ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի պռոռուսական հանձնաժողովը
29-05-2017 18:44:19 | Հայաստան | Վերլուծություն
Նորընտիր Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների կազմում կա Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Այս հանձնաժողովի գործունեության ոլորտը ներառելու է Եվրոպական միության և Եվրախորհրդի հետ կապերը, Հայաստանի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցումն ու այդ ոլորտները կարգավորող օրենքները: Մայիսի 20-ին այս հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Նաիրա Զոհրաբյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են 8 պատգամավորներ, որոնցից մեկը Ելք դաշինքից, երեքը՝ Ծառուկյան դաշինքից, իսկ չորսը՝ Հանրապետական կուսակցությունից:
Հաշվի առնելով ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և դրա հետևանքով Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի անհնարինությունը, ինչպես նաև վերջին երկու տարիներին ԵԱՏՄ անդամակցության պատճառով Հայաստանում տնտեսական և քաղաքական հետընթացը՝ հարկ ենք համարում անդրադառնալ հանձնաժողովի անդամների արտքաին քաղաքական կուրսի դիրքորոշմանը:
2014թ. դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը (նախկին կազմով) քվեարկեց Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը կողմ՝ դրանով իսկ տապալեց Եվրոպական միության հետ ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրումն ու մեծ քար գցեց եվրոպական ինտեգրացիայի վրա: 2014 թվականի այդ վճռորոշ քվեարկությանը մասնակցած պատգամավորներից ոմանք կան նորընտիր ԱԺ-ի Եվրոպական հարցերի հանձնաժողովի կազմում: Մասնավորապես, ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը, Արտակ Սարգսյանը (հայտնի «SAS-ի Արտակ» մականվամբ) կողմ են քվեարկել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը:
Հանձնաժողովի չորրորդ ՀՀԿ-ական անդամը՝ Միհրան Հակոբյանը նախկին ԱԺ կազմում ընդգրկված չէր, սակայն հայտնի է իր հակաարևմտյան հայտարարություններով, իսկ իր ղեկավարած «Արարատ» հեռուստաընկերությունը աչքի է ընկել ռուսական քարոզչամեքենայի աջակցությամբ:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով ներկայացնում է Ծառուկյան դաշինքը, ԵԱՏՄ անդամակցության քվեարկության օրը բացակա է եղել նիստից, իսկ նույն դաշինքից հանձնաժողովի մյուս երկու անդամները՝ Սարգսյան Լուիզան և Իսայան Շաքեն նախորդ գումարման Ազգային ժողովում չեն եղել: Նույն կերպ, նախորդ գումարման ԱԺ-ում չի եղել «Ելքից» Գևորգ Գորգիսյանը:
Ու թեև Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովում «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների ներկայացուցիչները ԵԱՏՄ-ի անդամակցության քվեարկությանը չեն մասնակցել, սակայն նկատենք, որ այն ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը գրեթե ամբողջ կազմով «կողմ» է քվեարկել դրան, իսկ այժմյան «Ելքի» առաջնորդներից Էդմոն Մարությանն ու Նիկոլ Փաշինյանը՝ դեմ:
Այլ կերպ ասած՝ Հայաստանի նորընտիր Ազգային ժողովում Եվրոպական հարցերի հանձնաժողովի կազմում ՀՀԿ-ական պատգամավորներն ունեն հստակ կողմնորոշում դեպի ԵԱՏՄ: Հանձնաժողովի նախագահի և Ծառուկյան դաշինքի տեսակետը ևս հստակ պրոեվրոպական չէ, իսկ Ելք դաշինքի միակ անդամ Գորգիսյան Գևորգը, եթե անգամ ունի հստակ պրոեվրոպական դիրքորոշում, ապա այս հանձնաժողովում նա, մեղմ ասած, փոքրամասնություն է:
Համենայնդեպս, զավեշտալի իրավիճակի ենք հանդիպել, երբ խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի կազմի մեծ մասը դեմ է արտահայտվել եվրոպական ինտեգրացիային: