«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում է


«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում է

  • 20-05-2017 12:19:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում է:
Մայիսի 20, 2017թ., Երեւան. «Ավրորա» 2017թ. մրցանակի շնորհման արարողության եւ ուղեկցող միջոցառումների նախօրեին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան: Նա կհանդիպի Հայաստանի եւ Արցախի պետական, մշակութային ու հոգեւոր գործիչներին եւ կներկայացնի իր գործունեությունն ու 2016թ. «Ավրորա» մրցանակի ազդեցությունը:
«Անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան, այս անգամ արդեն ավելի շատ պատմություններով: Ես Հայաստան եմ բերել այն բոլոր երջանիկ մանուկների ու երիտասարդների ուղերձը, որոնք «Ավրորա» մրցանակի շնորհիվ այսօր օթեւան ունեն կամ որակյալ կրթություն են ստանում: Նրանք այժմ կարող են երազել ավելիին հասնելու մասին, - ասաց «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, - անհամբերությամբ սպասում եմ՝ հանդիպելու Հայաստանի եւ Արցախի երիտասարդներին, կանանց ու բոլոր նրանց, ովքեր իրենց հյուրընկալ դռներն են բացելու իմ առաջ»:
 
Մայիսի 20-ին Մարգարիտ Բարանկիցեն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված հատուկ ցուցասրահ: Հենց Ավրորա Մարդիգանյանն է դարձել ոգեշնչման աղբյուր «Ավրորա» մրցանակի ստեղծման համար: Թանգարանում շրջայցից հետո տիկին Բարանկիցեն գրություն թողեց պատվավոր հյուրերի հուշամատյանում եւ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում եղեւնի տնկեց:
 
«Կարեւորելով «Ավրորա» մրցանակի առաքելությունը եւ խորհուրդը, մենք անհրաժեշտ ենք համարում, որ ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկիրները, հնարավորություն ստանան նաեւ Ծիծեռնակաբերդում իրենց խորհրդանշական ներկայությունն ունենալ՝ մշտադալար ծառի տեսքով: Դա շարունակական ավանդույթ կդառնա եւ Հայաստանի, եւ Ծիծեռնակաբերդի համար», - ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Երեւանից Մեգին կուղեւորվի Հայաստանի հարավ. կայցելի Տաթեւի միջնադարյան վանական համալիր, Գորիսում կհանդիպի տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների եւ ուսանողների հետ, կայցելի Աքսել Բակունցի տուն-թանգարան: Մարգարիտ Բարանկիցեն այնուհետեւ կմեկնի Արցախ, որտեղ Շուշիում կայցելի Ս. Ղազանչեցոց եկեղեցի եւ Վերին մզկիթ, «Նարեկացի» արվեստի կենտրոն, որտեղ տեղի կունենա մշակութային միջոցառում: Ստեփանակերտում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Արցախի պետական համալսարանի ուսանողներին, կայցելի Զոհված ազատամարտիկների թանգարան, այնուհետեւ կմեկնի Գանձասար:
Մարգարիտը կլինի նաեւ Գյումրիում, կայցելի Հայ կաթողիկե եկեղեցի, «Թռչունյան» մանկատուն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին: Էջմիածնում մրցանակի առաջին դափնեկիրը կհանդիպի նաեւ «Altitude 5165» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Մայիսի 26-ից Մեգին հարյուրավոր այլ հյուրերի հետ Երեւանում եւ Դիլիջանում կմասնակցի «Ավրորա» մրցանակի միջոցառումներին, որոնք կամփոփվեն մայիսի 28-ին, Երեւանում՝ մրցանակի շնորհման արարողությամբ: 
Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրն է, 2016թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթեւան եւ խնամք:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն