«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը խթանող ուժ ունի և երաժիշտներին ստեղծագործելու, արարելու հնարավորություն է տալիս. Գևորգ Մուրադյան
10-07-2017 16:59:58 | Հայաստան | Մշակույթ
Հուլիսի 10-ին մեկնարկել են Արմենիա միջազգային մրցույթ-փառատոնի դաշնակահարների 2-րդ փուլի լսումները։ 20 դաշնակահար, այսօր և վաղը ներկայացնելով իրենց կատարողական վարպետությունը, կպայքարեն մրցանակային տեղեր գրավելու համար։ Իսկ հաղթողների անունները պարզ կդառնան հուլիսի 12-ին։
«Արմենիա» մրցույթ-փառատոնի շրջանակներում ամեն օր կայանում են նաև համերգներ։ Հուլիսի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի անվան տրիոն հանդիսատեսին ներկայացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի, Ալեքսեյ Շորի և Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից։ Իսկ հուլիսի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած սիմֆոնիկ համերգը նվիրված էր դիրիժոր Գևորգ Մուրադյանի 70-ամյակին։ Համերգը ղեկավարում էր ինքը՝ Գևորգ Մուրադյանը։
Համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհում մեծ ճանաչում վայելող դաշնակահարուհի Նարե Արղամանյանը (Ավստրիա)։ Ունկնդիրը վայելել է Ռիխարդ Վագների, Ալեքսեյ Շորի, Ջոակինո Ռոսինիի, Էդգար Հովհաննիսյանի, Գրիգոր Եղիազարյանի, Կարեն Անանյանի, Արամ Խաչատրյանի, Մելիք Մավիսակալյանի ստեղծագործությունները։
«Արմենիա» մրցույթ-փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտը համաշխարհային պրեմիերա էր, որը նվագախմբի հետ ներկայացրեց մենակատար Նարե Արղամանյանը։ Դաշնակահարուհին նշում է, որ ինքը կատարել է կոմպոզիտոր Շորի շատ գործեր աշխարհի տարբեր երկրներում։ «Շորը հիանալի ժամանակակից կոմպոզիտոր է։ Թեև ժամանակակից է, սակայն նրա կոմպոզիտորական ոճն ավելի շատ ռախմանինովյան, շոպենյան ոճ է: Մեծ ուրախությամբ եմ ստանձնել Ալեքսեյ Շորի ստեղծագործության համաշխարհային պրեմիերայի կատարումը և հույս ունեմ, որ ապագայում հայ հանդիսատեսին դարձյալ կներկայացնեմ որոշ գործեր Շորից»։
Դիրիժոր Գևորգ Մուրադյանը, խոսելով «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի մասին, նշում է, որ այն խթանող ուժ ունի և երաժիշտներին ստեղծագործելու, արարելու հնարավորություն է տալիս։
Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։