Միջազգային փաստահավաք խումբ ստեղծելու դեպքում ԱՄՆ-ի համար նոր խայտառակ փաստեր են ջրի երես դուրս գալու


Միջազգային փաստահավաք խումբ ստեղծելու դեպքում ԱՄՆ-ի համար նոր խայտառակ փաստեր են ջրի երես դուրս գալու

  • 10-04-2017 17:44:33   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Սիրիայի ազգային անվտանգության կառույցի նախագահի` գեներալ Ալի Մամլուքի հետ ունեցած հեռախոսազրույցում ոչ միայն կարևորել է Սիրիայի կառավարությանն  ու ժողովրդին ԻԻՀ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը, այլև նշել է, որ Իրանը սիրիացիներին սատարելու է նաև արտասահմանից հովանավորվող ահաբեկիչների կործանման և անվտանգության հաստատման հարցում:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Սիրիայի դեմ ԱՄՆ ռազմական հարձակումը համարել է ահաբեկիչներին ոգեշնչելու նպատակով արված քայլ և քաղաքական դաշտում Սիրիայի իշխանությունների հաղթանակի ապացույց:
«Միջազգային փաստահավաք խումբ ստեղծելու դեպքում ԱՄՆ-ի համար միջազգային անվտանգության դեմ ուղղված նոր խայտառակ փաստեր են ջրի երես դուրս գալու»,- հավաստել է Ա. Շամխանին, նկատի ունենալով, որ Սիրիայի ավիաբազաներից մեկին ԱՄՆ-ի հրթիռային հարվածներից հետո այնտեղ սիրիացիների իբր ունեցած քիմիական զենքի հետքեր անգամ չեն հայտնաբերվել, հարձակման պատճառաբանությունը եղել է անհիմն, և որ միջազգային փաստահավաք խմբի աշխատանքի արդյունքում բացահայտվելու է Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացված քիմիական կասկածելի հարձակման կամ սադրանքի իրական հեղինակը:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է նաև, որ Իրանը, Ռուսաստանը և Սիրիան համատեղ համագործակցության մեծ ցանկություն ունեն և Հալեպի ազատագրումն ու բնակիչների քաղաք վերադարձն այդ համագործակցության արդյունքն էր:
Սիրիայի ազգային անվտանգության կառույցի նախագահը բարձր է գնահատել ահաբեկչական խմբավորումների ու նրանց աջակիցների դեմ Սիրիայի ժողովրդի դիմադրությանը ցուցաբերվող Իրանի աջակցությունը: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական