Լոլիկի գինը չի իջնում.ինչո՞ւ


Լոլիկի գինը չի իջնում.ինչո՞ւ

  • 06-06-2017 17:24:53   | Հայաստան  |  Տնտեսություն

Շուկաներում և խանութներում լոլիկի գները շարունակում են բարձր մնալ:
 
1 կգ լոլիկի գինը տատանվում է 850-1100 դրամի միջակայքում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1 կգ լոլիկի գինը մոտ կրկնակի թանկ է:
Բանջարեղենի առևտրով զբաղվողները նշում են, որ այլ երկրներից լոլիկի ներմուծումն արգելված է, «հողի» լոլիկը դեռ չի հասունացել, իսկ ջերմոցներ ունեցող խոշոր արտադրողներն օգտվում են դրությունից և բարձր պահում գները:
Նախորդ տարիներին թուրքական կամ այլ երկրներից լոլիկի ներմուծումը դժգոհություն է առաջացրել Հայաստանում լոլիկ աճացնող ֆերմերների շրջանում:
2016 թվականի մայիսի վերջին Արարատի և Արմավիրի մարզերի ջերմատնային տնտեսությունների տերերը բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով դադարեցնել թուրքական լոլիկի ներկրումը: Այն շուկաներում վաճառվում էր 500-600 դրամով, այն դեպքում, երբ միայն մաքսազերծման գինն է այդքան: Արդյունքում իջնում էր նաև հայկական լոլիկի գինը, որn ըստ արտադրողների, 1 կգ համար կազմում է 600 դրամ: Լոլիկ աճացնողները համոզված էին, որ այդ լոլիկը Հայաստանում է հայտնվում մաքսանենգ ճանապարհով:
2016 թվականի մայիսի վերջին նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարել էր, որ այդ տարվա առաջին 5 ամիսներին Հայաստան էր ներմուծվել 192 տոննա լոլիկ, ընդ որում, վերջին խմբաքանակը՝ մարտ ամսին: 2017 թվականին, ըստ ՍԱՊԾ-ի, Թուրքիայից Հայաստան ընդհանրապես լոլիկ չի ներկրվել:
Հայաստանում լոլիկի խոշորագույն արտադրողներն են Բիո գրուպը եւ Մավաս գրուպը: Խոսվում է, որ նրանց լոբբինգի արդյունքում է, որ լոլիկ չի ներկրվում:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն