Նարինե Շահբազյան. Աթլետներին հագեցած սեզոն է սպասվում


Նարինե Շահբազյան. Աթլետներին հագեցած սեզոն է սպասվում

  • 16-05-2017 19:58:47   | Հայաստան  |  Սպորտ

Մայիսի 20-21-ին Արտաշատում կանցկացվի աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցի մոտ 120 մարզիկ 45 աթլետիկական դիսցիպլիններից (տղամարդիկ եւ կանայք): Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:
 
«Բոլոր առաջատար աթլետներն այժմ Հայաստանում են, քանի որ մայիսը հագեցած է հանրապետական մրցաշարերով: Մայիսի 7-ին ՀԱՖ-ն անցկացրեց աթլետիկայի համաշխարհային օրը, մայիսի 13-14-ը Արտաշատում կայացավ Գառնիկ Ղուկասյանի ավանդական հուշամրցաշարը: Հիմա պատրաստվում ենք Հայաստանի առաջնությանը:
 
Հանրապետության առաջնությունից հետո կձեւավորվի ազգային հավաքականը՝ Եվրոպայի թիմային առաջնության երրորդ դիվիզիոնին մասնակցելու համար (Մալթա, հունիսի 24-25): Դրանից առաջ, հավանաբար Ծաղկաձորում, մարզիկների համար ուսումնամարզական հավաք կկազմակերպվի»,- ասաց Նարինե Շահբազյանը:
 
Այս տարի հայ աթլետների համար միջազգային օրացույցը բավականին հագեցած է: Հուլիս-օգոստոսին կանցկացվի պատանիների աշխարհի առաջնությունը, ավագ տարիքի պատանիների (մինչեւ 20 տարեկան) եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությունը:
Նոյյան տապան  -   Սպորտ