Մայիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ԵԿՄ վարչության անդամներ, մարզային խորհուրդների և տարածքային բաժանմունքների ներկայացուցիչներ, երիտասարդ և պատանի երկրապահներ:
Պատարագին Արշակ եպիսկոպոսը, խոսելով օրվա խորհրդի նշանակության մասին, անդրադարձավ քրիստոնեական սիրո գաղափարին և հատկապես առ հայրենին ունեցած սիրուն։ Սրբազան Հայրը մասնավորապես ասաց. «․․․Սերը եղավ դարեր շարունակ մեր քաջամարտիկների շարժիչ ուժը հայրենիքի նկատմամբ իրենց զգացումներն արտահայտելու ճանապարհին: Ավարայրից մինչև Սարդարապատ, Սարդարապատից մինչև Հայրենական մեծ պատերազմ, Հայրենական մեծ պատերազմից մինչև Արցախյան հերոսամարտ: Սերը և միայն սերը եղավ շարժիչ ուժը հայրենասեր մեր զավակների: Այս սիրով, այս զոհողության սիրով, հայրենիքի նկատմամբ անմնացորդ և անսակարկ սիրով Երկրապահ կամավորական միության մեր քաջարի զավակները մեկնեցին սահման՝ պատերազմի սարսափների ու պատերազմի մեջ զրկանքներ կրող մեր հայորդիների կյանքը փրկելու և մեր սահմանները պաշտպանելու»:Պատարագիչ Սրբազանը ցավով ընգծեց, որ այս պատերազմն այսօր ևս շարունակվում է և տակավին չի ավարտվել հայրենիքը պահպանող զինվորի և երկրապահի առաքելությունը: «Հայրենիք ասվածը մի դատարկ հասկացություն չէ: Հայրենիքը պարզապես մի բնակավայր չէ, ուր մենք ապրում ենք, հայրենիքը մի կորպոռացիա չէ, ուր աշխատում ենք հանապազորյա հացը հայթայթելու համար: Հայրենիքը մի կենսատարածք է, որը նախապայմանն է և երաշխիքը մեր լինելիության և ինքնության: Հայրենիքը մեր ծնողն է, մեր մայրն է, մեր երեխան և մեր զավակը: Այն ամբողջությունը, որին մենք սովոր ենք կոչելու սրբություն: Հայրենիքը մեր հավատքն է։
Դարեր շարունակ մենք կարող էինք պահպանել մեր ֆիզիկական գոյությունը, մենք կարող էինք զրկանքներից զերծ լինել, եթե հանձն առնեինք հավատափոխություն, եթե հանձն առնեինք փոխելու մեր կյանքի կերպը, բայց մենք անվհատ պայքարեցինք հանուն այն իրականության, որպեսզի պաշտենք մեր Աստծուն, ապրենք մեր գույնով, մեր տեսակով, մեր ցանկացած ձևով և այսօր այդ պայքարը շարունակվում է: Երկրապահը, որի տոնն է այսօր՝ մայիսի 8-ը, ահա կոչված է եղել այս պայքարին, լծված է եղել այս առաքելությանը և մաքառումին», - նշեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Իր քարոզի վերջում Արշակ Սրբազանը հորդորեց ներկաներին իրենց աղոթքները վերառաքել առ Աստված հայրենի սահմանների անառիկության և հայոց քաջարի զինվորների ապահով ծառայության համար, որպեսզի նրանք մշտապես լինեն Աստծո հովանու ներքո:
Քարոզի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված հայ մարտիկների հոգիների հանգստության և խաղաղության համար: