Հայաստանը կանգնած է սննկացման եզրին, սակայն դեռևս հնարավոր է թռիչքային առաջընթաց ապահովել․ փորձագետ (տեսանյութ)


Հայաստանը կանգնած է սննկացման եզրին, սակայն դեռևս հնարավոր է թռիչքային առաջընթաց ապահովել․ փորձագետ (տեսանյութ)

  • 17-06-2017 11:47:16   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանի ներկայիս սոցիալ տնտեսական իրավիճակը խորը ճգնաժամային է և շատ հեռու բավարար լինելուց: Երևան-Լոս Անջելես ուղիղ հեռուստակամրջի ընթացքում «Նոյյան Տապանի» եթերում նման կարծիք հայտնեց «Հայք» նախաձեռնության տնտեսական հանձնախմբի պատասխանատու Լևոն Թումանյանը: 
Ըստ նրա` ապագայի համար ևս Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացման էական հեռանկարներ դեռևս չեն նշմարվում: 
«Բերեմ մի քանի պաշտոնական տվայլներ, մասնավորապես, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2,986,000 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` պակաս է 12,1 հազար բնակչով, իսկ եթե վերցնենք Հայաստան ժամանածների և այստեղից մեկնածների բալանսը, ապա կտեսնենք, որ 2016 թվականին Հայաստանը մշտապես լքել է 54,000 մարդ»,- նշեց Լ. Թումանյանը` դրան հավելելով նաև աղքատության ցուցանիշը, որը պաշտոնական տվյալներով Հայաստանի 1/3-րդը համարվում է աղքատ: 
Տնտեսագետի խոսքերով` Հայաստանում մտահոգիչ է նաև գործազրկության և պետական պարտքի չափը, որոնք համապատասխանաբար կազմում են 18 տոկոս և 6 մլրդ ԱՄՆ դոլար: 
«Եթե փորձենք գնահատական տալ պաշտոնական և ոչ պաշտոնական, այլ մեր իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված տվյալներին, ապա կտեսնենք, որ այստեղ ցուցանիշներ կան, որոնք պաշտոնական տվայլները որևէ աղերս չունեն իրականության հետ, այդ թվում մշտական բնակության և աղքատության ցուցանիշները»,- ընդգծեց փորձագետը` շեշտելով, որ վերջին տարիներին Հայաստանում տնտեսական աճ գրեթե չի արձանագրվել: 
Նրա փոխանցմամբ` Հայաստանի սոցիալ տնտեսական պատկերն առավել ակնառու է դառնում, երբ հաշվի է առնվում այն փաստը, որ 2020 թվականին  Հայաստանը պետք է սպասարկի պետական պարտքի 1 մլրդ դոլարը. «Եթե նորից պարտք չվերցնենք այդ 1 մլրդ դոլարը վերադարձնելու համար, ապա չի բացառվում, որ Հայաստանը հայտնվի սննկացման եզրին»,- փաստեց Լ. Թումանյանը: 
Անդրադառնալով Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի բուն պատճառներին` «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արեստակեսյանը նշեց, որ պատճառներն օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթ են կրում: 
Ըստ նրա` օբյեկտիվ պատճառներից են երկու կարևորագույն հիմնախնդիրների առկայությունը` երկրի տրանսպորտային շրջափակումը և էներգետիկ անկախության կորուստը: 
«Էներգետիկ անկախության կորուստն ունի կամավոր բնույթ, այսինքն` մենք էներգետիկ անկախությունը կորցրել ենք իշխանությունների ձեռամբ և բարի կամքով` ի նպաստ սեփական շահի, իսկ տրանսպորտային շրջափակումը դա բնական աշխարհաքաղաքական կարգավիճակ է, սակայն մեր հարևանները չկատարելով միջազգային համաձայանագրերը` հետևողականորեն թշնամական վերաբերմունք են դրսևորում մեր նկատմամբ, միայն Վրաստանի միջոցով կարող ենք դուրս գալ ծով, մինչդեռ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների պատճառով այդ միակ ճանապարհը գրեթե մշտապես փակ է»,- ընդգծեց տնտեսագետը: 
Վերջինս խոսքերով` Հայաստանի տնետսության ծայրահեղ վիճակի սուբյեկտիվ պատճառներից գլխավորը քաղաքական բնույթի է, քանի որ Հայաստանում հաստատվել է ժամանակին Կոմունիստական կուսակցության ավանգարդի դերը կրող Հանրապետական կուսակցությունը, որը հոշոտում է պետական բյուջեն և  բնական հարստությունները, նաև նպաստում ստվերային տնտեսության մեծացմանը և քրեաօլիգարխիկ համակարգի ամրապնդմանը: 
Փորձագետների պնդմամբ` առաջին հայացքից գուցե և թվա, որ ստեղծված իրավիճակից հնարավոր չէ դուրս գալ, սակայն ելք, այնուամենայնիվ, կա: 
Մ. Արեստակեսյանի համոզմամբ` Հայաստանն աշխարահաքաղաքական այնպիսի դիրքում է, որ վերոնշյալ սուբյեկտիվ պատճառները վերացնելու դեպքում հնարավոր կլինի թռիչքային առաջընթաց ապահովել: 
Իսկ ահա Լ. Թումանյանի կարծիքով` տնտեսության զարգացման հեռանկարի դեպքում ոչ մի ծանրագույն իրավիճակ չի կարող լուրջ սպառնալիք լինել:
Նրա համոզմամբ` ՀՀ ներկայիս կառավարությունը տնտեսության զարգացման մի շարք գերակա ուղղություններ է նշել, ինչպիսին է նաև ՏՏ ոլորտի զարգացումը, մինչդեռ այդ ամենը դեկլարատիվ հայտարարությունների մակարդակում է և ոչ մի ռեալ քայլ չի կատարվում տնտեսությունն իրապես ոտքի կանգնեցնելու համար:
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play