Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը ներկա կգտնվեն<br /> Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները<br />


Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը ներկա կգտնվեն
Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները

  • 09-10-2009 15:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնելու է Ցյուրիխ, որտեղ ներկա կլինի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված պատմական նշանակության համաձայնության ստորագրման արարողությանը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը: Հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաների թվում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու պետությունների` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Բեռնար Կուշները եւ Սերգեյ Լավրովը: Ըստ «Ռոյթերզ»-ի, Ցյուրիխում փաստաթղթի ստորագրմանը կմասնակցեն նաեւ Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Օգտվելով պատեհ առիթից, ԱՄՆ-ի պետքարտուղարը Եվրամիության երկրների եւ Ռուսաստանի արտգործնախարարների հետ կքննարկի նաեւ Իրանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր: «Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են ստորագրել «դիվանագիտական կապեր հաստատելու եւ սահմանը բացելու մասին համաձայնություն, որով վերջ կդրվի Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածների հետեւանքով սկիզբ առած ու գրեթե մեկ դար շարունակվող թշնամանքին»: Ռադիոկայանը հաղորդում է նաեւ, որ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, տարածել է հայտարարություն, որում ափսոսանք է հայտնում Ցյուրիխում հայ-թուրքական համաձայնագրի ստորագրմանը ներկա գտնվելու` Հիլարի Քլինթոնի որոշման կապակցությամբ: «Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելու` Բարաք Օբամայի վարչակազմի ջանքերը կարճատես են եւ երկարաժամկետ հեռանկարում լուծումներ տալու փոխարեն կհարուցեն ավելի շատ խնդիրներ»,- ասված է հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Քաղաքական