Սամվել Բաբայան. «Առանց ղարաբաղյան հիմնահարցի լուծման<br /> Թուրքիան սահմանը չի բացի»<br />


Սամվել Բաբայան. «Առանց ղարաբաղյան հիմնահարցի լուծման
Թուրքիան սահմանը չի բացի»

  • 09-10-2009 21:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ԼՂ-ի հարցում մենք չենք կարող փոխզիջման գնալ` թեկուզ մեր գլխից ատոմային ռումբ կախեն»,- նման համոզմունք հայտնեց հոկտեմբերի 9-ի ասուլիսում ԼՂՀ-ի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Ըստ նրա, հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում Ղարաբաղի հարցի մասին ոչ թե թաքնված, այլ պարզ ձեւով է ներկայացված: Ս.Բաբայանի ունեցած տեղեկությունների համաձայն, առանց ղարաբաղյան հիմնահարցի լուծման Թուրքիան սահմանը չի բացի: «Մենք պետք է զգոն լինենք եւ ամբողջ ուշադրությամբ հետեւենք Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցություններին»,- ասաց նա` հավելելով, որ ոչ ոք չի կարող Ղարաբաղի տարածքներից փոխզիջել. կարող են այդ մասին խոսել, սակայն չեն կարող այն իրականացնել: «Ով ուզում է լինի` Սերժ Սարգսյանը, թե ես, կամ մեկ ուրիշը, չի կարող դա անել: Թույլ չեն տա նրանք, ովքեր պատերազմել են Ադրբեջանի դեմ եւ ազգատարել այդ հողերը»,- նշեց Ս.Բաբայանը: Արցախի ժողովրդի համար դա կյանքի եւ մահվան խնդիր է, եւ նրանք այլ բան չեն կարող անել: «Նրանք պարզապես պետք է ճիշտ կազմակերպեն եւ պաշտպանեն այն ինչ-որ ունեն: Պաշտպանեն նրանցից, ովքեր գնում են նման փոխզիջումների` լինի դա հայ, թե թուրք` տարբերություն չկա»,- հայտարարեց Ս.Բաբայանը: Նրա կարծիքով, սփյուռքյան հանդիպումներից ՀՀ նախագահը պետք է հետեւություններ անի եւ փորձի կամ փաստաթղթերում փոփոխություն կատարել, կամ էլ վիժեցնել այդ գործընթացը: Հակառակ դեպքում, Ս.Բաբայանի խոսքերով, «հայ ազգը կպառակտվի թե' ներսում, թե' դրսում»: Ս.Բաբայանի համոզմամբ, Հայաստանի կողմից արձանագրությունները նախաստորագրվել են առանց արտաքին ուժերի ճնշման. Հայաստանը կամավոր է գնացել այդ քայլին: Նա նշեց նաեւ, որ ՀՅԴ-ն այլընտրանք չունի եւ պարտավոր է պայքարել այդ արձանագրությունների վավերացման դեմ: «Բոլորս պետք է օգնենք Դաշնակցությանը հաջողության հասնելու համար»,- ասաց նա, հավելելով, որ պատրաստ է անգամ պահանջել ՀՀ նախագահի հրաժարականը:
Նոյյան տապան  -   Քաղաքական