Հայաստանում էլեկտրոմոբիլի շահագործումը մասայականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքների ձևավորում (տեսանյութ)
19-06-2017 18:24:23 | Հայաստան | Տնտեսություն
Էլեկտրոմոբիլը գերշահավետ տրանսպորտային միջոց է թե ֆինանսական, թե էկոլոգիական տեսանկյունից։
Հայաստանում էլեկտրոմոբիլի շահագործումը մասայականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքների ձևավորում: Այս մասին հունիսի 19-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գիտատեխնիկական Ասոցիացիա «Երեք Կետ» Իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) նախագծի համակարգող Նորայր Հովակիմյանը:
Ըստ նրա` իրենց կազմակերպությունը «Global Shiping» ընկերության համատեղ ջանքերով մեկնարկել է էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտի շահագործման համար նպաստավոր պայմանների ստեղծման և նրանց կիրառելիությունը խթանող միջոցառումների մի ամբողջ գործընթաց:
«Այս պահին արդեն ունենք ներկրված «Nissan LEAF» ֆիրմայի էլեկտրոմոբիլների որոշակի քանակ, սակայն մեքենաների հետագա շահագործումն ու սպասարկումն ապահովելու համար պետք է լուծվի լիցքավորման կայանների խնդիրը»,- նշեց Ն. Հովակիմյանը` հավելելով, որ էլեկտրոմոբիլի շահագործումն արդյունավետ է նաև սպասարկման տեսանկյունից:
Մասնագետի խոսքերով` ի տարբերություն ներքին այրման այլ շարժիչներով աշխատող մեքենաների` էլեկտրոմոբիլների սարքավորումները մատչելի են և դրանք հշտորեն հնարավոր է փոխել:
Գիտատեխնիկական Ասոցիացիա «Երեք Կետ» ԻԱՄ նախագծի համակարգողի պնդմամբ` էլեկտրոմոբիլների մասայական շահագործման համար անհրաժեշտ են նաև օրենսդրական բարեփոխումներ, որպեսզի այլ երկրների պես, Հայաստանում ևս էլեկտրոմոբիլ շահագործող անձիք ունենան որոշակի արտոնություններ:
Ի դեպ` Հայաստանում էլեկտրոմոբիլ շահագործողներն ազատված են կարմիր գծերի համար նախատեսված վճարներից:
Գիտատեխնիկական Ասոցիացիա Երեք Կետ ԻԱՄ ներկայացուցիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Ղարիբյանի փոխանցմամբ` վերոնշյալ էլեկտրոմոբիլներով մեկ լիցքավորմամբ կարելի է անցնել 160 կիլոմետր հեռավորություն:
Նրա կարծիքով` առաջնահերթ պետք է լուծվի լիցքավորման կայաններ ստեղծելու խնդիրը հատկապես մայրաքաղաքից դուրս, որպեսզի էլեկտրոմոբիլ շահագործողները հեռավոր տարածքություններ հաղթահարելու համար ստիպված չլինեն մեքենան 8 ժամ լիցքավորել տնային պայմաններում:
«Եթե ցանկանում ենք էլեկտրոմոբիլներով քաղաքից դուրս գնալ կամ հարևան երկիր, օրինակ Վրաստան, ապա պետք է ունենանք 150-250 կիլովատ հզորությամբ հաստատուն հոսանքով աշխատող լիցքավորման կայաններ, բացի այդ կարելի է այդ կայաններում օգտագործել նաև արևային պանելներ, որոնք հնարավորություն կտան մեքենաներն արագ լիցքավորել ցերեկային ժամերին»,- ընդգծեց Ա. Ղարիբյանը` շեշտելով, որ ներկայումս ներմուծում են նաև շարժական լիցաքավորիչներ:
Գլոբալ Շիփինգին ընկերոթյան ավագ մենեջեր Մարգարիտա Մարտոյանի վստահեցմամբ` Հայաստանում էլեկտոմոբիլի շահագործումը մասայականացնելու նախապայմանները բավականին շատ են, քանի որ դրանք հարմարավետ են, անվտանգ, մատչելի ու շահավետ ֆինանսական տեսանկյունից:
Ըստ նրա` միակ խնդիրը մաքսային ծախսերի հետ է կապված. «Գրեթե բոլոր երկրներում էլեկտոմոբիլները չեն մաքսազերծվում, իսկ Հայաստանում մաքսազերծման գինը կազմում է մեքենայի արժեքի 35 տոկոսը, ինչը խոչընդոտում է, որպեսզի մեքենան հասանելի լինի շատերին»:
Մ. Մարտոյանի խոսքերով` դժվարություններ են առաջանում նաև էլեկտրոմոբիլների ապահովագրության հետ կապված, քանի որ բանկային համակարգում և ԱՊՊԱ ընկերություններում էլեկտրոմոբիլ հասկացողություն որպես այդպիսին սահմանված չէ:
FAA գործող ավտոմարզիկ. Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ներկայացուցիչ
Էդվարդ Եղյանն իր հերթին ընդգծեց, որ էկոլոգիապես մաքուր և անվտանգ էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկման կազմակերպումը ևս լուրջ խնդիր համարել պետք չէ, քանի որ մասնագետների պակաս Հայաստանում չկա:
Բանախոսների համոզմամբ` էլեկտրոմոբիլի զարգացումն այլընտրանք չունի, հետևաբար իրենք պատրաստվում են մի շարք առաջարկություններով դիմել ՀՀ կառավարություն օրենսդրական համապատասխան ենթակառուցվածքներ ձևավորելու համար: