Ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների.ԱՆ


Ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների.ԱՆ

  • 22-05-2017 18:37:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի նշվում է 1983թ.-ից։ Նախաձեռնողները Սան Ֆրանցիսկոյի քաղաքացիներ էին, որոնց կյանք էր ներխուժել ՄԻԱՎ վարակը: Այդ ժամանակից ի վեր ողջ աշխարհում մայիսի երրորդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր։
 
ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը Երևանում «Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով հանրային միջոցառում էր կազմակերպել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հետ: Նպատակը հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն էր, ինչպես նաև հետազոտության հետ կապված հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխումը:
 
Միջոցառման ընթացքում անցորդներին հնարավորություն է տրվել անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով։ Բոլոր հետազոտվել ցանկացողներին տրամադրվել է խորհրդատվություն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունն իրականացրել են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկայում:
 
Հյուսիսային պողոտայում տեղադրվել էր վահանակ, որի վրա անցորդներին առաջարկվել է փակցնել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ համարվող կարմիր երիզներ՝ ի նշան համաճարակի դեմ պայքարին նրանց միանալու: Միջոցառման ընթացքում նաև կարվեց քվիլթ՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների:
 
Անցորդներին բաժանվել են ուղերձներով մոմեր, տեղեկատվական-կրթական նյութեր: Տեղի է ունեցել մոմավառություն:
 
Միջոցառման ընթացքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է 121 մարդ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն