Երևան կժամանի Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ


Երևան կժամանի Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ

  • 03-06-2017 11:21:20   | Հայաստան  |  Մշակույթ

Հունիսի 15-ին տեղի փառատոնի շրջանակներում Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի.  Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:  Համերգի ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ Սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ: Իբրև մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ տաղանդաշատ ջութակահարուհի Դիանա Ադամյանը: Ռուսաստանի առաջատար նվագախմբի վեհաշուք համերգը Երևանում` հայ մենակատարի մասնակցությամբ այս տարի նշվող հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա տարելիցի լավագույն մշակութային անդրադարձն է:
 
Իննսունամյա պատմություն ունեցող այս հեղինակավոր նվագախումբն իր փառավոր պատմության ընթացքում ղեկավարել են Լորին Մաազելը, Կուրտ Մաազուրը, Եվգենի Սրավինսկին, մենակատարներ` Սվյատոսլավ Ռիխտերի, Դավիդ Օյստրախի, Լուչիանո Պավարոտիի, Վիկտոր Տրետյակովի, Պինկաս Ցուկերմանի, Յուրի Բաշմետի, Դենիս Մացուևի, Բորիս Բերեզովսկու և այլոց հետ: 1974թ.-ից ի վեր պատմական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է նշանակվել  Վլադիմիր Ֆեդոսեևը: Այս նվագախմբի հետ մաեստրո Ֆեդոսեևը բացահայտել է Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին և Վադիմ Րեպինին: Մաեստրո Ֆեդոսեևը 1995-2004թթ հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժոր և շուրջ տաս տարի եղել է Ցյուրիխի օպերայի ու  Ցյուրիխի “Տոնհալլե” նվագախմբի հրավիրյալ դիրիժորը:
 
 
 
Պ.Ի. Չայկովսկու անունը նվագախմբին շնորհվել է 1993թ-ից` կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն և խորաթափանց կատարումների համար: Նվագախմբի նվագացանկը ահռելի է, հայտնի են նրանց Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Բրամսի, Մալերի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությունները: Խմբի ձայնասկավառակները թողարկվել են Սոնի, Վարներ Քլասսիքս ենդ Զազզ, Ֆիլիպս, “Մելոդիա” և մի շարք այլ հեղինակավոր ընկերությունների կողմից: Նվագախումբը շրջագայել է երկրագնդով մեկ, ելույթներ ունենալով աշխարհի բոլոր ծայրերում: Նրանք զբաղվում են նաև լուսավորչական գործունեությամբ, համերգներ նվագելով Տրետյակովյան պատկերասրահում և Լոմոնոսովի անվան համալսարանում:  2016թ-ին խումբը ներկայացրեց հայրենական կինոյին նվիրված համերգաշար` Կրեմլյան պալատում: Հայտնի  են նվագախմբի համերգները Վիեննայի Մուզիքֆերայնի ոսկյա դահլիճում, որտեղ հնչեց նաև Չայկովսկու “Ունդինա” օպերայի վերափոխված տարբերակի պրեմիերան: Նվագախմբի 2017թ-ի ելույթների կիզակետում է Լ.Վ.Բեթհովենի ստեղծագործությունները, որոնց մեկնաբանմանը նախատեսվում է նվիրվել մի մեծ փառատոն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play