Թեհրանի քաղաքապետը հանել է իր թեկնածությունն Իրանում կայանալիք նախագահական ընտրություններից
15-05-2017 19:11:36 | Իրան | Հասարակություն
Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանել է Իրանում իր թեկնածությունը կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների ցանկից: Interfax-ի փոխանցմամբ` Թեհրանի քաղաքապետը հայտարարել է, որ նման որոշում է կայացրել 50-ամյա մեկ այլ թեկնածու` Իրանի նախկին Գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիսի օգտին: Վերջինս համարվում է գործող նախագահ Հասան Ռոուհանիի հիմնական մրցակից, ով երկրորդ անգամ է ցանկանում նախագահ դառնալ:
Աղբյուրի տվյալներով` Ղալիբաֆը և Ռաիսին հանդիպում են ունեցել, որի ընթացքում թեկնածուներից յուրաքանչյուրը պատրաստակամություն է հայտնել հանել իր թեկնածությունը մյուսի օգտին:
Այսպիսով` Իրանում նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի ներկայիս ղեկավար Հ. Ռոուհանին, առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգրին, արդյունաբերության նախկին նախարար Մուսթաֆա Թաբան, մշակույթի նախկին նախարար Մուսթաֆա Միրսալիմը և Ռաիսին:
Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու է մայիսի 19-ին: