ՀՀ կառավարությունը շարունակելու է վարչատարածքային բարեփոխումները


ՀՀ կառավարությունը շարունակելու է վարչատարածքային բարեփոխումները

  • 04-05-2017 11:48:37   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ կառավարությունը շարունակելու է վարչատարածքային բարեփոխումները։ Այս մասին մայիսի 4-ին կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ 
Ըստ նրա՝ վարչատարածքային բարեփոխումներն ուղղված են տեղական իշխանությունների արտոնությունները մեծացնելուն և մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելուն:
«Համայնքների խոշորացումն արդյունավետ իրականացնելու և բնակիչներին ճիշտ ձևով իրազեկելու ու նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև արդեն խոշորացված համայնքներում հետագա զարգացումների նպատակով հանձնարարում եմ․ Առաջինը՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին ՝ 10 օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչատարածքային փոփոխությունների ծրագրի վերաբերյալ համապատասխան օրենսդրական փաթեթ: Երեքամսյա ժամկետում կազմակերպել նշված օրենսդրական փաթեթով նախատեսված փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ ընդգրկված համայնքներում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ»,- նշեց գործադիրի ղեկավարը։ 
Տարածքային կառավարման և զարգացման նախարարը նաև պարտավորվեց մեկ ամսյա ժամկետում ամփոփել կատարված աշխատանքները և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն