«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերում պայքարելու է 47 ֆիլմ


«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերում պայքարելու է 47 ֆիլմ

  • 27-06-2017 15:57:19   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ընտրված 47 ֆիլմերից 12-ը պայքարելու են «Միջազգային խաղարկային», 16-ը` «Միջազգային վավերագրական» և 19-ը` «Հայկական համայնապատկեր ազգային» մրցույթներում: 
Ինչպես հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց կինոփառատոնի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, ընդհանուր առմամբ փառատոնն այս տարի ստացել է 1100 հայտ աշխարհի 96 երկրներից: 
Ըստ նրա` «Միաջազգային խաղարկային» մրցույթում  ընդգրկված ֆիլմերի աշխարհագրությունը տարածվում է Հնդկաստանից մինչև Կանադա, նաև հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանի երկրների ֆիլմերին: 
Մ. Ստամբոլցյանի փոխանցմամբ` նշյալ մրցութային ծրագրում ներկայացված են Մոհամադ Ռասուլոֆի «Ազնիվ մարդը», Զեքի Դեմիրքուբուզի «Անթեղ», Աֆոնսո Ուչոայի «Արաբիա», Սոֆի Գուայետի «Դեռ մութ, դեռ լույս», Գեորգի Օվաշվիլիի «Խիբուլա», Վիգեն Չալդրանյանի «Վարպետի լռությունը», Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը», Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան», Յուլիուս Շեվչիկի «Մասարիկ» և այլ ֆիլմեր: 
«Միջազգային վավերագրական» մրցույթի համակարգող Արա Խանջյանն իր հերթին տեղեկացրեց, որ նշյալ մրցույթում ընդգրկված 16 ֆիլմերից երկուսը հայ ռեժիսորների աշխատանք են: 
«Հայաստանից կա երկու ժապավեն` Արա Մնացականյանի «Դատավարություն»-ը, որը պատմում է Սողոմոն Թեհլերյանի մասին, և Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» լիբանանա-ֆրանսիական համատեղ արտադրության կինոնկարը. Այն մեր հայրենակիցների մասին է, ովքեր տեղափոխվում են Մարսել»,- նշեց նա` հավելելով, որ վավերագրական մրցույթում ընդգրկված է նաև թուրքական ֆիլմ, որը պատմում է Թուրքիայում ապրող, սակայն իր ինքնությունը պահպանող հայ կնոջ մասին: 
Ֆիլմը կոչվում է «Դերդո մայրիկը և ընկուզենին»:
Նշվեց, որ բացի վերոնշյալ ֆիլմերից, «Միջազգային վավերագրական» մրցույթում ներկայացված են նաև Հելենա Տրժեշտիկովայի «Ամուսնական պատմություն», Տոմմազո Կոտրոնեի «Արյուն և լուսին», Ռաթի Օնելի «Արևի քաղաքը», Մարի Դյումոռայի «Բելինդա», Անաստազիա Դոմբրովսկայի «Դանիել», Ցվետան Դրագնևի «Գյուղացիներ», Մաչին Կոպեչի «Քայլելու հմտությունը», Ռաեդ Անդոնի «Ուրվականների որս» և այլ ֆիլմեր: 
Ներկայացնելով «Հայկական համայնապատկեր ազգային» մրցույթը` համակարգող Րաֆֆի Մովսիսյանն ընդգծեց, որ այս մրցույթին մասնակցում են հայաստանաբնակ կամ արտերկրում ապրող հայ ռեժիսորները: 
Նրա խոսքերով` «Հայկական համայնապատկեր» մրցույթում ներկայացված են Լևոն Մինասյանի «Բրավո, վիրտուոզ», Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ», Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայները», Աշոտ Մկրտչյանի «Ծնունդ», Հայասպետ Շերմազանյանի «Աղ ու հաց», Գրիգոր Պողոսյանի «Ու՞ր ենք գնում» և այլ կինոնկարներ:
Ր. Մովսիսյանի գնահատմամբ` «Հայկական համայնապատկեր»-ը հնարավորություն է տալիս բացահայտել հետաքրքիր հայ ռեժիսորների բացահայտել: 
Նշենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկելու է  հուլիսի 9-ին և շարունակվելու է մինչև հուլիսի 16-ը։
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play