Հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը երկու մենահամերգով հայ հանդիսատեսին կներկայացնի իր նոր ալբոմը (տեսանյութ)


Հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը երկու մենահամերգով հայ հանդիսատեսին կներկայացնի իր նոր ալբոմը (տեսանյութ)

  • 05-05-2017 15:18:08   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայազգի հայտնի ջազ դաշնակահար, բազմաթիվ մրցույթների հաղթող Տիգրան Համասյանի նոր սոլո ալբոմի` "An ancient observer" (թարգմանաբար` «Հնագույն դիտորդը») շնորհանդես-համերգաշարը հասել է Երևան: Մայիսի 7-ին և 8-ին Արամ Խաչատրյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ջազ երաժիշտը հանիսատեսի կներկայացնի վերջին չորս տարիների իր նոր ստեղծագործությունները, բացառությամբ երկուսի, որոնք հիմնված են հայկական մեղեդիների վրա: 
Ինչպես մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Տ. Համասյանը, վերոնշյալ ալբոմը լույս է տեսել մարտի 31-ին, իսկ համերգաշարը շարունակվելու է մինչև 2018 թվականի ավարտը: 
«Սոլո ֆորմատով այս ալբոմի շրջանակներում 27 համերգներ արդեն եղել են, իսկ Երևանից հետո համերգներ կլինեն Ժնևում, Մոսկվայում, Ճապոնիայում, Ավստրալիայում ու մի շարք այլ Եվրոպական երկրներում»,- ասաց նա: 
Տ. Համասյանի փոխանցմամբ` առաջիկայում նախատեսում է ժողովրդական շատ պարզ մեղեդիների վրա հիմնված բարդ և ռիթմիկ էտյուդների շարք մշակել: 
Կարևորելով մշակութային փորձի փոխանակությունը` ջազ դաշնակահարը նկատեց, որ Հայաստանում որոշ երաժշտական ուղղություններում, մասնավորապես, ջազի ասպարեզում չկա մրցակցություն, ինչը պայմանավորված է նրանով, որ երաժիշտները և քիչ են, և դուրս չեն գալիս Հայաստանի սահմաններից:  
Նրա խոսքերով` հասարակության շրջանում առաջարկը կծնի պահանջարկ միայն այն դեպքում, երբ մրցակցություն կլինի տեղի երաժիշտների միջև: Լրագրողի այն  հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Տ. Համասյանի երաժշտությունը մշտապես դրական արձագանքների է արժանանում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, արվեստագետն ընդգծեց, որ արտասահմանում հայկական երաժշտական մեղեդիները հանդիսատեսի կողմից ընկալվում են որպես էկզոտիկա, իսկ այստեղ գեղագիտական հաճույք են ստանում` երբեմն չհասկանալով, թե ինչ է կատարվել ազգային երաժշտության հետ: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն