Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Եկեղեցու հովվապետին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Եկեղեցու հովվապետին

  • 10-04-2017 11:38:27   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Թավադրոս Բ Պատրիարքին` Տանտայի (Եգիպտոս) Մար Գիրգիս եկեղեցում և Ալեքսանդրիայի Ս. Մարկոս եկեղեցու առջև տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով, որոնց զոհ են դարձել և վիրավորվել բազմաթիվ անմեղ մարդիկ:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության և Հայոց Եկեղեցու հավատացելոց անունից ցավակցություն է հայտնել Նորին Սրբությանը և Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հետևորդներին:
«Այս ծանր պահին Մեր աղոթքներով ու մտքով զոհվածների ընտանիքների և Ձեզ հետ ենք», - նշել է Վեհափառ Հայրապետը՝ դատապարտելով ահաբեկչական գործողությունները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Ամենազոր Աստծուն երկնային օթևաններում հանգստություն պարգևել զոհվածների հոգիներին, մխիթարություն՝ նրանց ընտանիքներին և Քույր Եկեղեցու բոլոր հավատացյալներին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն