Ամփոփվել են Ucom-ի աջակցությամբ իրականացվող «Ապահով համացանց 2017» կրթական ծրագրի արդյունքները
21-06-2017 18:21:29 | Հայաստան | Կազմակերպություններ
2017թ. հունիսի 16-ին ամփոփվեցին «Ապահով համացանց 2017» ծրագրի առաջին փուլի արդյունքները, և ինֆորմատիկայի 23 դասավանդողներ ստացան մրցանակներ և հավաստագրեր: «Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի» կարգախոսի ներքո երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում նշվող Ապահով համացանցի օրվա ընթացքում նաև հայաստանյան օգտատերերին կոչ էր արվել միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով:
Ucom-ը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկել էր «Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագիրը, որի առաջին փուլի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի 200 դպրոցներում և քոլեջներում շուրջ 10 000 դպրոցականների ու ծնողների համար անցկացվեցին բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ: Հրապարակվեցին STOP. THINK. CONNECT.™ արշավի «ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™ Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին» գիրքը, Եվրոպական դպրոցական ցանցի, INSAFE-ի «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար» և «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ դասավանդողների համար» գրքերը:
Ծրագրի առաջին փուլի ընթացքում Հայաստանի 32 դպրոցներում աշխատանքներ են իրականացվել համաեվրոպական eSafetyLabel՝ Ինտերնետ ապահովության եվրոպական որակի նշանն ստանալու համար:
Ծրագրի շրջանակներում Հայաստանի 25 ուսուցիչներ մասնակցեցին Եվրոպական դպրոցական ցանցի (European SchoolNet) «Ապահով համացանց դասավանդողների համար» վեցշաբաթյա դասընթացին, նրանցից լավագույն արդյուքներ ցույց տված 11 դասավանդողներն ստացան European Schoolnet-ի ավարտական հավաստագրեր:
Ապահով համացանց ծրագրում ընդգրկված 2 դասավանդողներ մասնակցել են Ինտերնետի կառավարման EuroDIG 2017 և SEEDIG 2017 համաժողովներին:
«Ucom-ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում մեծ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերին, իսկ այս մեկի ծավալները տարեցտարի ընդլայնվում են: Որպես խոշորագույն ընկերություն մենք պարտավորված ենք զգում ու ջանք չենք խնայում նորագույն տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ կրթական միջոցառումների իրականացման համար», - ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:
www.safe.am կայքում տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար: Ինչպես նշեց Մեդիակրթության կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը, ծրագրի երկրորդ փուլում շեշտը կդրվի բնագիտամաթեմատիկական միջառարկայական կրթական բովանդակության ստեղծման վրա:
Հիշեցնենք, որ «Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը նշվում է սկսած 2004-ից յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ: