Անկարան իր առագաստն ուղղում է «ալեկոծված ծով»


Անկարան իր առագաստն ուղղում է «ալեկոծված ծով»

  • 18-04-2017 16:47:22   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հանրաքվեի միջոցով Թուրքիայում նախագահական կառավարման համակարգ հաստատող սահմանադրական փոփոխություների ընդունման արդյունքում կտրուկ աճելու է Ռեջեփ Էրդողանի ղեկավարած երկրի գործողությունների անկանխատեսելիության աստիճանը թե՛ արտաքին քաղաքական, և թե՛ ներքաղաքական հարթություններում:
Ապրիլի 16-ին անցկացրած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Թուրքիան անցում կատարեց նախագահական կառավարման համակարգին: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի այս նախաձեռնությանը կողմ քվեարկեց հանրաքվեի մասնակիցների 51,2 տոկոսը, դեմ՝ 48,8 տոկոսը: Այսուհետ Էրդողանն ունենալու է բանակի, գլխավոր շտաբի, կառավարության անդամների վրա ուղղակի ազդեցություն: Վերացվում է վարչապետի ինստիտուտը եւ նախագահն է դառնալու կառավարության փաստացի ղեկավար: Նա միանձնյա տնօրինելու է երկրի բյուջեն: Ավելին, նախագահին անվստահություն հայտնելու ինստիտուտն է հանվել, իսկ Էրդողանն ինքը մինչեւ 2029 թվականը նախագահ լինելու տեսական հնարավորություն է ունենում:
«Հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ թուրքական հասարակությունը բևեռացված է: Հասարկության մոտ կեսը, որոնք հիմնականում ապրում են մեգապոլիսներում, ծովափնյա զարգացած շրջաններում եւ քրդաբնակ հարտավածներում դեմ արդահայտվեց նախագահի լիազորությունների ընդարձակմանը: Կողմ արտահայտվեց Թուրքիայի գավառական հարվածը, փոքր քաղաքների ու համայնքների բնակիչները, որոնց շրջանում բավականին հստակ արտահայտված են կրոնական ու ազգայնական տրամադրությունները», - նշում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ ակնարկելով, որ հանրաքվեն թուրքական գավառի հաղթակակն էր մեգապոլիսների նկատմամբ:
Միեւնույն ժամանակ, երբ Թուրքիայի ներսում Էրդողանի վարած քաղաքականության ադյունքնում ուժեղանում է ազգայնական ու կրոնական տրամադրություններ, այլ կերպ ասած ազգայնականությունն ու Իսլամը դառնում են լուրջ քաղաքական գործոն: «Սա ուղղակիորեն չի կարող չազդել այդ երկրի արտաքին քաղաքականության վրա: Թուրքիան դառնում է ավելի անկանխատեսելի եւ ներքին խնդիրներից մարդկանց շեղելու ու հասարակությանը կոնսոլիդացնելու համար, Էրդողանը կարող է ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարել՝ ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ Մերձավոր Արեւելքի ուղղությամբ», - նշում է «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
«Մեդիա կենտրոնում» ապրիլի 18-ին Լևոն Հովսեփյանի, Ստամբուլից տեսազանգի միջոցով միացած Բագրատ Էստուկյանի եւ Անկարայից տեսազանգի միջոցով միացած Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (Տեպավի) արտաքին քաղաքականության բաժինի հետազոտող-փորձագետ Դիանա Յայլոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ինչպիսի՞ ներքին եւ արտաքին քաղաքական հետեւանքներ կունենան Թուրքիայի հանրաքվեի արդյունքները» թեմայով քննարկում:
Էստուկյանի խոսքով, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, պատկերավոր ասած, իր առագաստն ուղղում է դեպի ալեկոծ ծով։ «Ավելին, եթե Թուրքիայում հետագա եվրաինտեգրման վերաբերյալ հանրաքվե անցկացվի, հասարակությունը «ոչ» կասի՝ իշխանությունների վարած քաղաքականության պատճառով», - ասաց նա՝ հավելելով սակայն, որ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ չնայած առկա սուր հռետորաբանությանը հեշտ «ապահարզան» չի ստացվի, քանի որ թուրքական տնտեսությունը կապված է ԵՄ-ի հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր արդեն հայտարարել է, որ հաջորդ հանրաքվեն լինելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը դադարեցնելը: Փորձագետների կարծիքով սա ավելի շատ սպառնալիք է Եվրամիության հետ հարաբերություններում նոր դիվիդենտներ ստանալու համար: «Թուրքիայի նախագահը նման քայերի գնում է տարբեր դիվիդենտներ շահելու համար: Սա որոշակի քաղաքական ոճ է, որ Թուրքիան վարում է հատկապես Եվրամիության հետ հարաբերություններում: Հիշենք, թե մերդընդմերթ մենք ինչ ենք լսում Թուրքիայից հատկապես փախստականների հարցում, երբ սրվում են Եվրամիության հետ հարաբերությունները: Նշվում է անգամ, որ Սիրիայից ժամանած միլիոնավոր փախստականներին ավտոբուսներով կուղարկեն Եվրոպա: Սա ուղղակի սպառնալիք է», - նշում է Դիանա Յայլոյանը:
Միեւնույն ժամանակ Բագրատ Էստուկյանը կարծում է, որ այսօր առավել քան երբեք վտանգված են Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները: Եվրախորհրդարանն անգամ որոշում ընդունեց Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների դադարեցման վերաբերյալ: «Այժմ այդ համակարգը վտանգի մեջ է, ներդրողներն առավել զգուշավոր են դարձել, ներդրումների հոսքը մարել է, իսկ զբոսաշրջությունն ամենալավ ժամանակներում չէ։ Առավել եւս, որ հանրաքվեի արդյունքում Էրդողանի իշխանությունը կրկնապատկվել է», - նշել է Էստուկյանը։
Անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը, թուրքագետ Լեւոն Հովսեփյանը նշեց, որ բոլոր փաստարկները խոսում են դրա կոշտացման եւ առավել ագրեսիվ դառնալու օգտին: «Անկարայի արտաքին քաղաքականությունը մեծապես պայմանավորված է ներքին քաղաքականության տրամաբանությամբ եւ շահերով: Ուստի երբ այնտեղ տեղի է ունենում քաղաքական իսլամի եւ ազգայնականության ամրապնդում, ապա սա ուղղակի չի կարող չազդել վերջինիս տարածաշրջանային քաղաքականության վրա», - ասաց նա՝ այս համատեքստում հավելելով, որ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը կշարունակվի, եւ հիմքեր չկան խոսելու հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարների մասին:
«Հարաբերությունների կարգավորման նախորդ փորձերից հիմքեր չեն մնացել: Հակահայկական հռետորաբանությունը Թուրքիայում կշարունակվի: Այն ոչ միայն չի փոխվի, այլեւ, հնարավոր է, ավելի խորանա՝ հատկապես Արցախի ենթատեքստում Ադրբեջանին աջակցելու տեսանկյունից»,- նշեց Լեւոն Հովսեփյանը:
Այս պայմաններում, նշում է Բագրատ Էստուկյանը, Հայաստանի համար ավելի լավ է Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը: «Առաջին անգամ կարծում եմ, որ դա ավելի դրական է: Իհարկե, Հայաստանի անկախացման պահից ի վեր ավելի լավ կլիներ, որ երկու երկրների միջեւ նորմալ հարաբերություններ լինեին: Բայց քանի որ բարիդրացիական չեն, ավելի լավ է ոչ մի հարաբերություն էլ չլինի: Եվ թող մնա՝ ինչպես այսօր է»,- կարծում է Էստուկյանը՝ հավելելով, որ Թուրքիան այժմ վերածվել է տարածաշրջանային անկայունության կենտրոն եւ Անակայից բխող վտանգները մեծ են: «Թուրքիան Սաուդյան Արաբիայի երկրների հետ մեկտեղ Մերձավոր Արեւելքն ապականյունացնող հիմնական ուժերից է: Անկարան ուղղակի բենզինը ձեռքը վազում է եւ բորբոքում պատերազմի կրակը Սիրայում: Այս պայմաններում, երբ սահմանները փակ են, Հայաստանի համար սպառնալիքները նվազում են», - բացատրում է Էստուկյանը:
Հայ-թուրքական հարաբերությունները Դիանա Յայլոյանը դիտարկեց ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում: Նրա խոսքից պարզ է դառնում, որ Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքականությունում ուղղակի չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի շահերը եւ միանշանակ չի կարելի պնդել, որ Անկարան կվարի ագրեսիվ քաղաքկանություն Հայաստանի նկատմամբ: «Ռուսաստանը մեծ ամբիցիաներ ունի եւ լայն տնտեսական շահեր Թուրքիայում: Ռուս-թուրքական հարբերությունների բարելավման համատեքստում չեմ բացառում, որ անգամ այս պայմաններում կարգավորման միտումներ նկատվեն  հայ-թուրքական հարաբերություններում: Պատահական չէր, որ վերջերս Լավրովն իր հարցազրույցներից մեկում նշեց, որ Ռուսաստանը պատրատ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Սա տեղի ունեցավ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին», - եզրափակեց Յայլոյանը:
 
Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play