, մինչդեռ մեզանում, ինչպես հայտնի է, պաշտոնական թիվը 18 տոկոսի սահմաններում է, ոչ պաշտոնական փորձագիտական գնահատականներով` դրա կրկնակին է:
Մի պահ, սակայն,  համարենք, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը սխալվում է, իրենց ուժերը լավ չի գնահատել կամ ավելորդ համեստություն է անում: Այսինքն` «Ազատ դեմոկրատները» գրեթե փրկչի կարողություններ ունի և Հայաստանում մոտ ապագայում հրաշքն իրականություն դարձնելով, բոլոր տնտեսական ու սոցիալական ցուցանիշների առումով մեր երկիրը կարող է այնպիսի վիճակի հասցնել, որ Եվրամիությունն այլևս ընդունելի համարի Հայաստանի մուտքն իր շարքեր: Այդ դեպքում, սակայն, եկեք մտածենք, թե նա ո՞ւր է ուզում տանել Հայաստանը, արդյոք Եվրամիությունն ա՞յն կառույցն է, որտեղ մեր պետությունն ու ժողովուրդը կարող են տնտեսական կայունություն, ապահովություն, անվտանգություն ու բարգավաճում գտնել…
Ի՞նչ է՝ պարոն Քոքոբելյանն ու նրա համախոհները մոռացե՞լ են, որ Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանն էլ Եվրամիության անդամ էին և են: Ի՞նչ վիճակում էր այդ երկրների տնտեսությունը ոչ վաղ անցյալում ու, թերևս, նաև հիմա…
Հայաստանյան արևմտամետ որոշ քաղաքական ուժեր վերջին ժամանակներում և այժմ էլ ԵԱՏՄ-ի առնչությամբ հաճախ Բելառուսի և Ղազախստանի անընդունելի վարքն են վկայակոչում ու շահարկում, բայց Եվրամիության այդ «մեծ ընտանիքի» կազմում չկա՞ն արդյոք ոչ թե սոսկ տարաձայնություններ, այլ լուրջ վեճեր, գժտություններ ու բաժանումներ: Ճիշտ է, այս վերջին բառն այժմ պետք է եզակի թվով ագտագործել` նկատի ունենալով Եվրամիությունից առայժմ միայն Մեծ Բրիտանիայի դուրս գալը, բայց առաջիկայում եվրոպական այդ կառույցից կարող են դուրս գալ նաև մի շարք այլ երկրներ, ինչը պարզապես հանգեցնելու է Եվրամիության փլուզման:
Վերջերս «Der Spiegel» («Шпигель») գերմանական պարբերականը տեղեկացրել է, որ այս տարի կարող է սկսվել եվրագոտու փլուզումը: 
Ընդգծենք, որ Եվրամիության փլուզումը կարող է սկսվել առավելապես քաղաքական պատճառներով: Ըստ պարբերականի, Մեծ Բրիտանիայի օրինակով այլ երկրներ նույնպես կարող են դուրս գալ եվրագոտուց։ Ընդ որում, այս մտավախություններն առավել ուժգնանում են Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում գալիք ընտրություններում պոպուլիստական (տվյալ պարագայում` զանգվածների աջակցությունը նվաճելուն ձգտող) ուժերի հաղթանակի հավանականության ֆոնին, որոնք կողմ են արտահայտվում ազգային արժույթներին վերադառնալուն և եվրոյից հրաժարվելուն։
Հիշյալ պարբերականի հրապարակման համաձայն, Եվրամիության փլուզումը գրեթե անխուսափելի կլինի, եթե Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակի Մարին Լը Պենը: «Der Spiegel»-ը վկայակոչելով «Moody's» վարկանիշային գործակալությանը, գրել է, որ ըստ նշված գործակալության, «եթե Ֆրանսիան դուրս գա Եվրամիությունից, ցնցումն անխուսափելի կլինի. եվրագոտին դժվար թե կարողանա հաղթահարել Frexit-ը»:
Ֆրանսիայի գլխավոր մրցակիցները նույնպես դենոմինացիայից խուսափելու համար ստիպված կլինեն դուրս գալ եվրագոտուց։ Ըստ «Der Spiegel»-ի, եվրագոտուց Իտալիայի հնարավոր հեռացումն էլ ավելի սարսափելի հետևանքներ կունենա։ Ընդ որում, իտալացիների մոտ կեսը հնարավոր է համարում Եվրամիությունից Իտալիայի դուրս գալու տարբերակը։
«Ազատ դեմոկրատներ»-ի քաղաքական թիմում հանդես եկողները` նշված կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Ստյոպա Սաֆարյանը և այլք, ընտրողների հետ իրենց հանդիպումներում ու հրապարակային մյուս ելույթներում, որոնցում Եվրամիությունը, «եվրոպական մեծ ընտանիքը» գրեթե Էլդորադո են ներկայացնում, վերը նշվածի մասին, իհարկե, չեն խոսում: Չենք կարծում, թե դա անտեղյակությունից է, պարզապես իրենց և Արևմուտքի այն ուժերին, որոնց շահերն ու հետաքրքրություններն են այստեղ ներկայացնում, ձեռնտու չէ: Իսկ դա, պարոնայք և տիկնայք, մեղմ ասած, ազնիվ չէ…
Եվրամիության մռայլ, առնվազն չհուսադրող հեռանկարը խնդրի դեռ սոսկ մի կողմն է, եկեք պարզապես մի փոքր մտածենք ու տրամաբանենք. որպեսզի Հայաստանը «եվրոպական մեծ ընտանիք» մտնելով տնտեսական լուրջ աճ ունենա, անհրաժեշտ է, որ Եվրամիությունը կամ նշված միության առավել հարուստ երկրները Հայաստանում ներդրումներ կատարեն և Հայաստանից հատկապես պատրաստի արտադրանքի արտահանման աճ լինի:
Ընդ որում, շատ կարևոր են, թե այդ ներդրումները որ ոլորտներում, ինչ նպատակներով և ինչ պայմաններով են կատարվում: Ավելին. սոսկ ներդրումները, եթե դրանք ընդամենը վարկեր, դրամաշնորհներ ու դրանց սովորաբար ուղեկցող խորհրդատվություններ են, ամենևին բավարար չեն: Հայաստանը դրանցով այստեղ, իր ունեցած տեխնոլոգիաներով, գրեթե չի կարող կազմակերպել այնպիսի ապրանքների արտադրություն, որոնց մուտքը կթույլատրվի Եվրամիության երկրներ, ավելին` որոնք մրցունակ կլինեն Եվրամիության և աշխարհի այլ երկրներում: Հետևաբար անհրաժեշտ է, որ ֆինանսական ներդրումներից բացի, «եվրոպական մեծ ընտանիք»-ը կամ նրա անդամ տնտեսապես ու տեխնոլոգիապես հզոր երկրները մեզ նվիրեն կամ հաշվի առնելով Եվրամիության կամ իրենց ֆինանսական հատկացումների պայմանները, դրանց համատեքստում մատչելի գներով վաճառեն նաև մրցունակ արտադրանք (ավտոմեքենաներ, փոքր ինքնաթիռներ, տրակտորներ, մոտոցիկլետներ, հեռուստացույցներ, սառնարաններ, օդորակիչներ և այլն, և այլն) արտադրելու տեխնոլոգիաներ, անհրաժեշտ սարքավորումներ ու հարահոսներ:
Է՞, կվաճառեն… Իրենց ինչի՞ն է պետք… Վաճառեն, որ մեր արտադրանքները գնան նաև Եվրամիության երկրներ (որոնց մի մասն իրենք էլ տնտեսական լուրջ խնդիրներ ունեն), նվազեցնե՞ն իրենց ապրանքների վաճառքի ծավալը, ավելացնե՞ն գործազուրկների առանց այն էլ մեծ բանակի թիվը… Հո աննորմալ չե՞ն… Եվրոպական չինովնիկներն այդքան մեր մասի՞ն են մտածում, գիշեր ու ցերեկ հայ ժողովրդի դարդուցավո՞վ են ապրում, գուցե ամեն գիշեր երազներում մե՞զ են տեսնում…
Վերը նշվածի առումով «Ազատ դեմոկրատներից» առանձնապես չի տարբերվում նաև «Ելք» դաշինքը: Նրա ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնի գ) կետում գրված է` «ԵԼՔ» դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին…»: Ծրագրի վերջում էլ գրված է, որ դաշինքն իր համար ծրագրային է համարում նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հռչակված դրույթները՝ «դրանցից բխող արժեքները և նպատակները»:
Ավելին. դաշինքի ծրագրի ե) կետում գրված է. «Աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման այլընտրանքներ գտնելու ուղղությամբ», ինչը, կարծում եմ, նշանակում է Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմից հանելու և ՆԱՏՕ մտցնելու նպատակադրում: Այլ խնդիր է, որ ՀԱՊԿ-ի կազմից թեկուզ մեծ դժվարությամբ դուրս գալուց հետո (արդեն իսկ բազմաթիվ պայմանագրեր են կնքված…), Հայաստանը ՆԱՏՕ-ի կողմից չի ընդգրկվի վերջինիս շարքերում` նշված կազմակերպության մի շարք պայմանների, պահանջների, չափանիշների չբավարարելու, այդ թվում նաև` Ադրբեջանի հետ դեռ չլուծված հակամարտության մեջ ընդգրկված լինելու պատճառով: Իսկ սա ի՞նչ է նշանակում… Նշանակում է թշնամիներով շրջապատված տարածաշրջանում անվտանգության եղած համակարգը կորցնելով, նորը ձեռք չբերել, մեն-մենակ մնալ գայլերի ոհմակի դեմ:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/Mfp0MKkqebc" frameborder="0" allowfullscreen></iframe>
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play